Օրերս ՀՀ ԱՆ ՔԿՀ-ում գրանցվեց հերթական մահվան դեպքը․ Հունվարի 7-ին, «Դատապարտյալների հիվանդանոց»-ում մահացել է 45-ամյա կալանավոր Կարեն Ծաղիկյանը։
Ծաղիկյանը տառապում էր մի շարք հիվանդություններով՝ բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:
Այս մասին Forrighst-ի հետ զրույցում հայտնեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը, հավելելով, որ վերոնշյալ հիվանդություններն անհամատեղելի էին կալանքի հետ։
Մարդու Իրավունքների պաշտպանի տարածած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ հունվարի 7-ին ՄԻՊ ահազանգել է կալանավորի եղբայրը և փոխանցել, որ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ահազանգողն ընդգծել է, որ ՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի հիվանդություն:
Ըստ Քրեակատարողական ծառայության, ժամանած շտապ բժշկական օգնության ծառայության բրիգադը կալանավորի ինքնազգացողության վատթարացումը կապել է մկանային ցավերի հետ:
ՄԻՊ-ը նկատում է, որ ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի առնչությամբ համակարգային առումով պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ դրանց պատճառների վերհանման ու լուծումների նախանշման ուղղությամբ:
«Պատշաճ աշխատանքային պայմաններ և երաշխիքներ են անհրաժեշտ բժշկական անձնակազմերի համար»,-ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Forrighst-ի հետ զրույցում ասաց, որ ոչ հարազատներից, ոչ էլ կալանավորից ահազանգ չեն ստացել։Սակայն հայտնեց, որ կալանավորը ուներ բազմաթիվ հիվանդություններ, որոնք անազատության պայմաններում պետք է առավել ուշադրության կենտրոնում լիներ․
«Կարող եմ ասել, որ համակարգի ամենախնդրահարույց հարցին ենք էլի բախվում՝ անազատության պայմաններում բուժսպասարկմանը, որ կան անձիք որոնք ունեն առողջական խնդիրներ, որ միգուցե ոչ ժամանակին, կամ ոչ բավարար բուժսպասարկման արդյունքում մենք ունենում ենք մահվան դեպքեր։ Սա արդեն ամեն տարի, տոներից հետո՝ հունվար ամսվա համար դարձել է շատ վատ և ցավալի պրակտիկա, որ ուեննում ենք մահվան դեպքեր»,-ասաց նա, հույս հայտնելով՝, որ նման առողջական կնդիրներով անձինք չեն հայտնվի անազատության պայմաններում, կամ գոնե կստանան համապատասխան բուժօգնություն։
Հասմիկ Հարությունյանը նաև անդրադարձավ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունենալու 45-ամյա կալանավոր Կարեն Ծաղիկյանի խնդրին, նշելով, որ տարօրինակ է, որ անձը շարունակել է մնալ անազատության մեջ, այն դեպքում երբ Քրեակատարողական վարչությունը նման հայտարարություն է արել։
«Այս դեպքում համակարգային շատ վատ խնդրին ենք բախվում՝ կալանքի որոշումներ կայացնելիս, որքանով է հաշվի առնվում անձի ընդհանուր ֆիզիկական վիճակը․ արդյո՞ք անձը կարող է այդ առողջական վիճակով մնալ փակ հաստատությունում»,-ասաց Դիտորդական խմբի ղեկավարը՝ հավելելով․
«Այստեղ յուրաքանչյուրը՝ բաժին-բաժին իր պատասխանատվության ծավալն ունի»,-ասաց Հասմիկ Հարությունյանը։
Մահացած կալանավոր Կարեն Ծաղիկյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով (1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը և 2. Նույն արարքները, որոնք կատարվել են խոշոր չափերով)։
Դատախազությունից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ է նման հիվանդությունների շարքով անձը պահվել կալանքի տակ, այն դեպքում երբ հիանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ Քրեական գործի նախաքննության ընթացքում կալանքի հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով Ծաղիկյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել: Նման միջնորդություն ներկայացվել է դատական քննության շրջանակներում: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին․
«Չնայած հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն ստացվել է դեկտեմբերի 20-ին, սակայն գործով հաջորդ դատական նիստը նշանակված է եղել 2020թ. հունվարի 15-ին, այսինքն մինչ այդ հնարավորություն չի եղել քննարկելու ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ դրանով պայմանավորված՝ Կ. Ծաղիկյանի խափանման միջոցի հարցը»,-մանրամասնեց Գլխավոր դատախազի խորհրդականը։
«Կալանավայրերում անձանց մահվան դեպքերի համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում։ Մահվան դեպքերով հարուցված գրեթե բոլոր գործերը կարճվում են հանցակազմի բացակայության հիմքով, իսկ կալանավայրերում մարդիկ շարունակում են մահանալ։ Մահվան այս դեպքերը առաջին հերթին անտարբերության և անմարդկային վերաբերմունքի հետևանք են։ Ինչպես հիմա տեսնում ենք, բոլոր կառույցների՝ գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության փրկօղակը արդարանալն է, բոլորը հերթով արդարանում են»,-ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, վստահեցնելով, որ մարդու կյանքը մեր երկրում դեռևս արժեք չունի։
Նշենք, որ 2019 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում գրանցել է 20 մահվան դեպք, 5-ը՝ ինքնասպանություն։ Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացել է 6 ազատազրկված անձ, հեպատիտ Ց, պորտալ հիպերտենզիա և լյարդի ցիռոզ հիվանդություններից՝ 3-ական մարդ: Արձանագրենք, որ միայն առաջին երեք ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում արդեն իսկ արձանագրվել էր մահվան 13 դեպք։ Ապօրինի կալանքի մեջ գտնվող Կ․Ծաղիկյանի մահը 2020թ-ի այս տարի առաջին մահվան դեպքն է։
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: