Ազգային անվտանգության ծառայությունն այսօր արտառոց հանցագործության մասին է հաղորդել: ՀՀ քաղաքացիներից մեկը նամակներ է թողել որոշ վայրերում, ապա հեռախոսազանգերի միջոցով տեղեկացրել է Լոռու մարզի զինկոմին իր համար թողած այդ նամակների մասին:
Երիտասարդը, ըստ ԱԱԾ-ի, նամակներում սպառնացել է զինվորականին, որ եթե 30 հազար դոլար չփոխանցվի իր նշած հաշվեհամարներներին, ապա ինքը կհայտնի իրավապահներին, որ զինկոմը զորակոչային տարիքի հասած երիտասարդների պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ազատել է բանակից: Նամակներից մեկը նա թողել է Դսեղ գյուղի տներից մեկի բակում, մյուսը՝ Շնողի գազլցակայաններից մեկում:
Քաղաքացին «հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30.000 ԱՄՆ դոլար չափով գումար», — ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն այս տեղեկությունը ստացել է մեկ այլ քաղաքացուց, որը նույն հեռախոսահամարից է օգտվել և սպառնալիքի մասին հայտնել է իրավապահներին:
Forrights.am-ի վստահելի աղբյուրը, որը զինկոմի շրջապատից է, դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեց:
Շորթումն իրականացնողը նախկինում խոշոր գողության համար դատապարտված անձ է: Նա անձնական հարաբերություններ է փորձել ստեղծել Լոռու մարզային տարածքային զինվորական կոմիսար, գնդապետ Արսեն Թումանյանի դստեր հետ: Մի քանի անգամ անձնական դաշտ է փորձել մտնել, սակայն կոշտ մերժում է ստացել աղջկա կողմից: Դրանից հետո նա սկսել է զինկոմ Թումանյանին շանտաժի ենթարկել, սպառնալով, որ վերջինիս արատավորող տեղեկություններ կհայտնի ԱԱԾ-ին:
Հեռախոսազանգերը, սպառնալիքները տևել են մի քանի ամիս: ԱԱԾ-ն հոկտեմբերից հետևել է այս հեռախոսազանգերին, որից հետո հետաքննություն է իրականացվել: Հարուցվել է քրեական գործ, որով ներկայում զբաղվում է քննչական կոմիտեն: Կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործը հարուցված է ՀՀ Քր․ օր-ի 182-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի շորթում։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին խնդրեցինք ճշտել մեր տեղեկությունները և հարցրեցինք, թե, ի վերջո, եղել է արդյո՞ք չարաշահում զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից: Նա զերծ մնաց մեկնաբանությունից, սակայն մեր հարցին պատասխանեց․ «Կարող եմ ասել միայն, որ դա բացարձակ սուտ է: ԱԱԾ-ն այդ գործով զբավել է ամիսներ շարունակ, և եթե պաշտոնական չարաշահում լիներ, հիմա բոլորովին այլ գործ կունենայինք»:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: