Պայմանագրային Զինծառայողն ինքն իրեն կրակել է գնդացրից և պատճառել մահացու հրազենային վիրավորում՝ սա թերևս միակ պաշտոնական տեղեկությունն է, որ քննչական կոմիտեն հայտնել պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանի մահվան վերաբերյալ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
Հերթական անգամ քննչականը շտապում է ինքնասպանի խարան դնել առանց որևէ քննության:
32 տարեկան Գեղամ Խաչատրյանը մահացել է հունվարի 6-ին, մարտական դիրքում, որտեղ նա հերթապահում էր որպես գնդացրորդ: Նրա մահվան մասին լուրը հայտնի դարձավ միայն երկու օր անց՝ հունվարի 8-ին: Նրան ամրակցված միակ զենքը գնդացիրն է եղել: Ընտանիքը բնակվում էր Բերդում, վարձով տանը: Ըստ Բերդի բնակիչների, ընտանիքի կեցության սոցիալական պայմանները բարվոք չէին:
Գնդացրորդի հուղարկավորությունը մարդաշատ չի եղել: Հիմնականում ներկա են եղել Գեղամի ծառայակիցները: Հարազատներ Բերդում նա չունի: Միակ հարազատը կինն էր՝ Վեհանուշ Ղազարյանը և 11 տարեկան որդին:
Քաղաքում պատմում են, որ Գեղամ Խաչատրյանի ծնողները որդեգրել էին նրան վաղ հասակում: Երկուսն էլ մահացել են: Հայրը հոգեկան խնդիրներ է ունեցել: Մայրը Բերդի գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից էր, հավաքարար:
Բերդում և հարակից գյուղերում խոսակցություններ են տարածվել, որ Գեղամ Խաչատրյանը ինքնասպան է եղել կնոջ հետ բարդ հարաբերությունների, նրա հետ կապված անձնական կոնֆլիկտի պատճառով: Զորամասի աշխատողներին խստիվ արգելված է որևէ տեղեկություն հայտնել ողբերգական այս միջադեպի մասին: Աշխատակիցներից մեկը մեզ խորհուրդ տվեց «չխորանալ»:
Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ մահվան պատճառը անձնական կյանքի հանգամանքներով բացատրելը տարածված պրակտիկա է:
Զորամասերում նման ողբերգական դեպքերից հետո հաճախ են լուրեր տարածում, թե, իբր, զինծառայողը ինքնասպանության է դիմել բանակի հետ կապ չունեցող, անձնական պատճառով:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: