Այսօր Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կքննի «Արմավիր» ՔԿՀ կալանավոր Վարդան Մաթևոսյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին ՔԿ քննիչ Արմեն Մաթևոսյանի դիմումը: Այս կալանավորը արդեն 2-րդ անգամ է հացադուլ հայտարարել՝ բողոքելով իր դեմ ներկայացված մեղադրանքի ու կալանքի որոշման դեմ:
Առաջին անգամ, ըստ ԱՆ ՔԿԾ-ի, Վարդան Մաթևոսյանը հացադուլ էր արել անցյալ նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 8-ը՝ 45 օր, ապա 6 օր անց՝ հունվարի 14-ին վերսկսել է հացադուլը ու այժմ հացադուլի մեջ է:
Մեր խմբագրություն դիմած նրա կնոջ՝ Ամալյա Մաթևոսյանի խոսքով՝ տևական հացադուլից հետո ամուսնու առողջական վիճակը ծայրահեղ է, քանի որ ամուսինը նաև ջրադուլ է անում:
«Ինձ բանտից փոխանցել են, որ Վարդանի վիճակը շատ վատ ա: Ինքն էնքան վատ վիճակում ա, որ անգամ քննիչը ուզել է տեղափոխի շենքից քննչական գործողություններ կատարելու համար, ինքն ի վիճակի չի եղել տեղաշարժվել: Ոտքերն ուռած են ջրազրկումից: Միայն առավոտյան փոքր ջրով «Մետադոլ» է խմում, որը ցավազրկող է, և սամոքսը քայքայվում է»,-փոխանցեց մտահոգ կինը:
ԱՆ ՔԿԾ-ի լրատվականից, մինչդեռ, Forrights.am-ին փոխանցեցին, որ չնայած տևական հացադուլներին, կալանավորի վիճակը նորմալ է, նա ադեկվատ վիճակում է:
Կինը շարունակում է պնդել, որ ամուսնու առողջական վիճակն ու հիվանդությունները համատեղելի չեն կալանքի հետ: «Հունվարի սկզբին բանտում մահացած կալանավորի բոլոր հիվանդությունները Վարդանի մոտ կան, որոնք ձեռք է բերել հենց կալանավայրում: Կալանքի հետ համատեղելի չեն իր հիվանդությւոնները, բայց ում դիմում եմ, ասում են՝ իրավասու չենք»,-դժգոհեց նա:
Ամալյա Մաթևոսյանը ամուսնու գործով դիմել էր գլխավոր դատախազին՝ խնդրելով վերանյանել Վարդան Մաթևոսյանի գործը: Վերջերս ամուսինը նամակ է ստացել դատախազությունից. «Նշված է եղել, որ դատախազն իր գործով զբաղվել է, իր հետ ինչ-որ գործողություններ է արել, բայց Վարդանը պնդում է, որ ոչ մի գործողություն, միջնորդություն չի եղել, ընդամենը դատախազ Արմեն Հակոբյանը եկել, ասել է՝ հացադուլից դուրս արի»:
ՄԻՊ-ից Ամալյա Մաթևոսյանին պատասխանել են, թե խնդիրը իրենց իրավասություններից վեր է՝ դատարանը որոշել է կալանավորի, կալանավորել է, Վարդանի որոշումն է՝ հացադուլի մեջ լինի, թե չլինի: «ՄԻՊ-ը ոչինչ չի անում այս հարցով»:
Ամալյայի ամուսինը նոյեմբերի 24-ին կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով մեղադրանքով: Կնոջ պնդմամբ՝ Վարդան Մաթևոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հացադուլ ու ջրադուլ է անում իր հետ առնչություն չունեցող մեղադրանքի պատճառով:
Վարդան Մաթևոսյանը նախկինում արդեն չորս անգամ դատված է եղել, սակայն կինը պնդում է, որ այս մեղադրանքը իրեն անհիմն է ներկայացվել, գործել է դատվածություն ունեցողի վրա գործ բարդելու իրավապահների ավանդույթը:
«Քննիչը իրեն ասել է՝ Վարդան շառով էլ լինի, պիտի դատվես, արի էս գործը վերցրու քո վրա, ես քեզ տղավարի խոսք եմ տալիս, դու մինչև դեկտեմբերի վերջ երեխուդ հետ Նոր տարի կանես տանը։ Ամուսինս չի ընդունել, դրա համար և հացադուլ, և ջրադուլ է անում»,-պատմեց կինը՝ մանրամասնելով, որ խոսքը ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Արմեն Մաթևոսյանի մասին է։
Ամալյան, որը 6 ամսական երեխա ունի ու վարձով է ապրում, 7.5 տարի սպասել է բանտից ամուսնու վերադարձին: Ամուսինը բանտից դուրս է եկել նոյեմբերի 20-ին: Իսկ նոյեմբերի 24-ին կրկին կալանավորվել է մի հանցանքի համար, որը, ըստ կնոջ, չէր կարող իրագործել բանտում լինելու ժամանակ:
«Իբր բերդից բիլայն համարներով զանգել, ապրանք է պատվիրել, գումարը չի տվել, 6 մլն 200 հազար դրամի մասին է խոսքը, բայց ինքը ասում ա՝ ես դա չեմ արել, էն ինչ արել է, խոստովանել է»,-հավաստիացրեց կինը։
«6 միլիոն 200 հազար կերած մարդու ընտանիքը ծայրահեղ ծանր պայմաններում կապրե՞ր: Ես անգամ կոմունալ վճարներ չեմ կարողանում անել: Իմ 6 ամսական երեխան կոշիկ ու կուրտկա չունի: Գնացել էինք Վարդանի մոտ և դուրս գալուց իմ հագի կուրտկայով եմ փաթաթել երեխուս»,-տարակուսանք հայտնեց Վարդանի կինը՝ շարունակելով. «Ես ահավոր ծանր հոգեվիճակում եմ՝ վարձով տան մեջ, փոքր երեխան գրկիս: Կոմունալ վճարներս չեմ կարողանում մուծել ու տանտերն էլ խնդրել է՝ ազատել բնակարանը»:
Ամալյան Մաթևոսյանն ասաց, թե ամուսինը ընդունել է իր նախորդ սխալները, բայց ոչ այս մեկը: «էս մեկը չի արել, իրան շառով են տվել՝ առանց ապացույցների։ Ասում է՝ լրիվ անարդար են իրեն դատում ու կալանավորել, փորձել են ցուցունք կորզել այլ անձանց դեմ»,-պատմեց կինը՝ հավելելով, թե ամուսինը ասել է հետևյալը․ «Հանցագործություն արած լինեմ, դատվեմ, բայց սա ես չեմ արել, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու: Սա Փաշինյանի ժամանակշրջանն է, անարդարություն չի լինելու»:
Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, որը ստանձնել է Վարդան Մաթևոսյանի պաշտպանությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք առարկել են մեղադրանքի և կալանքի որոշման դեմ.
«Ասել ենք, որ քննիչի կողմից բերված փաստական տվյալները բավարար չեն կալանք կիրառելու համար»,-նշեց նա՝ հավելելով, որ դատարանը մերժել էր իր բոլոր առարկությունները․ «Անգամ գրավի միջնորդություն էինք արել»։
Փաստաբանի խոսքով՝ Մաթևոսյանը չի ընդունում մեղադրանքը։ «Առարկություն ունենք և վիճարկում ենք նրա մասնակցությունը դեպքերին։ Մեղադրանքի հիմքում մի ձայնագրառում է դրված, որի հիմքն էլ ենք վիճարկում։ Ուղղակի նախաքննություն է հիմա, շատ բաներ չեն կարող ասել։ Բայց մենք էդ մեղադրանքը վիճարկում ենք»,-ասաց փաստաբանը։
Պաշտպանի խոսքով՝ զուգահեռ այլ վարույթներ էլ են քննվում Վարդան Մաթևոսյանի նկատմամբ։ Այս գործով՝ նրան վերագրվում է բանտից հեռախոսի միջոցով խոշոր խարդախության կատարում։ Եթե Մաթևոսյանը մեղավոր ճանաչվեց դատարանով, նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: