Նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով մեղադրյալ, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն այսօր կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը։
«Դատավոր Գագիկ Պողոսյանը կալանավորեց ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին: Որոշման տեքստից այնպիսի տպավորություն է, որ ցանկացած անձի անուն կարելի էր գրել դրա մեջ Ն.Փանոսյանի փոխարեն և կալանավորել: Կան բաներ և երևույթներ, որոնք ոչ միայն չեն փոխվում Հայաստանում, այլ մշտապես հակում ունեն դեպի ավելի վատը»,- հայտնել է Նորայր Փանոսյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նշենք, որ Հրայր Թովմասյանի սանիկը ձերբակալվել էր սեպտեմբերին: Փանոսյանի նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Նոյեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ էր արձակել Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։
«Որոշումը իհարկե կբողոքարկենք վերաքննիչ դատարանում »,- հայտնում է Աթանեսյանը։
Քրեական գործն առնչվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին և նրա սանիկին նույն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: ՍԴ նախագահի խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է։
Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: