Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու դիմումը կքննի զինվորական դատախազությունը

0
324

ՀՀ գլխավոր դատախազությունը ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի գործը վերանայելու հարցով դիմումն ուղարկել է զինվորական դատախազություն․

«Երբ Գլխավոր դատախազությունն ամիսներ առաջ տեղեկացրեց, որ 2008 թվականի մարտի 1-ի գործերով դիմել է Վճռաբեկ դատարան՝ վերանայման վարույթ հարուցելու պահանջով, ես էլ իմ հերթին դիմեցի Դատախազություն՝նշելով բոլոր այն փաստերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Արթուր Քոչարյանի գործի վերաբացման համար։ Նրա գործի փաստական հանգամանքներն ինչո՞վ են պակաս, որ Դատախազությունը քայլեր չձեռնարկի,- Forrights-ի հետ զրույցում ասաց ՀՔԱՎ փաստաբան, Արայիկ Զալյանը՝ հավելելով,- չի մերժվել, դա արդեն իսկ լավ է, մնում է տեսնենք՝ ինչ կստացվի դիմումի քննարկումից հետո»։

Փաստաբանը վկայակոչում է Վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնցում հստակ սահմանվել են դեպքերը, երբ մեկ անձի ցուցմունքով չեն կարող մարդուն դատապարտել, այն էլ՝ ցմահ, իսկ Արթուր Քոչարյանի գործը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա․

«Մենք բոլորս էլ գիտենք, թե Ջհանգիրյանի՝ զինվորական դատախազ եղած տարիներին ինչպես են քննվել գործերը»։

2005 թվականին  ծառայակցի սպանության մեջ մեղադրված և ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի գործով պաշտպանը նախորդ տարվա մարտ ամսին վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ գործը վերանայելու պահանջով, իսկ վճիռ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ: Բողոքը մերժվել էր առանց  հիմնավոր պատճառի․

«Բարձրացված ոչ մի իրավական խնդրին Վճռաբեկը գնահատական չի տվել, փոխարենն ուղարկել է մերժման մասին իրենց երկու էջանի շաբլոն պատասխանները։ Գոնե անդրադառնան, ասեն՝ Դուք սխալ եք ասում, ճիշտ չեք մեկնաբանում, բարձրացված այս կամ այն հարցին այլ տեսանկյունից եք մոտենում, բայց՝ ո՛չ, ոչ մի հստակ պատասխան»,- ասում է պաշտպանը։

Գործով քննության ընթացքում Արթուրից ընդհանուր առմամբ վերցրել են 14 փորձանմուշ, որոնց փորձաքննության արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել: Գործով անցնող ապացույցներում կցված են Արթուրի հեռախոսազանգերի քաղվածքները, որոնք վկայում  են, որ սպանության ժամին նա հեռախոսային զրույցի մեջ է եղել հարազատների հետ: Գործով կա նաև վկա, ով տեսել է, թե ինչպես է հեռախոսազանգից հետո Արթուրը գնացել ննջասենյակ ու քնել, սակայն վեջինս դատարան այդպես էլ չի հրավիրվել։

Հիշեցնենք, որ 2004 թվականի սեպտեմբերի 21-ին Արցախի «Մարտունի 2» զորամասի պարսպից կախված վիճակում հայտնաբերվում է ժամկետային զինծառայող Արթուր Մեսրոպյանի դին։ Նույն օրը երեկոյան Արթուր Քոչարյանին ու ևս 30 զինծառայողի տեղափոխում են Արցախի Ռազմական ոստիկանություն: 20 օր այնտեղ պահվելուց, բռնության ենթարկվելուց և խոշտանգվելուց հետո, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրանց տեղափոխում են ռազմական ոստիկանություն և խոշտանգման ենթարկվում: Այս մասով պաշտպանական կողմը ևս հաղորդում է ներկայացրել, վարույթ էր հարուցվել ՀՔԾ-ում, սակայն՝ կարճվել․

«Դեռևս 2006 թվականի դատավճիռների մեջ դատարանում մարդիկ հայտարարում էին, որ իրենց խոշտանգել են։ Տարիներ են անցել, այսօր նրանք պետք է գային ու ավելի հանգիստ պատմեին խոշտանգումների մասին, սակայն՝ լռում են։ ՀՔԾ-ում Արթուր մասով խոշտանգման հանգամանքը չբացահայտվեց և գործը կարճվեց»,- նշում է Արայիկ Զալյանը։

Արթուրը դեռ 2004 թվականից է պայքարում կատարված անօրինականությունների դեմ. մշտապես բարձրաձայնում է, որ դատապարտվել է ազատազրկման՝ իր չկատարած հանցանքի համար: Նա խոստովանական ոչ մի ցուցմունք երբեք չի տվել, իրեն առաջադրված հանցանքը մինչև այսօր չի ընդունում և չի ընդունի, քանի որ, ինչպես պնդում է, կատարված հանցագործության մեջ իր մեղքի բաժինն ընդհանապես գոյություն չունի:

«10 հատորանոց՝ 4000 թերթանոց քրեական գործում ոչ մի ապացույց չկա, որ ես կապ ունեմ դեպքի հետ: Եթե քրեական գործից հանենք Անդրանիկի տված մեկ թերթ ցուցմունքը, ապա գործում ամեն ինչ կսկսի իրար հակասել»,- նշում է Քոչարյանը:

Արթուրը պարզաբանում է, որ ազատ արձակվել չի պահանջում, այլ ուղղակի ասում է՝ վերանայեք քրեական գործը: Նա հույս է հայտնում, որ եթե մի օր հրաշքով ազատության մեջ հայտնվի, ապա կրկին շարունակելու է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցել իր անմեղությունը:

«Եթե վերանայման արդյունքում պարզվի, որ ես մեղավոր եմ, ես բառացի ասում եմ, գրավոր էլ կտամ համաձայնագիր՝ թող տուժող կողմն ինձ հրապարակավ գնդակահարի»:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here