Քննչական կոմիտեն չի հրաժարվել ինքնասպանության վարկածից

786

Քննչական կոմիտեն ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ այսօր ձերբակալել է երեք անձի՝ Ավագյանի համածառայակիցներ Դավիթ Մովսիսյանին, Խաչիկ Գասպարյանին, Սպարտակ Ավետիսյանին:

Ըստ ՔԿ խոսնակի, նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով` այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»: Հիշեցնենք նաև, որ մինչ այդ հաղորդվում էր որ գործը հարուցված է միայն մեկ հոդվածով. «Ինքնասպանության հասցնելը» /Քր. Օր-ի 110-րդ հոդված/:

Դավիթ Առաքելի Մովսիսյանը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ական Առաքել Մովսիսյանի որդին է, որի հետ Վահրամը ծառայում էր:  Նրա անունը արդեն երեք օր է, շրջանառվում էր Հայթաղում: Համայնքի բնակիչները համոզված ասում էին. «Շմայսի տղեն ա խփել երեխուն, պատասխան ա տալու»: Առաքել Մովսիսյանին խնդրեցինք պատասխանել, թե ինչ է կատարվել՝ ճիշտ է, որ իր որդին բանակայինի է խփել. «Ձեր որդու հասցեին մեղադրանքներ են հնչում, որ նա բանակայինի է խփել, թե ի՞նչ է արել: Ի՞նչպես կմեկնաբանեք: Շմայսը պատասխանեց իր ոգով. «Դե լավ, արդեն բարախլիտ եք անում, խփել ա, թե ինչ ա արել, անցանք, դավայ»:

Մամուլում արդեն հնչում են այն գեներալների, մեծահարուստների անունները, ում որդիները ծառայել են Արցախի այդ էլիտար զորամասում՝

Ըստ auroranews.am-ի չհերքված տեղեկությունների, նրանք դիրքեր չեն բարձրացել, մյուսներից «նալոգ» են հավաքել, ահի մեջ են պահել զորամասի ղեկավարությանը:

Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի մահը ոտքի հանեց նրա հարազատ գյուղը: Չորս օր Արմավիրի մարզի Հայթաղը համայնքը ալեկոծվում էր: Բանակում ընդամենը 6 ամիս ծառայած զինվորի հոգեհանգիստն ու հուղարկավությունը նման էին ինքնաբուխ բողոքի ակցիայի: Գյուղացիները որպես ապտակ էին ընկալել Քննչական կոմիտեի նախնակալ վարկածը՝ ինքնասպանություն, և արդարություն էին պահանջում պետությունից, բանակի ղեկավարությունից, օբյեկտիվ ու արժանահավատ քննություն էին պահանջում, երդվում էին, որ հակառակ դեպքում ամբողջ գյուղով գնալու են Պաշտպանության նախարարություն:

Ալեկոծված բազմությունը պատկերող կադրերը մի քանի ժամում տարածվեցին համացանցով: Արդյունքը այն էր, որ կիրակի՝ փետրվարի 2-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցեցին Վահրամ Ավագյանի հուղարկավորությանը, փորձելով իրենց ներկայությամբ մեղմել գյուղացիների զայրույթը, ինչպես նաև կանխել տղայի մարմինը ՊՆ շենքի մոտ տանելու նրանց ծրագիրը:

«Սա ինքնասպանություն չէ ինձ համար, սրանից ավելին ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Ես հետեւելու եմ էս գործին»,- սա միակ պատասխանն էր, որ Տոնոյանը տվեց մահացած զինվորի հարազատներին:

Տրամաբանական հարցեր են ծագում. ո՞րն է նախարարի վստահության հիմքը, արդյո՞ք մահվան մյուս դեպքերը, որոնք ինքնասպանություն են որակվել և որոնք աղաղակող խախտումներով են քննվում, նախարարի համար ինքնասպանություններ են: Ինչ է հայտնի նախարարին նախաքննության ընթացքից, և ինչու այն, ինչ հայտնի է նախարարին, գաղտնի է պահվում հանրությունից: Առհասարակ, ինչ կապ  ունի նախարար Տոնոյանը զինդատախազության վարույթների հետ, եթե նրա ելույթից հետո անմիջապես մարդիկ են ձերբակալվում: 

2018 թվականի մայիսին Երևանի Նուբարաշենի զորամասում մահացավ 28-ամյա կապիտան, հնաբերդի բնակիչ, Հմայակ Հակոբյանը: Նրա մարմինը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վերքով, հայտնաբերել էին վաշտի ննջարանում: Կապիտան Հակոբյանը, ինչպես և Վահրամ Ավագյանը, մահացու վերք էր ստացել կրծքավանդակի շրջանում, կրկին ավտոմատով: Դեպքից երկու օր անց, մայիսի 28-ին, Սարդարապատում, լրագրողների հարցերին պատասխանելով, նախարար Դավիթ Տոնոյանը առաջ ընկնելով քննությունից, հայտնեց.

«Նախաքննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է եւ ոչ միշտ է կապված բանակի հետ»: Գործը փակեցին «Ինքնասպանության» հոդվածով:  Ինչպե՞ս է նախարարը որոշում, թե որ դեպքում է զինվորը ինքնասպան եղել և որ դեպքում է կատարվածը սպանություն: 

Բայց Դավիթ Տոնոյանը հարցեր չի սիրում: Նրա զգացմունքային պնդումները տեսախցիկների առաջ՝ «էս բանի համար, էս պահվածքի համար ես որպես նախարար էլ չեմ լինելու», կամ՝ «ես իմ հակառակորդի աչքերին էլ չեմ կարա նայեմ», անհեթեթ են հնչում գոնե այն պատճառով, որ զգացմունքային նախարարը զոհվածների ծնողների համար ընդունելություններ չի անում, նրանց աչքերին նայելուց խուսափում է:

Երեկ ոստիկանները մի կերպ կասեցրեցին մահվան թափորի երթը դեպի ՊՆ: Իսկ այսօր պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջին ինչ-որ մեկը հիշեցրել է. «Բանակն ուժեղների համար է։ Ուժեղները չեն հանձնվում, չեն պարտվում, հավատում են սեփական ուժերին, հաղթանակին ու պայքարում են մինչեւ վերջ»: Դիվային ակնարկ է հնչում այս տեքստում, ուժեղների և թույլերի, շմայսների բալաների ու շարքային աղքատ զինվորների, որոնց զինդատախազությունը հաճախ ինքնասպան է կարգում:

Գյուղացիների ըմբոստությունն այս անգամ  արդյունք ունեցավ: Նախարարի՝ «Ինձ համար սա ինքնասպանություն չէր» արտահայտությունը, հավանաբար, ազդեց դատախազության, քննչական մարմինների վրա: Քննչական կոմիտեն ձերբակալեց Շմայսի որդուն ու ևս երկու զինծառայողի: Բայց որքանով է այս արդյունքը շոշափելի, դժվար է ասել: Նկատենք, որ  ինքնասպանության վարկածից Քննչական կոմիտեն դեռ չի հրաժարվել:

Սյուզան Սիմոնյան