«Եթե մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով կբացահայտվի»

303
նիկոլ

Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ԱԱԾ նախկին տնօրեն Կուտոյանի մահվան գործի մասին։

«Իհարկե, շատ ցավալի դեպք է: Եթե չեմ սխալվում, Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ այսօր քննվում է, ինքնասպանության հասցնելն է: Եվ ես կարծում եմ, որ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները, և ես կարծում եմ, որ նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ և 100 տոկոսով բացահայտվի: Ես էլի ասել եմ և ասում եմ, որ երաշխավորում եմ, որ կառավարությունը իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործը, ինչպես նաև մնացած բոլոր գործերը մինչև ամենավերջին դետալը բացահայտվի», — ասաց նա:

«Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ էսպիսի մի աղմուկ են բարձրացրել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ, Վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողը և ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստին և հուղարկավորության արարողությանը, մասնակցել է Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես նաև էլի կառավարության և վարչապետի ներկայացուցիչ: Իսկ ի՞նչ պետք է աներ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Իսկ ի՞նչ պետք է աներ ուրիշ կառավարությունը, և էլ չեմ ասում, թե ինչո՞ւ նույն այդ մարդիկ նույն հարցը չէին բարձրացնում, երբ որ Հայկ Հարությունյանի հետ կապված էր դեպք տեղի ունեցել: Այսինքն՝ նրանք, ի՞նչ, վերաբերմունքի տարբերություններ ունեն», — Հայաստանի վարչապետը:

Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել, ընդ որում այդ պաշտոնյաները պաշտոնավարել են բավականին առնվազն վիճահարույց շրջաններում, և մենք պատշաճ, կարծում եմ, ինչ որ պիտի արվեր, արվել է, և անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»:

Քիչ անց վարչապետը կրկին անդրադարձավ Գեորգի Կուտոյանի մահվան գործին՝ պատասխանելով պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին. — «Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետև ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանության ներկայացուցիչները մեկնել են դեպքի վայր, իմ միակ հրահանգը եղել է հետևյալը՝ հնարավորինս օպերատիվ տեղ հասնել և պահպանել դեպքի վայրը, այսինքն՝ դեպքի վայրը պահպանել, որպեսզի որևէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հնարավոր հանցանշանները պահպանվեն, որ քննությունը հնարավորինս արդյունավետ ընթանա: Դա եղել է իմ միակ հրահանգը ոստիկանությանը, և հիմա որքանով է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, դա, իհարկե, քննության ընթացքում կպարզվի:

Կա՛մ Գեորգի Կուտոյանին, կա՛մ որևէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք է իրավական հիմք: Ենթադրենք՝ այդ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով մտնում էին իրավապահ մարմինները և դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք՝ դրանից հետո ինչ էր լինելու. ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով էր հսկողություն սահմանվել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, ընդդիմության հետապնդում են և այսպես շարունակ: Պետք է իրավական հիմք լինի: Ամեն ինչ չէ, որ իշխանությունը կարող է միշտ բոլոր մարդկանց գործողությունները վերահսկել, նույնիսկ ամենատոտալիտար համակարգերում, էլ չեմ ասում ժողովրդավարական համակարգերում: Դա ողբերգություն է, որը տեղի է ունեցել, և մեզ մնում է, որ եթե նաև մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, այս գործը 100 տոկոսով իր բոլոր հանգամանքներում կբացահայտվի: Մենք ցավում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների ինքնասպանության համար: Ոստիկանությունը կամուրջների շուրջ էլ հերթապահություն է անում, բայց, ցավոք, միշտ էլ լինում են ինքնասպանության դեպքեր, ցավոք», — ասաց Նիկոլ Փաշինյանը: