Արդեն տևական ժամանակ է ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»-ի դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ բռնության անթաքույց կոչերով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։

«Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին և խեղաթյուրում են մեր և մեր գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը։ Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախը»,-նշեց Լարիսա Մինասյանը։

Նա նշեց, որ մինչ այս պահը ձեռնպահ են մնացել հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալուց, այդ արշավը համարելով ռևանշիստական և հետադիմական ուժերի սարդանք, կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս.

«Վերջին ամիսներին նկատում ենք, որ որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ ներգրավվել են այս ապատեղեկատվության և զրպարտության տարածման գործընթացին՝ շրջանառելով կեղծ լուրեր և թողարկելով հարցազրույցներ, որոնք անթաքույց ակնհայտ ստեր են մատուցում հանրությանը»,-ասաց Լարիսա Մինասյանը։

Հիմնադրամի գործադիր տնօրենը ներկայացրեց լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից  մի քանիսը․

«Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով և Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում: Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ: Հիմնադրամը  ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը:
Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երբևէ չի ֆինանսավորել:

Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:
Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են նշված անձինք:

Սուտ: Հիմնադրամը կապ ունի  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:
Փաստ: Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի  «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել և չի աջակցում որևէ կուսակցության:

Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:
Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է:  Մասնավորապես, դեռևս 2010-11 թթ-ին ՀԱԵ Արմավիրի թեմը   հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու  նպատակով։

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:
Փաստ:  Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որևէ մեկը:

Սուտ: Ջորջ Սորոսը և Հիմնադրամը քարոզում են աբորտները:
Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միևնույն ժամանակ Հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որ իրացնում են կամավոր եւ ինքնուրույն:

Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների  քարոզը»:   
Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբևէ նման քարոզ չի իրականացվել:

Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:
Փաստ: Հիմնադրամը երբևէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել և պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը»,- նշեց Մինասյանը։

Նա անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսում հիմնադրամի վերաբերյալ հարցին ի պատասխան արված մեկնաբանությանը․

«Ես շատ բարձր գնահատեցի այն, որ վարչապետը ներկայացրեց, թե ում կողմից և ինչ նպատակներով է այս արշավը սկսված։ Վստահությունը, որ մեր հանրությունը ձեռք է բերել հեղափոխությունով, նպատակ կա այն խարխլել։ Թե ո՞վ է դա անում և ինչո՞ւ է անում, հստակ հնչեց։ Մեր հիմնադրամի լեգիտիմությունը Հայաստանում մեր՝ թափանցիկ, բաց և հաշվետու ձևով աշխատելն է, և ոչ թե այն, որ նախկինում չեն փակել մեր հիմնադրամը»,- ասաց Լարիսա Մինասյանը։

Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել են Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Հիմնադրամներն ամբողջ աշխարհում աջակցում են անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, արտահայտման ազատության, հաշվետու ու թափանցիկ կառավարման, արդարության և հավասարության համար:  

Հայաստանում հիմնադրամն իր  գործունեությունը սկսել է 1997 թ-ին և այդ օրվանից աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող  կազմակերպություններին, հետաքննող լրատվամիջոցներին, ընտրությունների ու պետական/հանրային/համայնքային եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններին: Հիմնադրամն ուղղակի և անփոխարինելի ներդրում ունի ՀՀ-ում մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների տարածման գործում և հպարտությամբ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքը:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest