Օրեր առաջ «Նուբարաշեն» -ի բանտից Forrights-ին էին դիմել մի խումբ ցմահ դատապարտյալներ։ Նրանք բողոքում էին. Դատախազությունն իրենց ձեռքից «խլում է» մեծ դժվարությամբ ստացած խրախուսանքները․

«Քրեակատարողական ծառայության 100-ամյակի շրջանակներում միջոցառումներ են կազմակերպվել, որին մասնակցել է նաև ամուսինս։ Իր ձեռքով պատրաստված աշխատանքներն են ցուցադրվել, մի մասը շախմատ է խաղացել, գրավել առաջին կամ երկրորդ տեղը։ Հենց դրանց շնորհիվ էլ ծառայության կողմից արժանացել են խրախուսանքների։ Դե բոլորիս համար էլ գաղտնիք չէ, թե ինչ դժվարությամբ է խրախուսանք տրվում դատապարտյալներին, այն էլ՝ ցմահներին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց ցմահ դատապարտյալներից մեկի կինը, ով ցանկացավ անանուն մնալ։

Միայն 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝   դատապարտյալների նկատմամբ մոտ 1700 տույժ է սահմանվել, խրախուսանքի արժանացել՝ միայն 80-ը։ Հատկանշական է, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է  տույժերից ընդամենը 3-ը, իսկ խրախուսանքների՝ մոտ 20 տոկոսը․

«Խրախուսանքը բողոքարկելը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Թող որևէ մեկն ինձ տրամաբանորեն ապացուցի, որ խրախուսանքը, եթե հանկարծ Դատաազությունը չկասեցնի, ծանր հետևանքներ կառաջացնի։ Սա աբսուրդի է հասնում։ Եթե սա պատժողական քաղաքականություն չէ, ապա ի՞նչ է։ Հստակ է,, որ քրեակատարողական հիմնարկները կաշկանդված են Դատախազությունից։ Եթե դատապարտյալը տեսնի, որ չի խրախուսվելու, անտարբեր կդառնա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ռոբերտ Ռևազյանը։

Քրեակատարողական օրենսգրքի 93-րդ հոդվածը սահմանում է՝ դատապարտյալների նկատմամբ կարող է կիրառվել խրախուսանք իրենց օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար։

Դատապարտյալները, սակայն, հակադարձում են՝ իրենց չեն ապահովում զբաղվածությամբ  և աշխատանքով, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի ՔԿՀ-ն իրենց դրական բնութագրելու կամ խրախուսանքի արժանացնելու պատճառ չունենա:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է, եթե անգամ Արդարադատության նախարարությունը փորձում է  պատժիչ մոդելից անցում կատարել վերականգնողական մոդելին, «Գլխավոր դատախազությունը  նրանց բոլոր ջանքերը պարզապես կասեցնում է»․

«Ժամանակն է, որ Դատախազությունը հրաժարվի իր այդ արտոնյալ քաղաքականությունից, և մարդկային մոտեցումներ ունենա։ Արրդարադատությունը դա պատժողականությունը չէ։ Խրախուսանքը պայմանական վաղաժամկետ ազատվելու  հնարարավորություններն ավելացնում է, այդպիսով՝ նաև հույս տալիս դատապարտյալին, ինչո՞ւ են կտրում այդ թելը։ Եթե դատապարտյալը ձգտում է խրախուսանքի արժանանալ, դա շատ մեծ բան է։ Պետք է համարեն, որ դա իրենց աշխատանքի արդյունքն է»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Նկատենք, որ դատապարտյալը տեղյակ չի լինում, որ իր վերաբերյալ հարց է քննարկվում Դատախազությունում կամ Քրեակատարողական ծառայությունում։ Նա ոչ բացատրություն, ոչ միջնորդություն հնարավորությւոն չի ունենում և միայն վերջում՝ անակնկալ ձևով է տեղեկանում այդ մասին։

Հավելենք, որ 2018 թվականին խրախուսանքի է արժանացել 56 ազատազրկված անձ, կարգապահական տույժի ենթարկվել՝ 1561-ը։

Խրախուսանքները դատապարտյալներին օգնում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, պատժի կրման ռեժիմի փոփոխության, ներման խնդիրագիր ներկայացնելու և մի շարք այլ հարցերում, ուստի դատապարտյալների համար շատ կարևոր նշանակություն են ունենում խրախուսանքները։

Տարեսկզբին ԱՆ նախկին նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել էր, որ 2019 թվականին քրեակատարողական ոլորտում Արդարադատության նախարարության թիրախը լինելու է դատապարտյալների վերասոցիալականացումը։ Սակայն, ինչպես փաստում են իրավապաշտպանները, Հայաստանն այս տարի ևս քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ։

«Ազատազրկված անձանց ճնշող մեծամասնությունն այսօր ապահովված չէ աշխատանքով կամ զբաղվածության այլ ձևերով, ինչի պատճառով էլ հետագայում լուրջ խնդիրներ է ունենում վերասոցիալականացման և հասարակություն վերադառնալու համար»,- Forrights-ի հետ զրույցում նշում է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest