Աշխարհի տարբեր երկրներում ընդունված են մարդու հոգեֆիզիոլոգիական պարամետրերը հատուկ սարքավորումների, այդ թվում՝ ստի դետեկտորի միջոցով չափելու մեթոդները: Հայաստանում դրանք չեն օգտագործվում: Չկա ստի դետեկտորի օգտագործման մասին օրենք: Մինչդեռ այսօրվա քրեադատավարական պրակտիկայում այդպիսի մեթոդների անհրաժեշտությունը ակնհայտ է:
Կարատեի նախկին մարզիչ Սամվել Այվազյանը, որին դատում են վանաձորցի քրեական հեղինակություն Շալիկո Մանուչարյանի՝ Շալոյի դեմ մահափորձ կազմակերպելու համար, Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում է դատարանից պահանջել հարցաքննություն ստի դետեկտորի՝ պոլիգրաֆի միջոցով:
2018 թվականի նոյեմբերից Սամվել Այվազյանին փորձում էին կապել նրա ընկերոջ, մարտի 1-ի դիպուկահարներից մեկի՝ Եվգենի Կաչակի, սպանության հետ:
Դիպուկահարի՝ հատուկ ջոկատային Եվգենի Կաչակի դին հայտնաբերվել է 2017 ապրիլի 29-ին՝ Երեւանի գերեզմանատներից մեկում, բռնության հետքերով:
Սամվել Այվազյանին այս գործի շրջանակներում հարցաքննել էին առանց դատավարական կարգավիճակի, սակայն ոչ մի կերպ չէին կարողացել նրա վրա «կախել» այս սպանությունը: Թե ով է սպանել Կաչակին, հարցը մնում է օդում կախված:
Իսկ դիպուկահարի ընկրոջը՝ Սամվելին, ի վերջո մեղադրեցին մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց սպանության նախապատրաստության համար /ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ/, որը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում: Ըստ մեղադրանքի, Այվազյանը որպես քիլլեր վարձել էր Եվգենի Կաչակին:
Այս գործը Երևանի ընդհանոր իրավասության դատարանը դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսել է լսել նոյեմբերին:
Սամվել Այվազյանը առաջարկում է իր դեմ ցուցմունք տված վկաներին, նաև գործով եզրակացություն տված փորձագետին հարցաքննել պոլիգրաֆի միջոցով, կամ ինչպես ասում են՝ ստի դետեկտորի:
Այվազյանի դեմ ցուցմունք է գրել Եվգենի Կաչակի ընկերուհին՝ Իննա Իվանովան: Իր կողմից փոփոխված ցուցմունքով, նա հայտնել է, որ Այվազյանը Կաչակին, իբր, օպտիկական հրացան է ցույց տվել: Իսկ Այվազյանը վստահեցնում է, որ ոչ ինքը, ոչ էլ Ժենյան օպտիկական հրացան, և առհասարակ որևէ զենք չեն ունեցել:
«Այն ի 99,9 տոկոսի ճշգրտություն է ապահովում: Ես պահանջում եմ, որ ինձ, իմ ցուցմունքները ստուգեն այդ գործիքով: Ինձ ակնհայտ շառ են անում: Երկու վկաներ կեղծ ցուցմունքներ են տվել, և ես ոչ մի տարբերակ չունեմ ապացուցելու, որ նրանք ստում են: Իմ մեղքը հիմնավորող ապացույց չկա, քննիչների ձեռքին ընդամենը այս երկու կեղծ ցուցմունքներն են: Նման դեպքերի համար, ինչպես իմն է, ստի դետեկտորը ճշմարտությունը պարզելու իդեալական տարբերակ է: Ես առաջիկա նիստում դատարանին առաջարկելու եմ այն կիրառել: Ես վկաներին էլ եմ ուզում բերել, ու պահանջել, որ իրենք էլ դետեկտորով ցուցմունք տան: Ես համոզված եմ, որ իմ պատասխանները բոլորը «դրական» են գնահատվելու, իսկ նրանցը՝ բացասական», — ասում է Սամվել Այվազյանը:
Մեր առարկությանը, որ դետեկտորի օգտագործման իրավական հիմքեր չկան, նա պատասխանում է.
«Կարելի է օրենքում փոփոխություն մտցնել: Դա դժվար չի: Ոչ սահմանադրության փոփոխություն է պահանջում, ոչ էլ երկար ժամանակ ու ջանքեր: Ստի դետեկտորը մի ձև է, անմեղ մարդկանց բացահայտելու: Եթե մարդը դեմ է դետեկտորով անցնելու, ապա միայն նրա դեմ լինելու հանգամանքը արդեն կարող է դատարանում դեր խաղալ ճշմարտությունը բացահայտելու համար: Ես չեմ հասկանում, թե ինչու է մեզ մոտ ուշանում դետեկտորի օգտագործումը»:
Նախաքննության ընթացքում Սամվել Այվազյանի կալանքի ժամկետը երկարացվել է 5 անգամ, սակայն դատարանը, ի վերջո, համարել է, որ կալանքի հիմքեր չկան: Սամվել Այվազյանը ազատության մեջ լինելով է մասնակցում գործով դատավարությանը, սակայն ամեն րոպե սպասում է, որ կրկին կկալանավորվի:
Հիշեցնենք, որ ըստ քննիչների վարկածի, Շալոն օրենքով գող Արտյոմ Սարատովսկու հետ հեռախոսազրույցում, իբրև թե, անպարկեշտ արտահայտություններ է արել: Գողն էլ Սամվել Այվազյանի միոցով կազմակերպել է Շալոյի մահափորձը: Այվազյանը, իբր, Եվգենի Կաչակին գումար է փոխանցել, բերել է նրան Հայաստան, բայց մահափորձը չի հաջողվել, որովհետև Շալոյի շենքի ներքևի հարկում պայթյուն է հնչել:
Սամվել Այվազյանը, նրա պաշտպանները այս մեղադրանքը անհեթեթ են համարում: Ապացուցված է, որ Կաչակը «ռազբորկայի» ժամանակ Շալոյի բնակարանում ընդհանրապես չի եղել, իսկ Շալիկո Մանուչարյանը առհասարակ հերքում է, որ իր դեմ մահափորձ է իրականացվել: Նա հրաժարվել է տուժողի կարգավիճակից, հրաժարվել է ծանոթանալ քրեական գործի նյութերին: Փաստորեն, քննիչները ցմահ հոդված են դրել գոյություն չունեցող հանցանքի համար:
Ուստի, կարելի է ենթադրել, որ ինչ-որ անձանց հարկավոր է, որ Մարտի մեկի դիպուկահարի ընկերը, որին, գուցե, շատ բան է հայտնի, ցմահ բանտարկվի:
Դատական վերջին նիստի ժամանակ Սամվել Այվազյանի փաստաբանները միջնորդել էին, որ գործը կարճվի: Պատասխանը կստանան հաջորդ նիստին, որը կայանալու է հունվարի 15-ին:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: