Ջորջ Սորոսը ճանաչվել է «Տարվա բարերար»

0
315

Ամերիկացի ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսը «Inside Philantrophy» մրցանակաբաշխության արդյունքներով տարվա բարերար է ճանաչվել։ «Ոչ մի բարերար ավելի մեծ ջանքեր չի գործադրում աշխարհում ավտորիտարիզմի դեմ պայքարում, քան Ջորջ Սորոսը։ Կենտրոնական Եվրոպայում ակադեմիական ազատության համար նա շուրջ 800 միլիոն դոլար է ներդրել։ Ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտերկրում նա այժմ ավելի մեծ պայքարի մեջ է, քան երբևէ»,- նշված է «Inside Philantrophy» մրցանակաբաշխության կայքում։ Հիշեցնենք, որ 2018 թվականին Ջորջ Սորոսն ամերիկյան «Financial Times» պարբերականի կողմից «Տարվա մարդ» էր ճանաչվել։ Ջորջ Սորոսն իր բարեգործական գործունեությունը սկսել է 1979-ին` կրթաթոշակներ տրամադրելով ռասսայական խտրականության ենթարկվող սևամորթ հարավաֆրիկացիներին: Սառը պատերազմից հետո նա իր բարեգործական գործունեությունն ընդլայնել է նաև Միացյալ Նահանգներում, Աֆրիկայում և Ասիայում` օժանդակելով բազմատեսակ նոր գործողությունների, որոնք ուղղված էին առավել հաշվետու, թափանցիկ և ժողովրդավարական հասարակությունների ստեղծմանը: Ջորջ Սորոսի ղեկավարած «Բաց հասարակության հիմնադրամներ»-ն այժմ ԱՄՆ-ի յոթերորդ ամենամեծ բարեգործական հիմնադրամն է: Այն ողջ աշխարհում աջակցություն է ցուցաբերում այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են արտահայտման ազատության, թափանցիկության, հաշվետու կառավարման համար, ինչպես նաև այն հասարակություններին, որոնք խթանում են արդարության ու հավասարության հաստատումը: Հիմնադրամները գործում են մի քանի տասնյակ երկրներում՝ տարեկան նվիրաբերելով շուրջ 1 միլիարդ դոլար: «Inside Philantrophy» մրցանակաբաշխության արդյունքներով՝ Տարվա “աստղային” բարերար է ճանաչվել ամերիկացի դերասանուհի Մարիսկա Հարգիթեյը, որն իր «Joyful Heart» հիմնադրամի միջոցով պայքարում է, որպեսզի ԱՄՆ-ում տեղի ունեցած, բայց չստուգված բռնաբարությունների գործերը հետին պլան չմղվեն ու ավարտին հասցվեն։ Տարվա մարզական բարերարն ըստ «Philantrophy Awards»-ի՝ ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Ստեֆեն Քարին և նրա կինն են՝ «Սնվի՛ր, սովորի՛ր, խաղա՛» հիմնադրամից կատարած նվիրատվություններով։ Մրցանակաբաշխության արդյունքերով ամենախիզախ հիմնադրամ է ճանաչվել ամերիկյան «East Bay» համայնքային հիմնադրամը, որը զբաղվում է հասարակական շարժումների կազմակերպմամբ։ Տարվա բարեգործական քննադատ է ճանաչվել ամերիկացի միլիարդատեր Ջոն Արնոլդը։ Ըստ «Philantrophy Awards»-ի տեղեկության՝ Արնոլդը հորդորում է բարձրացնել մասնավոր հիմնադրամների պարտադիր վճարները։ Տարվա լավագույն բարեգործական գիրք է ճանաչվել Ֆիլ Բուչանանի «Giving Done Right։ Effective Philanthropy and Making Every Dollar Count»՝ «Ճիշտ արված նվիրատվություն։ Արդյունավետ բարերարություն և յուրաքանչուր դոլարի ճիշտ հաշվարկում» գիրքը։ Մրցանակաբաշխության հեղինակները նշում են, որ յուրաքանչյուրն, ով շատ գումար ունի և ցանկանում է աշխարհն ավելի լավը դարձնել, չպետք է սկսի նվիրատվություններ կատարել՝ մինչև չկարդա այս գիրքը։ Նշենք, որ «Inside Philantrophy» ամենամյա մրցանակաբաշխությունը սկիզբ է առել 2014 թվականին։ Մրցանակաբաշխության կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ վերջին տասնամյակն ԱՄՆ-ում բարեգործությունների համար ամենաակտիվ շրջանն է եղել։ 2010 թվականի օգոստոսին՝ Նյու Յորքում, Բիլ և Մելինդա Գեյթերը, ամերիկացի բիզնես մագնատ և ներդնող Ուորեն Բաֆեթի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրին «Giving Pledge» նախաձեռնությունն, ըստ որի՝ ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքները պետք է նվիրաբերեն իրենց ունեցվածքի առնվազն կեսը։ Հենց այդ ժամանակ էլ սկիզբ առավ խոշոր բարեգործությունների շարքը։ Միայն 2010 թվականին 400 հարուստ ընտանիքի նվիրաբերած գումարը 1․3 տրիլիոն դոլար կազմեց։ Այս պահին այդ թիվը 3 տրիլիոնի է հասել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here