«Բանակում մահվան դեպքերի առաջին պատճառը անպատժելիությունն է․ Քննչական կոմիտեն թրիլլերի մակարդակի սցենարներ է գրում»

677

«Արտառոց իրավիճակ էր և շատ զարմանալի էր՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը կարմիր բերետավորներին տարել անտեղ։ Ինչ էին ուզում անել․ այսինքն նրանք ասում են, որ անհավասարակշիռ էին մարդիկ»։ Այս մասին «2020-ին 4-րդ մահվան դեպքն է գրանցվում զինված ուժերում․ինչու չի հաջողվում ապահովել կյանքի իրավունքը բանակում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։

Նշենք, որ երեկ առավոտյան հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները Ավագյանի դագաղը ցանկանում էին մայրաքաղաք բերել՝ պնդելով, որ տղան ինքնասպան չի եղել, նրան սպանել են, իսկ ոստիկանները նրանց չէին թողնում Երևան շարժվել:

«Մարդիկ անհավասարակշիռ չէին, մարդիկ արդարություն և բացատրություն էին ուզում, որ ՊՆ-ն բացատրություն տա, թե ինչպե՞ս կարող է զինվորը զորքի առաջ ինքնասպանություն գործի»,-ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանը մանրամասնեց, որ ինքը  խոսել է զորամասի հրամանատար Նիկոլայ Մխիթարյանի հետ․

«Նա ինձ ասաց, որ դա եղել է զորքի առաջ, այսինքն զորք ասելով այդ 35-40 զինծառայողների մոտ, ովքեր հրաձգարանում էին՝ վարժանքների էին։ Ես ասում եմ, ինչպե՞ս կարող եք դուք հրամանատար լինել, երբ զորքի առաջ ինքնասպան է լինում, և որևէ մեկը չի կարողանում օգնել այդ տղային»,-նկատում է իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝  բանակում մահվան դեպքերի առաջին պատճառը անպատժելիությունն է․

«Քննչական կոմիտեն թրիլլերի մակարդակի սցենարներ է գրում․ հարազատներին բարկացրել էր այն  հանգամանքը, որ լրատվամիջոցների միջոցով նախապես տարածում են ինքնասպանության վարկածը»,-ասաց նա։

«Ես ուզում եմ հասկանամ, որտեղ է զինվորական դատախազը, գյություն չունի՝ ինչ որ ընդհատակում է աշխատում, որ գար պաշտպանության նախարարի հետ կանգներ՝ ՊՆ-ն էր այնտեղ քրեաիրավական գնահատականը տալիս և ոչ թե Զինվորական դատախազը»,-վրդովված նկատեց իրավապաշտպանը։

Դեպքերը շարունակում են կրկնվել, որովհետև ոչ ոք չի մտածում, որ այդ զինվորը կարող էր լինել իր որդին․ «Զինվորը ծանր վիճակում է բանակում։ Եթե մենք դատարաններում տեսնում ենք, որ մահվան դեպքերի համար պատասխան է տալիս մեկ այլ շարքային զինվոր  և  որևէ այլ հրամանատարական կազմից որևէ չկա․ էսպես թիրախ է զինվորը, որ կամ պետք է սպանեն կամ դատարանի առջև պատասխան տա»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ցավալի գնահատեց այն հանգամանքը, որ զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով 3 ձերբակալվածների մասին լուրը Քննչական կոմիտեն հրապարակեց հարազատների և համագյուղացիների կողմից բողոքի ալիք բարձրացնելուց հետո միայն․

«Ուզած թե չուզած պետք է արձաագրենք, որ Քննչական կոմիտեն միայն բողոքի ցույցերից հետո որոշեց ակտիվություն և ջանքեր դրսեվորել հայտնաբերել կասկածյալներին։ Այս հայտարարությունն նպատակ ուներ հույզերը հանդարտեցնելու»,-ասաց նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ զինծառայողների մահվան դեպքերը հիմնականում աձակուրդից հետ վերադառնալուց հետո է արձանագրվում, ինչը կասկածելի է․

«Բանակում շարունակական խրոնիկ խնդիրներ կան, որոնք լուծում չեն ստանում»,-նկատեց իրավապաշտպանը։

«Մենք 5 մահվան դեպք ունենք, որոնք որակված են ինքնասպանություն, բոլորը եղել են արձակուրդից վերադառնալուց հետո, ինչպես այս դեպքը․ բանակում դրված է «նալոգ» և տնից վերադառնալուց հետո գումար են պահանջում զինվորից», — ասաց Ժաննա Ալեքսանյանը։

Արթուր Սաքունցն էլ նկատեց, չկան ջանքեր նման դեպքերը կանխարգելելու համար․

«Համակարգային լուծում չկա, մենք չենք տեսնում զինվորական կարգապահության ապահովման, խտրական վերաբերմունքի վերացման ուղղությամբ որևէ հայեցակարգ մշակված լինի»,-ասաց նա։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանի կարծիքով այս ինքնասպանությունները և անպատժելիությունը իրավապահ և դատական համակարգի բացակայության հետևանք է․«Քննիչները չունեն կամք բացահայտելու դեպքերը»։