ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանության հարուցած քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Այս մասին տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Քրեական գործի շրջանակներում 48-ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է թանկարժեք ավտոմեքենայի («Բրաբուս») վարորդը Երևանում ծեծի ենթարկում տաքսու տարեց վարորդին։ Բարեբախտաբար միջադեպին միջամտում են այլ երիտասարդներ և թույլ չեն տալիս շարունակել ծեծը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: