Պարույր Սևակի փողոցի շենքում՝ Գեորգի Կուտոյանի բնակարանում հնչած կրակոցները կտրուկ վերադարձրեցին մեզ նախահեղափոխական և նույնիսկ «նախասերժական» Հայաստան, երբ մեկը մյուսից հրեշավոր սպանությունների էին տեղի ունենում։ Հանրությունը ամեն անգամ ցնցվում էր, տեղեկանալով հերթական բարձրաստիճան պաշտոնյայի՝ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի, ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի, ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու, այլոց սպանությունների մասին։
Ամիսներ շարունակ հանրությունը սպասում էր խոստացված բացահայտումներին, որոնք, սակայն այդպես էլ չէին հետևում։ Ի վերջո, հանրությունը ընտելացավ «չբացահայտումներին»։ Այժմ արդեն ոչ ոքի չի զարմացնում, որ Բջնիի իր առանձնատանը 2019 թվականի սեպտեմբերի 23-ին մահացած Հայկ Հարությունյանի գործով նորություն չկա։ Պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է, որին հավատացող չկա։ Դեպքից անմիջապես հետո լուրեր շրջանառվեցին, որ սեպտեմբերի 24-ին Հարությունյանը պետք է հարցաքննվեր Մարտի 1-ի գործով և կալանավորվեր, և որ այդ մասին իրեն հայտնի է դարձել, և կալանավայրերի վարչության նախկին պետը իր համար անպատվություն համարելով փակված լինելը, կրակեց իր բերանի խոռոչի ուղղությամբ։
Վարկածն այս ՀՔԾ-ից հերքեցին, պնդելով, որ վաղեմության ժամկետը հաշվի առնելով, Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք չեն կարող առաջադրել։ Սակայն մինչ օրս նախաքննություն է ընթանում, հետևապես պարզություն այս գործում, կամ որևէ նոր պաշտոնական տեղեկություն այս գործով չկա։
Գերոգի Կուտոյանը, ըստ որոշ տեղեկությունների, սպանվել է նույն եղանակով, ինչ Հայկ Հարությունյանը՝ վնասվածք է ստացել բերանի խոռոչում, ինչը ենթադրությունների տեղիք է տվել, թե կատարվածը ինքնասպանություն է։ Այս վարկածը սկսեցին տարածել ԱԱԾ նախկին պետի դին բացահայտելուց րոպեներ անց։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը, սակայն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում: Նա ասաց նաև, որ Կուտոյանի սպանության վայրում հայտնաբերվել է օրինական պարգևատրման կարգով իրեն նվիրված զենքը:
«Կան բազմաթիվ պարկուճներ, պատերին՝ վնասվածքներ: Դեպքի վայրում կնոջ և հոր մասնակցությամբ գործողություններ են կատարվում, այս պահին էլ դրանք շարունակվում են: Հարուցվել է քրեական գործ 110-րդ հոդվածի առաջին հոդվածով: Խնդրում եմ հոդվածին առերևույթ չխաբվել: Բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու՝ կարող է լինել սպանություն, կամ սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով: Կլինեն բազմաթիվ վարկածներ: Քրեական գործը հարուցվել է այս պահին ձեռքի տակ եղած փաստերի հիման վրա: Տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն արդեն առգրավվել են: Հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում: Վաղը դատաբժշկական փորձագետներն ավելի ստույգ կպարզեն վնասվածքի տեսակը: Հայտնաբերվել են 4 տասնյակից ավելի պարկուճներ, փամփուշտներ: Քննչական կոմիտեում չկա որևէ գործ, որով Գեորգի Կուտոյանն անցնելուց լիներ որպես վկա, կամ մեղադրյալ, կամ մեղադրող: Աշխատանքները դեռ շարունակվում են, դեռ երկար կշարունակվեն: Առաջիկայում որևէ այլ տեղեկատվություն հայտնել չենք կարող», — ասել է ՔԿ նախագահի տեղակալը, այսպիսով չբացառելով ինքնասպանության վարկածը:
39 տարեկան Գեորգի Կուտոյանը Հայաստանի ամենատեղեկացված մարդն էր, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամենահլու ու հավատարիմ պաշտոնյաներից։ Նա շատ դեպքերից ու անուններից էր քաջատեղյակ, ներառյալ «Սասնա Ծռերի» ապստամբությունը և տարբեր գործիչների դերակատարումը այդ իրադարձությունների ժամանակ, Սերժ Սարգսյանի դեմ կազմակերպված զինյալ խմբերի բացահայտումները, ԱԱԾ այլ գործերը։ Նա մտերիմ հարաբերություններ ուներ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ, որը առաջիններից էր այցելել դեպքի վայր։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը հետևյալ գնահատականն է տվել, շատերի կարծիքը արտահայտելով․ «Ցավոք սրտի, ենթադրում եմ, որ անցյալի արձագանքն է»։Կուտոյանը «ծագումով» դատախազությունից էր, որտեղ սկսել է իր աշխատանքային կարիերան 2005-2006 թվականներին։
2011 թվականից մինչեւ 2016 թվականի փետրվարը եղել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օգնականը։ 2013 թվականի սեպտեմբերից անդամակցել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին։ Նա ՀՀ բարձրաստիճան ղեկավարների երրորդ սպանված օգնականն է։ Առաջինը՝ 2001 թվականին սպանված Գագիկ Պողոսյանն էր՝ Իմակի Գագոն, որը այն ժամանակվա վարչապետի վերահսկողական ծառայության պետն էր և խորհրդականը, երկրորդը Գևորգ Մհերյանն էր, նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավական հարցերով նախկին օգնականը, որը սպանվել է 2009 թվականին։ Նրա սպանությունը ևս չբացահայտվածներից է:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: