Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:
«Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել է կինը և հայրը: Նախնական, այն ինչ օպերատիվ ծառայողները մեզ ներկայացրեցին, կինն է հայտնաբերել դին: Դեռ հարեւանների հետ չենք խոսել: Տարածքն ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի ապացույց չկորցնենք: Ինքնասպանության վարկածով եւս աշխատում ենք»,-ասաց նա:
Մելիքյանը հավելեց, որ դեպքի վայրում զենք կա, սակայն չի կարող ասել՝ այն օրինական է, թե ոչ, քանի որ չի տեսել զենքը:
«Դատական բժիշկներ են մասնակցում, կպարզենք՝ քանի վնասվածք կա»,-ասաց նա:
Մնացած հարցերին Մելիքյանը պատասխանում էր, որ տեղյակ չէ, զննությունից հետո, մոտ 1-1,5 ժամ անց կկարողանա պատասխանել հարցերին:
Հավելեբք, որ դեպքի վայրում է նաև Հրայր Թովմասյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:
Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ:
Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: