Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում այսօր հրապարակվել է օրենքի նախագիծ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և անդամների պաշտոնավարումը։
Նախագիծը բաղկացած է երկու հոդվածներից.
«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
2. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:»:
Հոդված 2. Սահմանադրության սույն փոփոխությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Համաձայն նախագծի հիմնավորման՝ «ՍԴ ներսում և դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության և իրավական որակների համար»:
«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում», — նշված է հիմնավորման մեջ։
Ըստ օրինագծի հեղինակների՝ ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաև ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ. — «ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչև 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչև 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով»:
«Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության և դրա նկատմամբ հանրության և իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը և 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձևավորումն է», — ասված է հիմնավորման մեջ։
Հաջորդ խնդիրը, ըստ նախագծի հեղինակների, «ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի և ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության». — «Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների և հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է և այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում»:
«7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների և Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձևավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով նպատակ ունի վերջնական և հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձևավորման խնդրին», — ասված է հիմնավորման մեջ։
Հիշեցնենք, որ միայն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանն են ընտրվել Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: