Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

266

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Գեորգի Կուտոյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․

«Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Քննության ընթացքում ձեռք բերված հրապարակման ենթակա տվյալների վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղևորվել է Պարույր Սևակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին: