Դատարանը ստանալով հաղորդումը հանցագործության մասին, ոչինչ չի ձեռնարկել

0
144

2019 թվականի մարտի 12-ին Մատաղիսի զորամասում սպանված զինծառայող Կարեն Կարապետյանի հարազատների ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնելով նրան, որ սպանության գործով նախաքննության մարմինը թերի քննություն է իրականացրել, ինչի մասին ինքը հաղորդում է ներկայացրել նաև գործը քննող Սյունիքի դատարան: Դատարանը, սակայն ստանալով իր հաղորդումը հանցագործության մասին, ոչինչ չի ձեռնարկել: 

Մարտիրոսյանը Կարապետյանի ծնողների անունից խնդրում է, որ վարչապետը ցուցում տա, որպեսզի այդ հաղորդումն ուղարկվի ՀՔԾ և դրան տրվի օրինական ընթացք։

«Միաժամանակ, խնդրում եմ ցուցում տալ Ձեր վերահսկողության ծառայությանը, որպեսզի սույն հաղորդումը վերցվի նրանց հսկողության տակ», — գրում է իրավապաշտպանը։

Նա վարչապետին հայտնել է նաև, որ իրական մարդասպանին պարտակում են, իսկ մարդասպան է նշանակված անձը՝ Արտյոմ Գրիգորյանը, իրականում անմեղ է և զորամասի «թույլ օղակ» էր: Ըստ զինվորների ցուցմունքների, Արտյոմը ավլում էր տարածքը, ամաններ էր լվանում:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական  վարկածի, Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով զորամասի ջոկի վարորդ, «խախտել է զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգի փողն ուղղել է դեպի շարքային Կ.Կարապետյանը, կատակով սեղմել է ձգանը, որի հետևանքով արձակված կրակոցից շարքային Կ.Կարապետյանին անզգուշությամբ պատճառել է մահացու հրազենային վիրավորում»: 

Ի դեպ, ի սկզբանե քրեական գործը հարուցվել էր սպանության հոդվածով, իսկ նախաքննության ավարտին այն փոխվել է:

Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին, մանրամասն ուսումնասիրելով քննիչների տրամադրած փաստաթղթերը, իրավապաշտպանը հայտնաբերել էր, որ կրակված է եղել ոչ միայն Գրիգորյանի, այլև Կարապետյանի զենքից, որ մահացածի մարմնին բռնությունների հետքեր կան, որոնք հասցված են եղել մահից 3-5 օր և վայրկյաններ առաջ, որ դեպքից առաջ զորամասում ծեծուջարդ է եղել, որ բոլոր զինվորների վրա, բացի երկու անձից, կան մարմնական վնասվածքներ: Սակայն կռիվն այդ  քննության առարկա չի դարձել:

Գործով նախաքննությունն իրականացնող քննիչ Ա․ Սեյրանյանի որոշմամբ, ձգաբանական փորձաքննություն կատարելու համար խծուծներ է վերցվել 5 զինծառայողների դաստակներից, քթանցքներից, ականջախեցիներից, սակայն փորձագիտական եզրակացության մեջ տրված է եզրակացություն միայն Արտյոմ Գրիգորյանից վերցված խծուծների մասով:

Մյուս զինվորներից վերցված փորձանմուշների վերաբերյալ եզրակացությունները գործում չկան:

«Նախաքննական մարմնի կողմից պարտակվել է: Անտրամաբանական ու անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ որոշում չի կայացվել խծուծներ վերցնել նշված մարտական հենակետում ծառայող մնացած 3 զինծառայողներից: Չի բացառվում, որ նախաքննական մարմնի կողմից ոչնչացվել են վերոհիշյալ զինվորների հետ կապված որոշումները» — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը։

ԼՂՀ Պաշտպանական բանակը ծառայողական քննություն է իրականացրել Կարեն Կարապետյանի սպանության գործով: Քննիչը դիմելով ՊԲ հրամանատարին, խնդրել է որպեսզի իրեն տրամադրեն նշված ծառայողական քննության նյութերը: Գործից երևում է, որ նյութերն այդ ստացվել են, սակայն քրեական գործին դրանք կցված չեն:

Ինչո՞ւ: Ի՞նչ վտանգավոր տվյալներ կան այդ նյութերում: Forright.am-ի հարցին Ռուբեն Մարտիրոսյանը պատասխանում է. «Պատճառն այն է, որ ԼՂՀ ՊԲ աշխատակիցները ծառայողական քննությամբ պարզել են, որ Ա․ Աղասյանի կողմից դեպքի վայրը ոչնչացվել է, մինչդեռ բուն քրեական գործի նյութերում նման փաստ արձանագրված չէ: Երկրորդը՝ նրանք պարզել են Կ․Կարապետյանի կողմից արձակված կրակոցի, կամ կրակոցների մանրամասները, որոնք հաստատված են ձգաբանական փորձաքննությամբ, և որը ամեն կերպ ձգտում է թաքցնել նախաքննական մարմինը»։

Որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Մարտիրոսյանն այս փաստերը հաղորդել էր գործը քննող դատավոր Գնել Գասպարյանին:

«Դատավորը մինչև դատաքննություն սկսելը, ըստ օրենքի, պետք է ծանոթանա գործի նյութերին, եթե դատավորը  ծանոթացել է, և այս թերությունները չի տեսել, ուրեմն, նա չունի համապատասխան մասնագիտական կարողություն նման ծանր գործը քննելու համար», — ասում է Ռուբեն Մարտիրոսյանը:

Այս գործը Սյունիքի դատարանը լսում է 2019 թվականի սեպտեմբերի վերջից:

Դատական վերջին նիստը հետաձգվել է տարօրինակ պատճառաբանությամբ՝ դատավոր Գնել Գասպարյանն արձակուրդում է: Փաստորեն, դատավորը նիստ է նշանակել և առանց այն անցկացնելու, գնացել է արձակուրդ:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here