Օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դիանա Հարությունյան» անվամբ հանդես եկող երիտասարդը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ինչպես նաև համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու հոդվածներով:
Հունվարի 3-ին ֆեյսբուքյան նույն էջում ևս մեկ գրառում էր արվել, իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորական Քասեմ Սուլեյմանիի սպանության համար։ Այս տեղեկատվությունը շատ արագ տեղ էր գտել իրանական և ադրբեջանական ԶԼՄ-ներում։
«Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին», — հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը։
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը ճիշտ որոշում է եղել, այլ հարց է՝ արդյո՞ք խափանման միջոց կալանավորումը ճիշտ է ընտրվել․
«Կալանք պետք է կիրառել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և դրա սահմանումը հստակ գրված է, թե որ դեպքում կարող է անձը կալանավորվել։ Կալանքը շատ դեպքերում օգտագործվում է մեղադրյալին ճնշելու համար և դա ճիշտ չէ և այն պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում։ Չեմ կարող ասել՝ արդյո՞ք այս դեպքում եղել է այդ ծայրահեղ անհրաժեշտությունը»,- նշում է փաստաբան Գյոզալյանը։
ԱԱԾ հրապարակած տեսանյութում «Դիանա Հարությունյան» անվամբ ներկայացած երիտասարդն ասում է.
«Ես չէի պատկերացնում, որ իմ հեղինակած այդ կեղծ հոդվածը կունենա նման լայն տարածում և կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին և ազգային անվտանգությանը: Իմ կողմից նման կեղծ լուրի տարածման համար խորապես զղջում եմ և ներողություն եմ խնդրում», ապա խոստովանում է.
«Նշվածը կատարել եմ ՀՀ իշխանություններին վարկաբեկելու նպատակով, քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ և անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»:
Գևորգ Գյոզալյանը, սակայն, նշում է՝ ինքնախոստովանական ցուցմունքը դեռևս հիմք չէ, որ տվյալ անձն է կատարել արարքը; «Դատաքննության ընթացքում կարող է պարզվել, որ մեղադրյալն ինքնախոստովանական ցուցմունք տրվել է մի շարք ճնշումների ներքո»:
Մեդիափորձագետ Սամվել Մարիտիրոսյանն ասում է. սուտը Հայաստանում քրեականացված չէ, ուստի այս ապատեղեկատվության դեպքում հավանականությունը մեծ է, որ անձը քրեական պատասխանատվության չի ենթարկվի։
«Հայաստանում չի կարգավորված որևէ կերպ, այսինքն՝ ցանկացած ոք իրականում իրավունք ունի ցանկացած անհեթեթություն հրապարակել, կեղծ ինֆորմացիա տալ և դրա համար որևէ քրեական, քաղաքացիական կամ վարչական որևէ պատասխանատվության չենթարկվել։ Ամեն անհեթեթություն գրողի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը լուրջ չէ։ Ես էլ, դու էլ, մյուսն էլ կարող է գրառում կատարել, հետո էլ արդարանալ, ասենք, սխալ է հասկացել։ Այսինքն բոլորի իսկություն ստուգելը անմիտ և երկար գործողություն կլինի»,- նշում է փորձագետը։
Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ֆեյք օգտատերը շատ շուտ բացահայտվեց ԱԱԾ-ի կողմից՝ վարչապետի ելույթից ընդամենը մեկ օր հետո։ Մեդիափորձագետի կարծիքով՝ ԱԱԾ-ն նրան ավելի վաղ էր բացահայտել և ուղղակի հարմար պահի էր սպասում։
«Եթե չի եղել բացահայտ վնաս, չի վնասել կոնկրետ մարդկանց և երկրի ազգային անվտանգությանը, ապա չեմ կարծում, որ խելամիտ է քրեական պատասխանատվություն ենփարկել, որովհետև կդառնա շատ երկակի երևույթ։ Վաղը զուտ ինչ-որ կարծիք հայտնելու համար կարող է ինչ-որ մեկը հայտնվի քրեական պատասխանատվության տակ»,- նշում է Մարտիրոսյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ կեղծ հրապարակման հեղինակին առաջադրված մեղադրանքները պարզապես հարմարեցվել են նրան պատասխանատվության ենթարկելու համար։
«Նմանօրինակ կեղծ լուրերը կանխելու համար նոր օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ։ Սակայն, պետք է ուշադիր լինել և թույլ չտալ որպեսզի այդ սահմանափակումներն ազդեն և վտանգեն խոսքի ազատությանը։ Պետք է ուղղակի գտնել ոսկե միջինը, որտեղ չի վնասվի խոսքի ազատությունը, սակայն մյուս կողմից էլ կվերահսկի ֆեյք լուրերի տարածմանը։ Մենք չենք կարող բոլոր օգտատերերին հետևել, սակայն կարող ենք այնպիսի պատասխանատվություն սահմանել, որը գոնե կնվազեցնի նման իրավիճակների առաջացումը»,- նշում է Մելիքյանը։
«Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանն խնդրի լուծման համար առաջարկում է լուծումը փնտրել խնդրի սկզբում՝ ուղղակի պայքարել ֆեյքերի և ֆեյքնյուզերի դեմ։ Խմբագրի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանում այնքան են շատացել ֆեյք լրատվականները, որ սուտ կամ թերի ինֆորմացիան կարող է միանգամից տարածում գտնել և հայտնվել լրատվամիջոցներում․
«Անձի ձեռքերը ոլորելով խնդրին լուծում չի տրվի։ Հանրությունը սիրում է նման տեսարաններ, սակայն այսօրինակ իրավիճակներից խուսափելու համար պետք է ակտիվ պայքար սկսել ֆեյքնյուզի դեմ։ Սակայն, դրա հետ մեկտեղ պետք է ուշադիր լինենք, որ չվնասենք ազատ խոսքին։ Պետք է գտնել այս երկուսի փոքրիկ սահմանը և այդտեղ կանգնել»,- իր խոսքում նշեց Մարիաննա Գրիգորյանը։
Հավելենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվը վարած անձին 2-ից մինչև 6 տարի ազատազրկում է սպառնում։ «Դիանա Հարությունյան» անվամբ նշված ֆեսբուքյան էջն արդեն 5 օր է՝ հասանելի չէ։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: