«Ս.թ. հունվարի 7-ին մեր շարժման անդամ Սեդրակ Նազարյանն ընկերոջ հետ միասին ավտոմեքենայով (ավտոմեքենան վարել է ընկերը) հասել է Հաղթանակ զբոսայգու հատվածում գտնվող Քուվեյթի դեսպանության մոտ, որտեղ ավտոմեքենան խափանվել է։ Իմանալով ավտոմեքենայի տեխնիկական թերության մասին, դեսպանության տարածքը հսկող ԱԱԾ աշխատակցին խնդրել է թույլատրել մուտք գործելու կից ավտոկայանատեղի, որպեսզի առանց անցուդարձին խանգարելու կարգի կգցեն շարժիչը և հեռանան։

ԱԱԾ ծառայողն այդ պարզ մարդկային խնդրանքին պատասխանել է վիրավորանքով, որից առաջացել է վիճաբանություն։ Այնուհետև նշված ծառայողը քաշքշել է Սեդրակ Նազարյանին, ապա ոստիկանության կարգախումբ է կանչել։

Սեդրակ Նազարյանը ֆիզիկապես չի դիմադրել և սպասել է ոստիկանության կարգախմբին։

Ոստիկանության կարգախումբը, որ բաղկացած է եղել ՊՊԾ գնդի ծառայողներից, անգամ փորձ չի արել իրավիճակը հասկանալու համար։ Ոստիկաններն իրենց հրահանգներին ենթարկվող Սեդրակ Նազարյանին ձեռնաշղթա են հագցրել և անհարկի կոպտությամբ քաշքշելով ու հարվածներ հասցնելով, բառացիորեն նետել են ավտոմեքենայի հատակին և այդ վիճակում տարել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ քաղաքացիական հագուստով մեկ ուրիշ ոստիկան հարվածել է Սեդրակ Նազարյանի դեմքին։ Այնուհետև մյուս ոստիկանները հարձակվել են ձեռնաշղթայված Սեդրակ Նազարյանի վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածել են նրան՝ պատճառելով ֆիզիկանան ցավ և վնասվածքներ։

Այս ամենն ուղեկցվել է Սեդրակ Նազարյանի նկատմամբ չարության ու վրիժառության ակնհայտ դրսևորումներով՝ խոսքի և վիրավորանքների միջոցով։ Ոստիկաններն իրենց ենիչերիական վարքագիծը պատճառաբանել են այն հանգամանքով, որ Սեդրակ Նազարյանը «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ է եղել և մասնակցել է ՊՊԾ գնդի ազատագրմանը։

Կատարվածի մասին համապատասխան իրավապահ մարմիններն իրազեկված են, Սեդրակ Նազարյանը նաև հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն մինչ այս պահը մեզ հայտնի չէ քրեական գործի հարուցման, առավել ևս՝ մեղադրանքներ առաջադրելու մասին։

Տեղի ունեցածը, որն ըստ էության Սերժ Սարգսյանի օրոք դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանի և Սասնա Ծռերի մյուս անդամների նկատմամբ բռնության կրկնությունն է՝ դատախազության և ՀՔԾ-ի նույնպիսի կողմնակալ ու հանցակից վարքագծով (այս դեպքի քննությունը մինչ օրս շոշափելի ընթացք չի ստացել, իսկ մեղավորները հանգիստ պաշտոնավարում են), ակնհայտորեն վկայում է այն մասին, որ իրավապահ մարմինները մնում են որպես ենիչերիական կառույցներ և շարունակում են վրեժխնդիր լինել իրենց մասնակցությամբ զավթված պետությունն ազատագրելու փորձ կատարած ապստամբներից։

Ցավով արձանագրում ենք, որ հատկապես իրավապահ և դատական բաղադրիչի մասով իշխանությունը վիժեցրել է զավթված պետությունն ազատագրելու գործը, ինչը ստեղծում է պետությունն ամբողջությամբ վերազավթելու, պարզ ասած՝ ռևանշի ռեալ պայմաններ և նախադրյալներ։

Անժխտելի է, որ իրավապահները չեն ընդունել հեղափոխության առաջնորդի սիրո և հանդուրժողականության ուղերձները, իսկ իրենց նկատմամբ նրա անվերապահ վստահության մասին հավաստիացումերն օգտագործում են ատելության ու վրեժխնդրության նպատակներով։

Սեդրակ Նազարյանի, ինչպես նաև նախկինում Արայիկ Խանդոյանի և մյուսների նկատմամբ բռնության մասով գործող իշխանությունից պահանջում ենք սանձել իրավապահ համակարգի ենիչերիական դրսևորումները, ազատվել այդպիսի վարք դրսևորած ծառայողներից և քրեական պատասխանատվության ենթարկել նրանց»,- այս մասին հայտնում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը։

Pin It on Pinterest