Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:

Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:

Կրթություն  2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

Աշխատանք 2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համակարգում:

2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

2016թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Արդարադատության առաջին դասի խորհրդական է: Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest