Հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իրավապահ համակարգում իր աղբյուրները, դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։

Ըստ նախնական տվյալների նա ջրում մնացել է մոտ յոթ օր։ Հայտնաբերվածը տարեց տղամարդ է։ Հատկանշական է, որ դին հայտնաբերել են մի քանի որ առաջ, բայց փաստի մասին, որևէ տեղեկատվություն չի եղել։ Ավելին, գործը Սևանի քննչական բաժնից սեղափոխվել է Երևան։

Մեր աղբյուրի հավաստմամբ, այս գործը պահվում է խիստ կոնֆիդենցիալության պայմաններում։

Նշենք, որ ըստ նախնական վարկածի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ով մարտի 1 գործով առանցքային վկա էր, ինքնասպանություն է գործել իր ամառանոցում։ Ըստ նախաքննության, ինքնասպանության ժամանակ ամառանոցում եղել է մի մարդ։ Արդյոք դա եղել է մահացած պահակը, մեր աղբյուրը չմանրամասնեց։

UPDATE.

Քննչական կոմիտեն քիչ առաջ արձագանքեց և, ըստ էության, հերքեց կայքի ինֆորմացան, ինչից քիչ հետո Infoport-ը հեռացրեց նյութը․

«infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Միայն հավելենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, իր ամառանոցում հայտնաբերվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին։

Քննչական կոմիտեի կայքում գտանք Հարությունյանի կողմից մատնանշած դեպքը։ Ըստ հաղորդագրության, 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում: Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանություն) հատկանիշներով․

«Այս պահին գործը նախաքննության փուլում է։ Գործով անցնող մեղադրյալ չկա։ Միայն հավելեմ, որ այս երկու դեպքերն իրար հետ որևէ առնչություն չունեն»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Նաիրա Հարությունյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest