Ազգային ժողովում վերսկսվեց արտահերթ նիստը: Քննարկվում է Սահմանադրական փոփոխության նախագիծը, որի հիմնական զեկուցողն «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանն է:
Նշենք, որ նոր արտահերթ նիստի մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցությունը 20 րոպե ընդմիջում էր խնդրել:
Ավելի վաղ՝ առավոտյան, մեկնարկից րոպեներ անց ավարտվել էր արտահերթ նիստը, որի օրակարգը հաստատվել էր նախօրեին: Պատճառը, ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախաձեռնողի կողմից օրակարգում ընդգրկված նախագծերի հետկանչն էր։
Կեսօրին ԱԺ խորհուրդը որոշեց նոր արտահերթ նիստ անցկացնել ժամը 13:00-ից:
Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ պատգամավորների ¼-ի նախաձեռնությամբ ներկայացված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նկատեց, որ հանրությունն այլևս չի վստահում Սահմանադրական դատարանին և դա փաստ է, և ոչ ոք չի կարող ժխտել։
«2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո, ըստ էության, որքան էլ ցավալի է, բայց փաստ է, որ Հրայր Թովմասյանը շարունակեց հանդես գալ որպես իր քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Նա շարունակեց հանդես գալ որպես քաղաքական ընդդիմադիր ՀՀ ժողովորդի կամքով ընտրված իշխանություններին»,- նշեց Հովակիմյանը։
Նա նկատեց, որ այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունն ամեն ինչ արել են ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Հովակիմյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու սույն նախագիծը և առաջարկելու է քվեարկության դնել ՍԴ նախագահին պաշտոնից հեռացնելու նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։
ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցերին, ասաց, որ ներկայիս Սահմանադրական դատարանը կազմավորված չէ 2015-ի խմբագրությամբ Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան:
«Մենք այսօր չունենք 2015 թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխին համապատասխան ՍԴ: Եվ եթե իրավիճակը մնա այսպիսին, մենք առաջիկա 15 տարիներին այդպիսին չենք ունենալու»,- նշեց Վահագն Հովակիմյանը:
Արձագանքի ժամանակ Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց. «2015-ին դուք եղել եք լրագրող, այդ ամենը ընկալում եք այնպես, ինչպես նախկինո՞ւմ եք ընկալել, որպես լրագրող որևէ հրապարակմամբ այդ ժամանակ անդրադարձե՞լ եք ՍԴ կազմավորմանը»,- ասաց նա:
Ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավորի հարցին, Վահագն Հովակիմյանը նշեց. «2015 թ.-ին ես այլևս լրագրող չէի, ժողովուրդ օրաթերթի փոխխմբագիրն էի: Դուք պետք է թերթեք «Ժողովուրդ» օրաթերթի համարները և հաստատ այնտեղ բազմաթիվ հրապարակումներ կգտնեք, բազմաթիվ խմբագրականներ կգտնեք այդ թեմայով»:
Գևորգ Պետրոսյաը նաև հարց բարձրացրեց, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծում ասվում է ՍԴ դատավորների լեգիտիմ չլինելու մասին, այդ դեպքում ինչո՞ւ էր իշխանությունը «արտոնյալ պայմաններով» վաղաժամ թոշակի ուղարկում ՍԴ դատավորներին: Հարցին արձագանքելով՝ Սահմանադրական փոփոխությունների հեղինակն ասաց. «Դա պարզված ձեռք էր ՍԴ դատավորներին, դա պարզված ձեռք էր ճգնաժամը լուծելու ուղղությամբ, ինչը իրենք այս պահի դրությամբ դեռ չեն բռնել»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: