Օրեր առաջ Forrights-ին էր դիմել «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Մերուժան Հարությունյանի հայրը՝ Արշակ Հարությունյանը, նշելով, որ իր որդու խրախուսանքը Դատախազությունը կասեցրել է, սակայն պատճառների մասին տեղեկություն չունի․
«Երկու անչափահաս երեխաների հայր է, ուզում եմ ազատազրկման մեջ իր նորմալ վարքն արձանագրվի, հետագայում հնարավորություն ունենա վաղաժամկետ ազատվելու, գա իր երեխեքին տեր լինի»,-մտահոգված ասում էր հայրը։
Խրախուսանքները դատապարտյալներին օգնում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, պատժի կրման ռեժիմի փոփոխության, ներման խնդիրագիր ներկայացնելու և մի շարք այլ հարցերում, ուստի դատապարտյալների համար շատ կարևոր նշանակություն են ունենում խրախուսանքները։
Forrights-ը ավելի վաղ անդրադարձել էր Դատախազության կողմից դատապարտյալների խրախոսանքների կասեցման գործընթացին, արձանագրելով վերջիններիս բողոքը․ դատախազությունն իրենց ձեռքից «խլում է» մեծ դժվարությամբ ստացած խրախուսանքները։
ՀՀ Քրեակատարողական ծառայությունից տեղեկացանք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ Մերուժան Հարությունյանը խրախուսանքի էր արժանացել մշակութային միջոցառմանը մասնակցելու, օրինապահ վարքագիծ դրսևորելու համար․
«Նոյեմբերի 7-ին Մերուժան Հարությունյանը խրախուսվել է, բայց դեկտեմբերին դատախազության կողմից կասեցվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքին 93-րդ հոդվածի առաջի մասով, դեկտեմբերի 19-ին ուղարկվել է վերանայման»,-նշեցին ՀՀ Քրեակատարողական ծառայությունից, հավելելով, որ հիմա վերանայման փուլում է։
Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ հիմքով է Մերուժան Հարությունյանի խրախուսանքը կասեցվել և վերանայման ուղարկել․
«Վերջինիս պահվածքը դիտարկելով պատժի կրման ողջ ժամանակահատվածի համակցության մեջ՝ պարզվել է, որ խրախուսանք կիրառելիս հաշվի չի առնվել սոցիալական, հոգեբանական, իրավական և դաստիարակչական աշխատանքներին դատապարտյալի մասնակցությունը, բացի այդ՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն՝ խրախուսանքի միջոց կիրառելու հիմք է հանդիսանում ոչ թե ընդհանրապես ՔԿՀ-ում անցկացվող բոլոր տիպի մարզական, մշակութային և այլ միջոցառումներին մասնակցությունը, մրցանակների արժանանալը, այլ այնպիսիներին, որոնք իրականացվում են հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ»,-տեղեկացրեց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, նշելով, որ դատապարտյալը ենթարկվել է 7 կարգապահական տույժի՝ արգելված իրեր՝ այդ թվում բջջային հեռախոս պահելու համար։ Ըստ Դատախազության՝ վերջնական որոշման կայացումը ՔԿՀ-ի իրավասության շրջանակներում է:
Քրեակատարողական օրենսգրքի 93-րդ հոդվածը սահմանում է՝ դատապարտյալների նկատմամբ խրախուսանք կիրառելուկարգը՝օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի և այլն։
«Քանի որ Դատախազությունը պատժողականության սկզբունքով է ղեկավարվում, ոչ թե վերականգնողական, հիմնականում նպատակն այն է, որ պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվեն․ շատ դեպքերում դատապարտյալները ձեռքի աշխատանք են կատարում, եկեղեցիներ են պատրաստում և անհատույց տրամադրում են ինչ-որ կառույցներին, սակայն Դատախազությունը գտնում է, որ դա բավարար չէ և բողոքարկում է, որի արդյունքում խրախուսական նորմերը կասեցվում են և դատապարտյալի անձնական գրքի մեջ բացասական է անդրադառնում»,-ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Թե ինչո՞ւ է ՔԿՀ-ն «ենթարկվում» Դատախազության՝ խրախուսանքենրը կասեցնելու մասին որոշումներին, փաստաբանը մանրամասնեց, որ Դատախազությունում գործում է Պատիժների նկատմամբ հսկողություն իրականացնող բաժին, որտեղ դատապարտյալների վերաբերյալ կայացրած որոշումների՝ ՔԿՀ-ի հետ կապված հսկողություն է իրականացնում․
«Ես գտնում եմ, որ Դատախազությունը օրենքով պետք է չունենա միջամտելու հնարավորություն և լիազորություն, և միայն պետք է մեղադրանքը պաշտպանի և հանցավորության դեմ պայքարի, սակայն օրենսդրությունով ունի ՔԿՀ-ի որոշումներին միջամտելու լիազորություն, ինչը կրկին ու կրկին պատժողական նպատակներ է հետապնդում»,-մանրամասնեց փաստաբանը։
Հավելենք, որ 2018 թվականին խրախուսանքի է արժանացել 56 ազատազրկված անձ, կարգապահական տույժի ենթարկվել՝ 1561-ը։ Միայն 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ դատապարտյալների նկատմամբ մոտ 1700 տույժ է սահմանվել, խրախուսանքի արժանացել՝ միայն 80-ը։ Հատկանշական է, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է տույժերից ընդամենը 3-ը, իսկ խրախուսանքների՝ մոտ 20 տոկոսը․
«Խրախուսանքը բողոքարկելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Թող որևէ մեկն ինձ տրամաբանորեն ապացուցի, որ խրախուսանքը, եթե հանկարծ Դատաազությունը չկասեցնի, ծանր հետևանքներ կառաջացնի։ Սա աբսուրդի է հասնում։ Եթե սա պատժողական քաղաքականություն չէ, ապա ի՞նչ է։ Հստակ է,, որ քրեակատարողական հիմնարկները կաշկանդված են Դատախազությունից։ Եթե դատապարտյալը տեսնի, որ չի խրախուսվելու, անտարբեր կդառնա»,- Forrights-ի հետ զրույցում նշել էր փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: