Ինքնասպանություն, հիմնական «գործիքը»՝ սավան․ մահվան դեպքերը ՔԿՀ-ներում 2019 թվականին

0
538

Մեկ տարվա ընթացքում 20 մահվան դեպք, 5-ը՝ ինքնասպանություն

Նախատոնական վերջին օրերին քրեակատարողական հիմնարկում կրկին մահվան դեպք գրանցվեց՝ տարվա ընթացքում մահվան քսաներորդ դեպքը․

«31-ամյա Արթուր Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղ և գրանցվել է Կարապպետյանի կենսաբանական մահը։ Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ»,- նշվում է Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Մահացած կալանավորների և դատապարտյալների այդ ախտորոշումն առավել հաճախ է արձանագրվում։ Միայն այս տարվա ընթացքում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից  մահացել է 6 ազատազրկված անձ, հեպատիտ Ց, պորտալ հիպերտենզիա և լյարդի ցիռոզ հիվանդություններից՝ 3-ական մարդ: Արձանագրենք, որ միայն առաջին երեք ամիսների ընթացքում ՔԿՀ-ներում արդեն իսկ արձանագրվել էր մահվան 13 դեպք․

2019 թվականն առանձնանում է նաև ինքնասպանությունների թվով։ Նախորդ տարվա ընթացքում արձանագրված 20 մահվան դեպքերից 5-ի դեպքում դատապարտյալն ինքնասպանություն է գործել։ Հիմնական «գործիքը»՝ սավանն է։

«Հինգ դեպքերը կարճվել են՝ հանցադեպի պատճառով։ Մեկը եղել է պարսկահայ, որը գրություն է թողել՝ խնդրելով որևէ մեկին չմեղադրել, մյուս կալանավորը եղել է անչափահասի նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվող անձ»,- նշում է Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը։

Ազատազրկման վայրերում ինքնասպանության հաճախ հանգեցնում է հոգեբանական ոչ պատշաճ օգնությունը։ Այստեղ խնդիրը սոցիալ-հոգեբանական որակյալ աջակցության բացակայությունն է․ եթե ժամանակին անհրաժեշտ օգնություն ցուցաբերվի, դժբախտ հետևանքները որոշ չափով կկանխվեն․

«Անձը մտնում է փակ հաստատություն, լրիվ նոր աշխարհ, նոր միջավայր ու բարքեր, տանելով իր հետ իր անձնական խնդիրներն ու հանցանքից հետո ձևավորված հոգեբանական վիճակը: Սրան գումարվում է նաև ՔԿՀ-ի ներքին հարաբերություններից, որոնք անձին դնում են ծանր վիճակում, ու քանի որ հենց առաջին օրվանից վեր չեն հանվում այն խնդիրները,, ունենում ենք ինքնավնասումների ու ինքնասպանությունների դեպքեր»,- Forrights-ի հետ զրույցում ասում է ՔԿՀ-ներում  դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։

Նախորդ տարվա ընթացքում ևս Արդարադատության նախարությունը չկարողացավ ապահովել սոցիալ-հոգեբանների հաստիքների անհրաժեշտ համալրվածությունը։ Ըստ վիճակագրության, մեկ հոգեբանին «բաժին է ընկնում» 135 ազատազրկված անձ․

«Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում աշխատում է ընդամենը 17 հոգեբան, այն դեպքում, երբ միջին հաշվարկով ՔԿՀ-ներում պահվում է 2230-ից ավել անձ։ Միջինը 500-600 ազատազրկված անձ ունեցող հիմնարկի համար ունենում ենք հոգեբանի մեկ հաստիք, իսկ դա չի կարող արդյունավետ լինել, գոնե հարյուր անձի համար մեկ հոգեբանի հասանելիություն մշտապես պետք է լինի 24-ժամյա ռեժիմով։ Մենք ամեն տարի սպասում ենք, որ հաստիքները կհամալրվեն, սակայն՝ անարդյունք»,- ընդգծում է Հարությունյանը։ 

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն իր 2018 թվականի տարեկան հաշվետվության մեջ նշել է, որ արձանագրված մահվան դեպքերով հարուցված քրեական գործերն ու իրականացված քննությունը գոհացնող չէ և չի կարող համարվել արդյունավետ, քանզի մահվան իրական պատճառները հաճախ մնում են չբացահայտված:

Հավելենք, որ 2018 թվականին ՔԿՀ-ներում արձանագրվել է 18 մահվան դեպք, 7-ը՝ քաղաքացիական բուժհաստատություններում, 2017-ին՝ 17 մահվան դեպք, որից միայն 9-ն է տեղի ունեցել հիմնարկում։ Ամենաշատ մահացության դեպքերը գրանցվել է 2016 թվականին՝ 29 մարդ, իսկ ամենաքիչը 2017-ին՝ 17 մարդ:

Ազատազրկվածները շարունակում են անհրաժեշտ դեղամիջոցները ստանալ հարազատներից

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող ազատազրկված անձանց հարազատները հաճախ են ՔԿՀ-ներ բերում այս կամ այն երկրի արտադրության ցավազրկող, հակախոցային, հիպերտենզիվ և հակալերգիկ դեղամիջոցներ։ Քրեակատարողական ծառայությունը, սակայն, պնդում է՝ իրենք ևս ունեն նշված դեղերը, ուղղակի հիմնարկներում առկա են դրանց փոխարինողներ։

Հատկանշական է, որ հարազատներից դեղամիջոցներ են ստանում նաև «Դատապարտյալների հիվանդանոց»-ում բուժում ստացողները։

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը շեշտում է՝ առանձնակի կարևորություն ունի ՔԿՀ-ներում բժշկական հաստիքների համալրումն ու բուժաշխատողների սոցիալական պայմանների բարելավումը, ինչը դրական կանդրադառնա նաև ազատազրկվածների բուժսպասարկման իրավունքի ապահովման վրա․

«ՔԿՀ-ների բուժմասերի ու ստացվող բուժօգնության հարցը տարիներ շարունակ համակարգի ամենախնդրահարույց հարցն է եղել, և ցավոք, այսօր էլ դեռ մտահոգության տեղիք տալիս է: Երկար ժամանակ խնդիր է եղել բուժմասերի հագեցվածության ու որակյալ աշխատակազմի հարցը, քանի որ նման պայմաններում և սոցիալական նման երաշխիքներով քչերն են աշխատել, արդյունքում մշտապես ունեցել ենք բուժանձնակազմի կարևոր օղակներում թափուր հաստիքներ ու հերթապահող բուժակների բացակայություն:

Վերջին տարում ստեղծվեց և արդեն գործում է «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է բարձրացնել բուժօգնության որակն ու արդյունավետությունը: ՊՈԱԿ-ը դեռևս շատ կարճ ժամանակ է գործում, որպեսզի դրա արդյունավետությունը կարողանանք գնահատել: Սակայն դեռևս նախնական փուլում կային որոշ ռիսկային հարցեր, ինչը բարձրացվում էր ՔԿՀ-ների և ոլորտի մասնագետների կողմից: Օրինակ՝ աշխատակիցների սոցիալական երաշխիքների կորուստը, վերջիններիս նկատմամբ վերահսկողական մեխանիզմի բացակայությունը և այլն»,- նշում է խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը։

Ըստ դիտորդական խմբի, այսօր շարունակում է հրատապ մնալ ՀՀ Կառավարության 2006 թվականի N 825- Ն որոշմամբ սահմանված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների հիմքով պատժից ազատման ինստիտուտի արդյունավետ գործարկումը․

«Ծանր հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատման հնարավորությունը հանդիսանում է մարդասիրության դրսևորում, միևնույն ժամանակ այն տեսականորեն և պրակտիկայում արդյունավետ գործելու ճկուն մեխանիզմ պետք է ունենա: Հիվանդությունների ցանկը, որը նախատեսվել է պատասխանատու մարմինների կողմից, հաճախ չի համապատասխանում այն բոլոր հիվանդություններին, որոնք հայտնաբերվում են ազատազրկված անձանց մոտ և պատժի հետագա կրումը իրապես դարձնում անհնար:

Սա խնդիր է ոչ միայն ազատազրկված անձի համար, այլ նաև քրեակատարողական հիմնարկների վարչակազմի՝ մասնավորապես բուժանձնակազմի համար: Քանզի ներկայիս ՔԿՀ-ների նյութատեխնիկական պայմաններն ու համապատասխան մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը բավարար չեն ծանր հիվանդությամբ տառապող դատապարտյալներին անհրաժեշտ խնամքով ապահովելու համար: Ինչի պայմաններում, պատժից ազատման այս համակարգը ոչ միայն չի ծառայում ազատությունից զրկված, հիվանդություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, այլ նաև լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ՔԿՀ ադմինիստրացիայի համար՝ ավելի բարդացնելով իրավասությունների ու գործառույթների պրակտիկ իրագործումը»:

2017թ․-ին Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել, որտեղ անդրադարձել է ՔԿՀ-ներում բուժսպասարկման և դեղորայքի պատշաճ ապահովմանը՝ արձանագրելով մի շարք խախտումներ։ Օրինակ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում արձանագրվել է, որ թեև հիմնարկը ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով, սակայն դեղորայքի քանակն անբավարար է։

Փոփոխություններ՝ ցմահ դատապարտյալների կյանքում

2019 թվականն իր հետ որոշակի փոփոխություններ բերեց ցմահ դատապարտյալների կյանքում։ Առաջին անգամ ցմահները հնարավորություն ունեցան տեղափոխվել պատժի կրման բաց և կիսաբաց ռեժիմ։ Այս պահին 91 դատապարտյալներից եկուսը՝ Արսեն Արծրունին, Աշոտ Մանուկյանը գտնվում են կիսաբաց ռեժիմում, 22 ցմահ դատապարտյալ՝ փակ ռեժիմից տեղափոխվել են կիսափակ։

Ցմահ ազատազրկված անձանց կյանքում այս նորությւոնը եղավ մայիս ամսին։ Ըստ օրենքի, այսուհետ ցմահ դատապարտյալները կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց:

2019 թվականին Կառավարության հավանության արժանացավ «Ներման օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։ Նախագծով անդրադարձ էր կատարվում ցմահ դատապարտյալներին ներում շնորհելու գործընթացին, նախատեսելով ավելի վաղ ընթացակարգ։ Նախկինում, ցմահ դատապարտյալը ներման խնդրագիր կարող էր ներկայացրել, եթե լրացել է պատժի կրման ժամկետից 20 տարի և ավելի, այս նախագծով սահմանաչափն իջեցվել է 5 տարով․

«Մարդասիրական սկզբունքին համահունչ նախատեսվում է՝ ցմահ դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան 15 տարին»,- ասում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Տարեվերջին նա հայտարարեց, որ  ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու են պայմանական վաղաժամկետ ազատման և ներման ինստիտուտները։ Սակայն, ոչ մի ցմահ դատապարտյալ չարժանացավ ոչ ներման և ոչ էլ վաղաժամկետ ազատ արձակման, որի համար դիմել էր 9 անձ։ Նրանցից 4-ը մերժվել են, մյուսները՝ գտնվում են քննարկման փուլում։

2019 թվականի ընթացքում դատարանի կողմից մերժվեց ցմահ դատապարտյալ Կամո Շալունցի և Աշոտ Մանուկյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումները։ Որպես պատճառաբանություն՝ դատարանը նշել է, որ նոր հանցագործություն կատարելու ռիսկայնությունը դեռևս մեծ է․

«Քրեակատարողական ծառայությունը դրական բնութագիր ա տալիս, գնահատման համակարգով 2 բալ եմ հավաքել, մարել եմ քաղաքացիական տույժս, ներում ստացել՝ տուժողներից։ Ես չեմ պատկերացնում, թե էլ ինչ պետք ա անեմ, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու դիմումս բավարարվի»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Աշոտ Մանուկյանը։

Այս պահին ՔԿՀ-ներում 2230 անձ կա, որից 1028-ը կալանավոր են, իսկ 1202-ը՝ դատապարտյալ։  Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահպանության համար, այսինքն՝ լուծված է տարիներ շարունակ համակարգի համար խնդրահարույց հարցերից մեկը՝ ՔՀԿ-ներում գերբեռնվածության խնդիրը։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here