«Սասնա Ծռեր» խմբավորման անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը շարունակում են մնալ անազատության մեջ։ Խափանման միջոցի փոփոխման մասին բոլոր միջնորդությունները՝ առանց որևէ հիմնավորման, պարբերաբար մերժվում են դատարանի կողմից։
«Պատճառը պարզ է․ համակարգի համար նրանք են հակառակորդները, ոչ թե նախկին պարագլուխները և բանդան։ Ուղղակի, քանի որ Բիլյանն ու Բարսեղյանը շինծու կերպով մեղադրվում են սպանությունների մեջ, նրանց նկատմամբ մոտեցումն ավելի խիստ է»,- Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը։
Խմբավորման անդամներից Բիլյանին ու Բարսեղյանին, ապօրինի զենք-զինամթերք պահելուց, օգտագործելուց և ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում կատարելուց բացի, առաջադրվել է նաև երեք ոստիկանների սպանության մեղադրանքը։ Մասնավորապես, Արմեն Բիլյանը մեղադրվում է Գագիկ Մկրտչյանի սպանության, իսկ Սմբատ Բարսեղյյանը՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար։ Առաջադրված մեղադրանքները երկուսն էլ չեն ընդունում։
Նախորդ ամիս դատարանում իր հարցաքննության ժամանակ Սմբատ Բարսեղյանը կրկին հայտարարեց, որ ինքը որևէ կապ չունի մեղսագրվող հանցանքների, մասնավորապես երկու ոստիկաններ՝ Տեփանոսյանի և Վանոյանիի սպանությունների հետ․
«Արթուր Վանոյանին ես հորդորում էի, որ չկրակեր: Ասացի մի կրակի՝ քեզ ոչ մի բան չի պատահի, մի կրակի, ինքը պատասխան չհնչեցրեց, շարունակում էր կրակել, որից հետո գնացել եմ դեպի լայն միջանցքի հետնամաս, որն էլ արդեն իրենց տեսանելի չէր, նաև ինձ տեսանելի չէր իր գտնվելու վայրը և կրակել եմ պատի ուղղությամբ: Հենց գլխավոր միջանցքի վերջին պատի ուղղությամբ եմ կրակել: Ես իրեն, որ ամենասկզբից տեսել եմ, ինքը վազելով գալիս էր վրաս, որ ասում էի մի կրակի, քեզ ոչ մի բան չի լինի, տվյալ պահին ինքը մոտենալուց հետո նստած դիրքից էր կրակում, իմ զենքի դիրքը եղել է կրկին պատրաստ դիրքում: Կարող էի կրակել»,- ցուցմունքի ժամանակ նշել էր Բարսեղյանը։
Անդրադառնալով Յուրի Տեփանոսյանի սպանությանը, ամբաստանյալը բացառեց այն հանգամանքը որ ոստիկանի վրա կարող են կրակել ինքը կամ ընկերները։ Ըստ նրա՝ կրակել են, որ այդ միջոցով ոստիկաններին հրահրեն իրենց դեմ։
Արմեն Բիլյանը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Հոկտեմբերին նա դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և որևէ հարցին պատասխանելուց, միայն կրկին շեշտեց, որ Գագիկ Մկրտչյանի սպանության հետ որևէ կապ չունի․
«Էդ աճպարարական հնարքներով, որ մեղադրանքներն իմ վրա դրեցին, ես ընդհանրապես քննիչ կամ այլ անձ չտեսա: Ուղղակի թուղթը բերեցին, դրեցին, ասացին՝ պարո՛ն, խնդրեմ, գրել ենք քո փոխարեն ամեն ինչ: Ես առաջին օրվանից ասել եմ, որ մեղադրանքը չեմ ընդունում, որ այն շինծու է և շատ լկտի, սուտ մեղադրանք է: Այն ներկայացնող քննիչներին ասել եմ, որ դրա համար պատասխան են տալու: Դատարանում էլ բազմիցս կրկնել եմ, որ մեղադրանքը գրելու և ներկայացնելու համար անձինք պատասխան են տալու ՀՀ դատարաններում: Ես արդարության համար եմ պայքարել, և գնացել եմ ապստամբության իմ ժողովրդի համար, որի հետևանքով տեղի ունեցավ հեղափոխություն»,- նիստի ժամանակ հայտարարել էր Բիլյանը:
Արմեն Բիլյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խտրական մոտեցում է ցուցաբերվում։ Այս մասին դեռ ամիսներ առաջ փաստաբանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան, սակայն՝ մերժվել էր։ Փոստանջյանը կրկին պատրաստվում է դիմել, քանի որ նախորդը մերժվել էր անհիմն պատճառաբանությամբ․
«Կալանքի անօրինականությունն ակնհայտ է, քանի որ պետք է նշեն այն հիմքերը, որով պայմանավորված Բիլյանը պետք է մնա կալանքի տակ։ Կթաքնվի, կխուսափի, կկատարի մեկ այլ հանցանք կամ կխոչընդոտի, բոլոր այն հիմքերը, որոնք անհրաժեշտ են խափաման միջոց կալանքն ընտրելու համար, Բիլյանի պարագայում բացակայում է»,- նշում է պաշտպանը։
Հատկանշական է, որ դեռևս 2018 թվականին Պավլիկ Մանուկյանը դատարանում բավականին անսպասելի հայտարարություն արեց։ Մասնավորապես, նա նշեց, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը հրազենային վիրավորում է ստացել ոչ թե Բիլյանի, այլ Էդուարդ Գրիգորյանի պատահական կրակոցից;
Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե ինչու նախկինում չի բարձրաձայնել ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության հանգամանքների մասին, Բիլյանն արձագանքել է․
«Իմ դաստիարակությունն ու տղամարդկությունը թույլ չի տվել ավելին խոսել, սակայն ամեն տղամարդ պետք է ունենա բարոյականություն և համարձակություն, որպեսզի տեր կանգնի իր արածներին։ Ես իմ արածներին միշտ տեր եմ կանգնել և կանգնելու եմ»։
Վարուժան Ավետիսյանը Forrights-ի հետ զրույցում հերքում է Մանուկյանի խոսքերը։ Նա շեշտում է՝ Բիլյանն իսկապես այնտեղ չի եղել, բայց կոնկրետ ասել չի կարող, թե ում պատահական կրակոցից է վիրավորվել Գագիկ Մկրտչյանը։ Ավետիսյանի բնութագրմամբ՝ հեղափոխությունից հետո էլ դատաքննության փուլում ոչինչ չի փոխվել․
«Դատաքննությունն ընթանում ինչպես ծրագրել էր Սերժ Սարգսյանը։ Հեղափոխությունից հետո միակ փոփոխությունն այն է, որ մենք տանից ենք գնում դատարան, մնացածը նույնն է։ Մեղադրանքը նույնն է, մեղադրվողները նույնն են, դատախազն ու դատավորը նույնն են, ամեն ինչ էլ գրեթե նույնն է մնացել»,- ասում է Ավետիսյանը։
Նախորդ նիստին «Սասնա Ծռեր» խմբավորման համակիրները և հարազատները դատական նիստին ներկայացել էին Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկարներով պաստառներով և դատարանից պահանջում էին ազատ արձակել նրանց։
Սմբատ Բարսեղյանի քույրը՝ Լուսինեն, ևս կարծում է, որ հեղափոխությունը «Սասնա Ծռեր»-ին չի հասել։ Նա մի քանի վարկած է առաջ քաշում, փորձելով հասկանալ դրա պատճառը․
«Առաջինը՝ իրական հեղափոխություն մինչև օրս տեղի չի ունեցել, քանի որ այդ դեպքում ոչ միայն տղաների խափանման միջոցը փոխված կլիներ, այլև այդ քրեական գործը գոյություն չէր ունենա։ Իրական հեղափոխության դեպքում «Սասնա Ծռեր»-ը չէին կարող դատվել որպես քրեական հանցագործներ և հեղափոխության ժամանակ ազատ կարձակվեին։
Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանն իրոք ուզում էր հեղափոխություն անել, սակայն իր թիկունքում տեղի է ունենում հակահեղափոխություն, ինչի արդյունքում գործը չի քննվում ապստամբության հոդվածով,- կարծիք հայտնեց Լուսինեն։
Նա պարբերաբար տեսակցում է եղբորը, ասում է՝ Սմբատն այդտեղ արդարությունը պարզող դատավորություն չի տեսնում․
«Ասում է՝ ես դատի չեմ գնում, գնում եմ տեսակցելու իմ հարազատներին ու ընկերներին։ Դատավարություն այդտեղ չկա, չգիտեմ՝ ինչ թատրոն է»։
«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ շենքի գրավումից անցել է գրեթե 4 տարի, գործով անցնող 32 ամբաստանյալներից 30-ի խափանման միջոց կալանքը դեռ երկու տարի առաջ էր փոխարինվել ստորագրությամբ, պատգամավորների անձնական երաշխավորությամբ կամ գրավով։
Հավելենք, որ ի նշան Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը համաներում հայտարարեց: Համաներումն ազդում էր նաև «Սասնա Ծռեր» խմբավորման վրա, սակայն ունեցավ տարբերակված մոտեցում. համաներումը կազդի, եթե տուժողները կամ նրանց հարազատները չեն առարկի դրա դեմ: Հատկանշական է, որ Համաներման մասին օրենքում խուսափել էին օգտագործել «Սասնա Ծռեր» անվանումը:
Դատական նիստերի ընթացքում՝ գործով անցնող տուժողների կամ նրանց իրավահաջորդների մեծ մասն առարկեցին, որ խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի.
Այսօր դեռ շարունակվում է «Սասնա Ծռեր» քրեական գործի քննությունը: Այս պահին շարունակվում է գործով անցնող մեղադրյալների հարցաքննությունը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: