«Քննիչն ասում է՝ կարող է, ընկել է, մատները ջարդվել են». սպանված զինվորի իրավահաջորդին փաստաթղթեր չեն տրամադրում

0
414

Սեպտեմբերի 28-ին ՊԲ Մատաղիսի զորամասում սպանված զինծառայող Արման Լևոնյանի գործով ՔԿ երրորդ կայազորային քննչական վարչությունում նախաքննություն է ընթանում, սակայն զինծառայողի հարազատներին քննիչների որոշումները չեն տրամադրվում: Այդ որոշումներից, որոնք պարտավոր էին տրամադրել զոհվածի հարազատներին, նրանք կարող են ի վերջո տեղեկանալ, թե ինչ են հայտնաբերել դեպքի վայրից, ինչ զենքով են սպանել Արմանին, ինչ փորձաքննություններ են նշանակել և այլն:

Հիշեցնենք՝ Արման Լևոնյանի մարմինը հայտնաբերել էին կրծքավանդակի  շրջանում հրազենային վերքով: Կրակոցը ուղղված է եղել վերևից ներքև: Հարուցված  է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` «Սպանություն»: Կալանավորված է դիրքի ավագը:

Միակ փաստաթուղթը, որը տրվել է սպանված զինվորի հարազատներին,  դատաբաժշկական եզրակացությունն է: Այն վկայում է, որ սպանությունից երկու օր առաջ տղային բռնության են ենթարկել: «Մեզ տրամադրել են միայն դատաբժշկի եզրակացությունը: Մենք այդ փաստաթղթից իմացանք ծեծի մասին: Արմանի երկու մատերը ջարդած են եղել, գլխի շրջանում վերք կա: Կողերի շրջանում կոտրվածքներ կան», — ասում է Արման Լևոնյանի հայրը՝ Արմեն Լևոնյանը: Արմեն Լևոնյանը հարցրել է քննիչին, թե ինչպես են բացատրվում այդ վնասվածքները: «Քննիչն ասում է՝ կարող է, ընկել է, մատները ջարդվել են: Մենք գիտենք մի բան՝ մեր երեխուն սպանել են ու սպանողին չեն կարողանում գտնել: Կրակողը անհայտ է: Իր հետ կանգնած տղաները ազատության մեջ են և շուտով զորացրվելու են», — պնդում է զոհվածի հայրը:

Նա դժգոհ է քննության ընթացքից, քանի որ անցնում է չորրորդ ամիսը, բայց նա մինչև հիմա գոնե մոտավորապես չգիտի, թե ով և ինչու է սպանել իր որդուն: Գործով նշանակված են փորձաքննություններ, որոնց պատասխաններին Արման Լևոնյանի հարազատները սպասում են: 

Երիտասարդի  մայրը՝ Հռիպսիմե Միքայելյանը ավելի վաղ հայտնել էր Forrights.am-ին, որ որդին իր հետ ամենօրյա հեռախոսակապի մեջ է եղել, սակայն երբեք չի դժգոհել զորամասում տիրող իրավիճակից: «Նա ոչ գոհ էր, ոչ դժգոհ բանակային ծառայությունից: Երբ հարցնում էր՝  «Ո՞նց ես», պատասխանում էր՝ «Նորմալ եմ»: Ոչ մի ավելորդ բառ բանակի մասին», — պատմում էր Հռիփսիմե Միքայելյանը:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here