Հունվարի 8-ին ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցների դեմ բողոքի հիմքով: Ինչպես Forrights.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվականից, քրգործը հարուցվել է ՀՀ Քրօրի 258 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել է Քննչական կոմիտե:
ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ քրգործը նախօրեին է իրենց հասել, դեռ քննչական գործողություններ չեն կատարվել, մեղադրյալներ չկան, իսկ գործը հարուցվել է ՀՀ Քրօրի 258 հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:
Նշենք, որ անցյալ տարվա վերջին Auroranews զանգահարած քաղաքացին տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 24-ի երեկոյան իրեն ծեծի են ենթարկել գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները՝ միայն այն բանի համար, որ իր մեքենան կայանել է նրանց ոչ հարմար տարածքում։
Քաղաքացին, որը «Յանդեքս» տաքսի ծառայության վարրորդ է, պատմել էր, թե պատվերն իրականացնելու համար գնացել էր «Ռոսիա Մոլ»-ին հարող տարածք, որտեղ նրան էին մոտեցել «Ռոսիա Մոլ»-ի անվտանգության աշխատակիցները և ասել, թե չթույլատրված հատվածում է կանգնել:
«Մեքենան մի փոքր առաջ տարա և կայանեցի տաքսիների համար նախատեսված հատվածում։ Նորից մոտեցան ու թե՝ «նոր չասացինք, որ սխալ տեղում ես կայանել»»,- Auroranews-ին պատմել էր վարորդը՝ շարունակելով. «Ես էլ նշեցի, որ տեղն արդեն փոխել եմ, և այս հատվածում տաքսիների կայանումը թույլատրվում է։ Նրանցից մեկն ասաց, որ սա Խաչատուր Սուքիասյանի տարածքն է, մյուսն էլ ասաց, որ նրա անունը չտա, ու իրենք այս հարցը կկարգավորեն։ Այդ պահին ինձ հրեցին և սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Արդեն փոխադարձ հայհոյանքներից հետո ինձ գցել են մայթին, ոտքերով և ձեռքերով անկանոն հարվածներ հասցրել»։
Հետո, ըստ վարորդի, իրեն տարել էին «Ռոսիա Մոլ»-ի ետևի հատվածին հարող տարածք, որտեղ ավելի մութ է եղել, և շարունակել ծեծել։ «Մի կերպ հաջողացրի ու փախա մեքենայիս մոտ, եկան, հարվածեցին մեքենային, պետհամարանիշը պոկեցին։ Անընդհատ գոռում էին. «Սա մուսռ (мусор) ա, մեզ բռնել ա տալու»,- պատմեց քաղաքացին՝ վստահեցնելով, որ ոստիկանությունը ցանկության դեպքում կարող է տարածքի տեսախցիկները վերցնել ու տեսնել կատարվածը»,-ասել էր նա։
Դեպքից հետո քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն և խնդրել գալ, սակայն ժամանակ անց ոստիկաններն իրենք էին իրեն խնդրել գնալ ոստիկանության Էրեբունու բաժին։ «2 ժամ անց քննիչը եկավ և արձանագրություն կազմեց, որից հետո ինձ վատ եմ զգացել ու ոստիկանությունից արդեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկն ասաց, որ մարմնիս տարբեր մասերում բազմաթիվ սալջարդեր ունեմ, քիթս է կոտրված»,- պատմել էր քաղաքացին:
Գործարար Խաչատուր Սուքիասյանը որևէ կերպ չի անդրադարձել այս միջադեպին: Նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Auroranews-ի հետ զրույցում նույն օրը հերքել էր քաղաքացու խոսքերը՝ ասելով. «Խոսեցի անվտանգության բաժնի աշխատակիցների հետ: Նշում են, որ երեկ իրենց մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել»։
Մեղադրանքի հաստատման դեպքում «Ռոսիա մոլի» անվտանգության աշխատակիցներին սպասվում է նվազագույն աշխատավարձի 200-500ապատիկի չափով տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: