Այսօր անասնաբուծությամբ զբաղվողները կրկին բողոքի ակցիա են սկսել։ Այս անգամ Արմավիրի և Արարատի մարզում` փակելով Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները: Նրանք դժգոհում են  հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից` նշելով, որ սպանդանոցները հեռու են, և մորթն իրականացնելու համար մեծ գումար է պետք ծախսել:

«Եկել, խնդրում ենք, որ թողես՝ կով պահենք։ Սաղ ազգով եկել ենք ու վարչապետի կողքն ենք կանգնել, բայց մի հատ մեկդ լուսամուտը չբացեց, ասեր՝ էս իմ հարիֆ, տանջվող գյուղացին է»,-այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչներից մեկը։ 

«Չեն լինելու սպանդանոցներ։ Կառավարության շենքում մի հոգի չկա՞ր. իրենք դիվան քշելով՝ եկան, նստեցին աթոռին։ Ես անասուն ունեմ, բայց անասնաբույժ չեմ տեսնում։ Չգիտեմ՝ անասունս առո՞ղջ է, թե՞ ոչ։ Տարա սպանդանոց, ասացին՝ հիվանդ է, ո՞վ է ինձ հատուցելու։ Եվրոպային են մատնացույց անում, բայց Եվրոպան փող է հատուցում այդ մարդուն»,- ասաց բնակիչը։

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ վստահելի չէ նոր որոշման գործելաոճը, քանի որ այն թույլ չի տալիս կենդանու մորթը տեսնել: «Մենք ձեզանից ոչ մի ավել բան չենք ուզում, ո’չ հայհոյում ենք, ո’չ վիրավորում ենք, մի «չոբանի» փայտ ունենք, ուզում ենք` չվերցնեք: Սպանդանոցը կառուցեք այն մարդկանց համար, որոնք 500-ից ավելի անասուն ունեն»,- ասաց նա: Ակցիայի մասնակցի խոսքով` անհնար է իրագործել այդ որոշումը, քանի որ հեշտ չէ կենդանիներին հեռու տանել:

Արմավիրի մարզում անասնաբույծների հետ հանդիպեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյան, որը նշեց` մարզում արդեն չորս սպանդանոց կա, և դրանք շուտով կգործեն, սակայն բնակիչները դեմ են:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր մարզի անասնաբույծները խնդիր չունեն»,- ասաց Արթուր Այվազյանը, սակայն բնակիչներից մեկը նշեց, որ դեմ է այդ հայտարարությանը, նա կոչ արեց, որ մարզի բոլոր բնակիչները գան ակցիայից և ցույց տան, թե խնդիրներն ինչքան շատ են։

«Առաջինը՝ ոչ ոք համաձայն չէ սպանդանոց կառուցելուն, երկրորդ՝ ֆիքսված 10 000 դրամին  համաձայն չենք, երրորդ՝ սպանդանոցների թիվն այնքան չէ, որ բավարարի բոլորին: Պահանջեք այն ժամանակ, երբ ամեն ինչ բալանսի կբերեք»,- մարզպետարանի ներկայացուցչին ասաց բնակիչներից մեկը։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Արմավիրի մարզպետի հետ հանդիպում են ուզում, սակայն նա փոխանցել է, որ չի կարող գալ։

Նշենք նաև, որ ակցիայի ընթացքում մարզում ոստիկանական մեծ ուժեր են բերվել:

Հավելենք նաև, որ այսօր գյուղացիները Արարատի մարզում ևս փակել էին մայրուղին, սակայն ավելի ուշ բացեցին՝ պայմանով, որ երեկոյան մարզպետարանում հարցի վերաբերյալ քննարկում է լինելու:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Pin It on Pinterest