«Ես նստած եմ ուրիշի փոխարեն, չկատարած հանցանքի համար, միլիցիայի անօրինական գործողությունների պատճառով․․․»։

Արցախյան պատերազմի վետերան, 56-ամյա Պետրոս Գրիգորյանի անազատության մեջ գտնվելու յոթերորդ տարին շուտով կլրանա։ Ինչպես ինքն է պնդում՝ չորս պատերի մեջ է հայտնվել չկատարած հանցանքի համար։ Դեպքի մանրամասները տարիներ անց էլ պարզորոշ հիշում է, սակայն կրկին հայտարարում է՝ տուժողին ոչ տեսել է, ոչ էլ ճանաչում է։

«2013 թվականի հուլիսի 9-ին մեր համագյուղացիներից մեկի հարազատի թաղման համար պետք ա փոս փորեի, բայց էդպես էլ չեկան հետևիցս ու չգնացի։ Էդ թաղումից երկու ամիս հետո ծանուցում ստացա, որ ներկայանամ Ապարանի ոստիկանություն։ Գնացի, ասում են՝ ամսի 9-ին գերեզմանոցում սպանվել ա Սիմոն Բաբայանը։ Եթե դու չգրես, որ քո համագյուղացի Ռաֆիկ Հակոբյանն ա արել, նենց կանենք՝ ինքը կգրի քո վրա։ Ասում էին՝ գրի, գործը փակենք, պրծնի գնա։ Բայց ես ոնց կարայի նման բան անեի, հրաժարվեցի, ասեցին՝ դե տես ինքը ոնց ա քո վրա գրում․․․Գնացին, հետ եկան, Ռաֆիկի ցուցմունքը դեմս դրեցին։ Գրել էր, որ ես եմ արել, ինքն էլ՝ տեսել ա»,- Forrights-ին է պատմում «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը։

Ըստ մեղադրանքի, Պետրոսը Ռաֆիկի հետ փորելուց է եղել գերեզմանափոսը, երբ նրան է մոտեցել Սիմոնը և առաջարկել իր հետ խմել։ Վերջինս հրաժարվել է, ինչից հետո վիճաբանություն է սկսվել երկուսի միջև։ Պետրոսն իր ձեռքում առկա քլունգով հարվածել է Սիմոնին և սպանել։ Գիշերը Ռաֆիկի հետ դին տեղափոխել են Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտ, որտեղ Պետրոսն այն նետել է ջրանցքը:

«Ես չեմ ճանաչում էդ մարդուն, որ չեմ տեսել, ոնց ասեմ՝ ով ա։ Որ տեսնում են ինձ չեն կարողանում պարտադրել, գնում Ռաֆիկին են ծեծում, սպառնում ու վրես գրել տալիս։ Բայց էդ էլ են թերի անում։ Ըստ Ռաֆիկի ցուցմունքի, ես երկու հարված եմ հասցրել, բայց դատաբժշկականը դիակի վրա ցույց ա տալիս մետաղյա գործիքի 11 հարված։ Բա էդ ինչի՞ չեն սարքել»,- վրդովված նշում է Պետրոսը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել միայն երկու ամիս անց․

«Էդքան ժամանակ երևի մտածում էին ո՞նց ձևակերպեն, ո՞ւմ վրա գրեն։ Ինչի՞ գործը չէին հարուցում երրորդ, չորրորդ կամ հինգերորդ օրը։ Որովհետև մարդ էին ման գալիս, որ գլխին բարդեին։ Ոստիկանությունում գնդապետ մարդը եկավ ուսիս խփեց, ասեց՝ հենա լավ էլ ուժեղ մարդ ես, կնստես էլի․․․Դե հա, հեչ, ձեզ ինչ կա»;

Պետրոս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, իսկ Ռաֆիկ Հակոբյանին՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործությունը պարտակել։

Երկրորդ դատական նիստին դատարանը տեղեկանում է, որ ամբաստանյալ 67-ամյա Ռաֆիկ Հակոբյանը մահացել է։ Նրա մասով վարույթը կարճվում, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվում․

«Իրա հոգեկանից ա մահացել․․․առաջին նիստին եկավ, երկրորդին՝ արդեն մահացել էր»։

Հաջորդիվ նիստերը, ըստ Գրիգորյանի․անցել են արագացված կարգով։ Նիստերից մեկում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրի Բաղդասարյանը, անդադառնալով ամբաստանյալի մարտական ուղուն, ծաղրել է նրան․

«Նայեց աչքերիս մեջ ասեց՝ է չէթայիր, ես քեզ խնդրե՞լ եմ, որ գնաս։ Ու էս տիպերի համար մարդիկ են զոհվում»։

Մեղադրող դատախազը դատարանից 12 տարի է պահանջում Պետրոսի համար։ Դատարանը՝ բավարարում է։ Նկատենք, որ դատավճռից 5 օր անց դատավոր Բաղդասարյանը մեկնում է թոշակի;

Այսօր արդեն Պետրոս Գրիգորյանը համոզված է՝ մեղավորներն ազատության մեջ են, անգամ հնչեցնում է նրանց անունները․

«Դեպքի օրը, որ թաղում էի գնացել, իրիկունը էդ մահացողի ախպոր թոռն էր եկել մեկի հետ՝ Արտյոմ անունով։ Էդ Արտյոմի անունը հանել են արանքից, գործի նյութերի մեջ չկա ինքը։ Դրա բարեկամը գումար ա ուղարկել ու բառացի ասել՝ նենց արեք, էդ երեխեն չնստի։ Էսքանը գիտեմ, բայց ինձ լսողն ով ա Էս գործը սարքողն էլ Անդրանիկ Նիկողոսյանն ա, ով Եղվարդի ոստիկանության պետի տեղակալն ա։»,- ասում է դատապարտյալը։

Պետրոս Գրիգորյանը նաև բողոքի է ներկայացրել Ոստիկանություն, գործ է հարուցվել, սակայն, կարճ ժամանակ անց, փակվել է։ Ըստ Գրիգորյանի, Ոստիկանությունում կեղծվել է իր ստորագրությունը․

«Իրենց ձեռք չէր տալիս, երկու միլիցիայություն պետք ա շարքից դուրս գար»;

Գրիգորյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը, Forrights-ի հետ զրույցում շեշտեց՝ իր պաշտպանյալն անմեղն է դատապարտվել։ Փաստաբանը մի շարք ապացույցներ մանրամասնեց, նշելով, որ գործում առկա են բազմաթիվ անճշտություններ ու հակասություններ։ Մասնավորապես, վկաներից մի քանիսն իրենց ցուցմունքներում նշել են, որ դեպքի օրը Պետրոսն իրենց հետ է եղել ողջ ընթացքում, իսկ տուժողի սպանության ենթադրյալ ժամին, Պետրոսն իրենց հետ միասին մասնակցել է հոգեհանգստի արարողության։

Էական հակասություն կա նաև գործով անցնող մյուս ամբաստանյալի՝ Ռաֆիկ Հակոբյանի ցուցմունքում և դատաբժշկական փորձաքննության մեջ։ Ըստ ցուցմունքի, Ռաֆիկը տեսել է, թե ինչպես է Պետրոսը Սիմոնին հարվածել քլունգի բութ մասով, սակայն փորձաքննությունը ցույց է տվել, որ տուժողը հարվածները ստացել է քլունգի սուր ծայրով․

«Մենք շատ լավ ենք հասկանում, թե ինչու մեղադրանք առաջադրեցին Ռաֆիկ Հակոբյանին։ Առաջադրեցին, որ ցուցմունք չտալու իրավունք ունենա։ Նրան առաջադրված հոդվածը ենթակա էր կարճման՝ համաներմամբ, եթե կարճվեր, իր մասով գործը կփակվեր ու Ռաֆիկը գործով կդառնար վկա, ով պարտավոր կլիներ դատարանում ցուցմունք տալ։ Որպեսզի վարույթն իրականացնող մարմինն իրեն պահի ու իրենց համար ցուցմունք չտալու շահավետ պայմանից օգտվի, Ռաֆիկին թողեցին մեղադրյալի կարգավիճակում և գործն ուղարկեցին դատարան»,- նշում է պաշտպան Ապրեսյանը։։

Քրեական գործն անցել է ՀՀ բոլոր ատյանի դատարաններով, բողոքարկվել՝ Վերաքննիչ քրեական և Վճռաբեկ, սակայն, մերժվել։ Գործը կրկին հնարավոր կլինի քննության առնել միայն նոր երևան եկած հանգամանքի դեպքում, որի հույս այս պահին պաշտպանական կողմը չունի։

Դատապարտյալ Պետրոս Գրիգորյանը դիմումներ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պատգամավորներին, սակայն, կրկին անարդյունք․

«Էս երկրում չես կարողանում ապացուցել անմեղությունդ»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Անի Գևորգյանի

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest