Խորհրդարանն ընդունեց հանրաքվե անցկացնելու որոշումը

0
174

ՀՀ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց 88 կողմ և 15 դեմ ձայներով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի քվեարկությանը: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին:

Փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին, որպեսզի ՍԴ նախագահի ու դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը որոշվի հանրաքվեի միջոցով: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց 87 ձեռնպահ և 36 դեմ ձայներով:

«Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրավունք ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները: Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկրի հետ պահել անցանկալի ցնցումներից»,- նշել էր Մակունցը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here