Սահմանային իրավիճակը կայուն է։ Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Մեր սպառազինությունը և այն կարողությունները, որ անհրաժեշտ են Զինված ուժերին իրենց խնդիրները կատարելու նպատակով՝ ավելացված են։ Ես ռազմական գաղտնիք չեմ բացի, բայց տասնյակ տոկոսներ են։ Այսինքն մեր կարողությունները բավականին մեծացել են»,-նշեց նա։
Տոնոյանի փոխանցմամբ՝ զորամասերի 40 տոկոսից ավելի անցել են սննդի ապահովման նոր ձեւաչափին։
Հարցին՝ այս տարի 100 տոկոսով կանցնեն սննդի ապահովման նոր համակարգին, նախարարն ասաց․ «Անում ենք ամեն ինչ, որ դա իրականացվի։ Կազմակերպությունները շատ են, տարբեր խնդիրների առաջ ենք կանգնում, նորմալ է, ընթացքում է, աշխատանքային է։ Փորձնական ծրագիրը, սակայն, հաջողված էր, մեզ համար նույնիսկ անսպասելի հաջողված»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՍՈՒ-30-երի մյուս խմբաքանակը ե՞րբ կհասնի, նա կարճ պատասխանեց․ «Շուտով»։
Հարցին՝ այս տարի ինչ ակնկալել, ինչպես դուրս կգա բանակը իրավիճակից, Տոնոյանն ասաց․ «Առավել, քան ուժեղ»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչ է հիշում իր ծառայությունից, որին Տոնոյանը պատասխանեց․ «Շատ տարբեր բաներ։ Առաջին դժվարություններն են, որ տպավորում են իհարկե․ առաջին համազգեստ հագնելը, առաջին անհարմար ճտքակոշիկները՝ սապոգները, պարտյանկեք ունեինք եւ այլն»։
Նախարարն անդրադարձավ նաև օրեր առաջ Արցախում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով զինվորներից մեկը ծանր վիրավորվել է։
Ըստ նախարարի՝ վիրահատությունից հետո նա գտնվում է վերահսկողության տակ, իսկ վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Հարցին, թե վերջին միջադեպերով ծառայողական քննություններն արդեն ավարտվե՞լ են, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ծառայողական քննությունը ներքին քննություններն են, իսկ քանի որ ծանր դեպքերով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի կողմից՝ Դատախազության վերահսկողության ներքո, ապա զուգահեռ գործընթացներն ընթանում են, ավելին չեմ կարող ասել»։
Դիտարկմանը, թե արդյոք հրամանատարական կազմից պատժվողներ եղել են, նախարարը նշեց, որ կրտսեր հրամանատարական և ավագ հրամանատարական կազմին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում. «Ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով՝ դա նախաքննության արդյունքում է պարզվում»
Լուսանկարը՝ panorama.am-ի
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: