Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։
Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։ Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։
Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ դերասանը իր Ֆեյսբուքյան էջում անդրաարձել էր միջադեպին․
«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: