Նախորդ տարվա ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի գործով երեք արդարացման դատավճիռ կարդաց։ Առաջինը ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էր․ սեպտեմբերի 18-ին դատարանը բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց Ջհանգիրյանի անմեղությունը և արդարացրեց նրան։ Քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ի տարբերություն մյուս երկու գործերին, նախկին զինդատախազն անձամբ էր դիմել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ այն անփոփոխ թողնելու մասին:

Արդարացման երկրորդ ակտը «բաժին ընկավ» կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին։ Դատական նիստում մեղադրող դատախազը հրաժարվել էր Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու պահանջից։

Դեկտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարանի վճռով արդարացվեց և անմեղ ճանաչվեց երրորդ մարդը՝ «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, Մարտի 1-ի գործով դատապարտված Սմբատ Այվազյանը։ Ըստ Գլխավոր դատախազության, Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ, բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց, իսկ մեղադրական դատավճռի հիմքում դրել է բացառապես վիճարկվող իրադարձություններում ակտիվ դեր ունեցած ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքներ։

Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում դեռ օգոստոսի 10-ին  էր համաձայնություն ձեռք բերվել, որ ՀՀ դատախազությունը կսկսի Մարտի 1-ի կայացված դատավճիռների բողոքարկման գործընթացը, եթե դրանցում առկա լինեն նոր երևան եկած հանգամանքներ կամ առերևույթ պարունակեն ոչ ճշգրիտ վճիռներ:

Նախորդող հինգ ամիսների ընթացքում երեք արդարացման դատավճիռ կայացվեց, սակայն այս պահին որևէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Ի վերջո, ովքե՞ր են պատասխանատու 12 տարի առաջ կատարված իրադարձությունների և դրա հետևանքով կայացված անօրինական դատավճիռների համար։

Մարտի 1-ին բռնության ենթարկված, սակայն մեղադրյալի աթոռին հայտնված Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևադա Սաղաթելյանը, Forrights-ի հետ զրույցում նշեց՝ լավ է, որ հոր նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացվել, սակայն դա դեռ շատ քիչ է, մեղավորները դեռևս ազատության մեջ են․

«Պետք ա պատասխան տան բոլորը, սկսած գործով անցնող դատախազ Կորյուն Փիլոյանը, ով երկու անգամ՝ 2001 և 2008 թվականին մեզ էս օրը գցեց, դատավորը Մնացական Մարտիրոսյանից, քննիչներից ու բոլոր էն մարդկանցից, ովքեր էս գործերով անցել են ու սուտ ցուցմունք տվել, պետք ա պաատասխան տան ու մեզ հատուցեն։ Եթե պետությունն այդ քայլն էլ անի, շնորհակալ կլինենք, եթե ոչ՝ մենք ինքներս մեր դատաստանը կտեսնենք»,- ասում է Սևադան։

Մեղավորներից շատերը դեռևս իրենց պաշտոններում են, ոմանք՝ ավելի են բարձրացել, իսկ իր հայրն այսօր անգիտակից պառկած է, նրան ոչ ոք երբևէ չի այցելել և չի հետաքրքրվել նրանով․

«Ոստիկան Արսեն Արշակյանին մի քանի ժամանակ առաջ եթերով տեսա, դե դատախազ Կորյուն Փիլոյանի մասին էլ չասեմ՝ էսօր օլիգարխ ա դարձել։  Գերեզմանում էլ լինեն, պետք ա պատասխան տան։ Դատախազությունը երևի էս արդարացմամբ ուզում ա մաքրվի մեղքերից, բայց սա սկիզբն ա, պետք ա փոխհատուցվենք մեր հալածված ու տանջված օրերի համար»,- ասաց Սաղաթելյանի որդին և հավելեց, որ շուտով այս հարցով դատական հայց են ներկայացնելու։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ըստ որի արդարացման գործընթացը դանդաղում է, նշում է՝ արդարացումից հետո մեղավորներին մեղադրյալի աթոռին նստեցնելը պետք է «ավտոմատ» տեղի ունենար, սակայն՝ չի լինում։ Իրավապաշտպանի խոսքով՝ եթե քննիչների, դատավորների, դատախազների անունները հայտնի են, և որ շատ ավելի կարևոր է՝ հայտնի են կեղծ ցուցմունքներ տվողների անունները, ապա ինչու նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում․

«Այս գործերում բոլորն են գլխավոր մեղավորները․ նա, ով համաձայնում է տալ կեղծ ցուցմունքներ, քննիչը, ով դրդում է տալ կեղծ ցուցմունք, դատախազը, ով հաստատում է ակնհայտ կեղծ ցուցմունքներով շինծու մեղադրանքները և դատավորները, որ այդ կեղծ մեղադրանքի հիմքով դատավճիռներ են կայացնում։ Այս շղթայի մեջ բոլորն էլ հավասարաչափ մեղավոր են և բոլորն էլ հավասարաչափ պետք է պատասխան տան, Ամենամեղավորը՝ քաղաքական իշխանությունն է, որը քաղաքական պատվեր է իջեցրել։ Եթե պատվերը կա, կատարողները միշտ ի հայտ են գալիս»,- Forrights-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը։

Ի վերջո, ո՞րն է եղել հարյուրավոր քաղաքական գործիչներին, քաղաքացիներին, ընդդմիադիր լիդերի համակիրներին բերման ենթարկելու և դատապարտելու մոտիվացիան։ Հայ ազգային կոնգրեսի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը շեշտում է՝ հետապնդումներն իրականացվել են որպես աջակցություն սահմանադրական կարգի տապալման և Սերժ Սարգսանի իշխանության հաստատման․

«Միակ մոտիվացիան եղել է սահմանադրական կարգի տապալումը, որով արդեն գործ է քննվում դատարանում՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ։ Այս բոլոր հետապնդումներն իրականացվել են ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի և ի շահ՝ Սերժ Սարգսյանի իշխանության հաստատման։»,- պարզաբանում է ՀԱԿ անդամը։

Հավելենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր մարտի 1-ին։ Նա մեղավոր էր ճանաչվել սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ, դատապարտվելով 5 տարի ազատազրկման։

Սմբատ Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ կրելու համար, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008 թվականի փետրվարի 24-ին հայտնաբերվել էր անձնական խուզարկությամբ։ Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Նրանք բոլորն էլ ազատ արձակվեցին 2009 թվականին՝ համաներմամբ, սակայն իրադարձությունն անհետևանք չմնաց։ Մուշեղ Սաղաթելյանն այս պահին ծանր առողջական վիճակով հիվանդանոցում է գտնվում․ նա կոմայի մեջ է։

Ցավոք, Սմբատ Այվազյանը մահացել է։ Բանտից դուրս գալուց հետո նրա մոտ ծանր հիվանդություն է ախտորոշվում և տարիներ շարունակ բուժում ստանալուց հետո՝ 55 տարեկան հասակում Ֆրանսիայում նա մահանում է։

Պատժվելու են, արդյոք, մեղավորները, ինչ է ձեռնարկում դատախազությունը  արդարացումների ֆոնին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, այս հարցերի հետ կապված մեկնաբանություն ենք խնդրել նաև Գլխավոր դատախազությունից, որը ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest