Կրկին դատապարտյալ է մահացել

0
528

Այսօր գրանցվեց դատապարտյալի մահվան հերթական դեպքը․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի 59-ամյա դատապարտյալ Վլադիսլավ Մուրադյանը։

Դատապարտյալը գիշերը՝ ժամը 00։35-ին է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ է ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։

Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ Վլադիսլավ Մուրադյանը պարբերաբար տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ առողջական խնդիրների պատճառով։

Հավելենք, որ Վլադիսլավ Մուրադյանը 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ:

ՄԻՊ գրասենյակից Forrighst-ին տեղեկացրին, որ որևէ դիմում, բողոք Վլադիսլավ Մուրադյանից կամ իր հարազատներից չեն ստացել․

«Տարբեր տարիների ընթացքում դիմել է և խնդրել հանդիպել, իսկ հարցազրույցների ժամանակ տեղեկացրել է, որ ցանկանում է դիմումներ հասցեագրել պետական մարմիններին, սակայն ՔԿՀ-ի վարչակազմը հրաժարվել է դրանք սահմանված կարգով ընդունել և ուղարկել»,-նշեցին ՄԻՊ աշխատասենյակից։

Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում Դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Forrighst-ի հետ զրույցում ասաց, որ ահազանգ կամ այլ ինֆորմացիա, ոչ հարազատներից, ոչ էլ կալանավորից չեն ստացել, և քանի որ քաղաքացիական հիվանդանոցում է գտնվել անձը, ուստի Դիտորդական խմբի վերահսկողության տակ չէ։

 «Եթե ամեն դեպքի պատճառները համալիր ձևով վեր չեն հանվում, ապա մենք միշտ ունենալու ենք այն ցավալի կանխավարկածը, որ նման դեպքեր կրկնվելու են, ինչը և պրակտիկայում լինում է»,-նշեց Դիտորդների խմբի նախագահը՝ հավելելով։

«Ինչքան էլ փոփոխություններ եղան, ՊՈԱԿ ձևավորեցին, փորձում են բարելավել մակարդակը, բայց միևնույն է՝ ՔԿՀ-ներում  բուժսպասարկման վիճակը խնդրահարույց է»։

Հիշեցնենք, հունվարի 7-ին, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում մահացել է  45-ամյա կալանավոր Կարեն Ծաղիկյանը։

Նշենք, որ ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման որակին էր անդրադաձել նաև ՄԻՊ-ը, նշելով, որ որ ազատազրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ:

Նշենք, որ 2019 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում գրանցել է 20 մահվան դեպք, 5-ը՝ ինքնասպանություն։ Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից  մահացել է 6 ազատազրկված անձ, հեպատիտ Ց, պորտալ հիպերտենզիա և լյարդի ցիռոզ հիվանդություններից՝ 3-ական մարդ: Արձանագրենք, որ միայն առաջին երեք ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում արդեն իսկ արձանագրվել էր մահվան 13 դեպք։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here