Հոկտեմբերի 27-ի գործով բեկումնային որոշում կայացնելուց և գործից անջատված մասի 15 տարվա վաղեմության կարճման որոշումը վերացնելուց հետո ՀՀ դատախազությունն այն ուղարկել է ԱԱԾ: Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասը վերաբերում է ահաբեկչության հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, ինչպես նաև հանցագործությունը կանխելու հնարավորություն ունեցած պաշտոնական անձանց հայտնաբերմանը:
Forrights.am-ի հարցմանը, թե ինչո՞ւ է հենց ԱԱԾ ուղարկվել այդ գործի քննությունը, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանեց. «Գլխավոր դատախազը, իրացնելով քրեական գործի քննչական ենթակայությունը որոշելու իր դատավարական իրավունքները՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացրել և քրեական գործն ուղարկել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ողջ ծավալով իրականացվելիք քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունն ապահովելու համար»:
Մինչդեռ դատախազություն դիմած Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը կասկած ունի, որ ԱԱԾ-ն կարող է անաչառ քննություն իրականացնել գործով և պատրաստվում է բացարկ հայտնել ԱԱԾ-ին:
«ԱԱԾ-ն չի փոխվել և բոլորովին վստահություն չի ներշնչում, որովհետև էդ գործը տապալելու ԱԱԾ-ի ձեռագիրն արդեն կա: Դա փաստ է: Զինվորական դատախազությունն էլ, ԱԱԾ-ն էլ իրենց սև գործն արել են»,-ասաց նա՝հավելելով, որ ի սկզբանե հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել. «Հիմա նորից ենք ուղարկում իրենց, որ ի՞նչ լինի: Ես վստահություն չունեմ, որ ԱԱԾ-ն կարող է ներկայումս էլ օբյեկտիվ քննություն իրականացնել»:
Բախշյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ ԱԱԾ-ի դեմ բողոքի հիմքերն առնչվում են նախաքննական գաղտնիքին, ուստի չեն կարող հրապարակել: «Հիմնավորումների մասով կարող եմ ասել, որ ԱԱԾ-ում գործը քննելու անհնարինությունը առնչվում է փաստական տվյալներին, ինչի մասին այժմ չեմ կարող ասել նախաքննության պատճառով»,-նշեց պաշտպանը:
1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունից 20 տարի անց, անգամ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո հանրության մոտ նույն կասկածները մնացել են, որ ահաբեկչությունը կազմակերպիչներ ուներ:
Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազ, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը Factor.am-ի հետ զրույցում ողջունել է Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մասով գործից անջատված մասի նոր քննության մեկնարկը՝ ասելով, որ պատրաստ է բազմակողմանի աջակցել քննությանը։ Հարցին, թե որպես գործով նախկին մեղադրող՝ ի՞նչ ակնկալիք ունի նոր քննությունից, հատկապես, որ Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից ու դատապարտյալներից 9 հոգի մահացել են չբացահայտված հանգամանքներում, իսկ գործը քննող դատավոր Սամվել Ուզունյանը փախել է երկրից, Ջհանգիրյանը պատասխանել է. «Թե՛ վկաների մեջ, թե՛ մեղադրյալների մեջ որևէ հանգուցային դերակատարի հետ, փառք Աստծո, որևէ բան չի պատահել։ Ուզունյան Սամվելն էլ փախել է, չի փախել, որևէ կապ չունի անջատված մասի քննության հետ»:
Ըստ Ջհանգիրյանի՝ այսօր նպաստավոր պայմաններ են, որ ամբողջ ճշմարտությունն այդ գործով վեր հանվի։ Նախկին դատախազը նախկին իշխանության միջամտության արդյունք է համարել, որ Նաիրի Հունանյանը մի քանի ամիս հետո հրաժարվեց ցուցմունքներից ու փոխեց դրանք՝ բացահայտելով. «Երբ գլխավոր դատախազի միջնորդությամբ Նաիրի Հունանյանի և մնացած տեռորիստների մոտ տեսակցություններն արգելված էին, դատարանի որոշումով էլ թույլ չէր տրված մտնել, բայց մարդիկ մուտք ու ելք էին անում նրանց խցեր՝ առանց իմ գիտության։ Այդպիսի երկու հաղորդագրություններով նյութեր են նախապատրաստվել, որոշումներ են կայացվել, բացահայտվել են, թե ովքեր են եղել»։
Հիշեցնենք, որ 2000թ. հուլիսի 11-ին առանձին վարույթ անջատվեց մայր գործից՝ «հնարավոր կազմակերպիչներին, օժանդակողներին, դրդիչներին, նաեւ հանցագործությունը կանխելու, խափանելու հնարավորություն ունեցած պաշտոնատար անձանց» հայտնաբերելու համար: Այս գործով նախաքննությունը կարճվեց 2004 թ-ին՝ առանց կազմակերպիչներ կամ օժանդակողներ հայտնաբերելու: Այն ժամանակվա մամուլը գրում էր, որ գործը կարճելու որոշումը կայացրել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրականացրել էր այն:
Դատախազությունը հիմնավորել էր, որ «սպառված են քննչական, օպերատիվ, որոնողական բոլոր միջոցները նոր քննչական ապացույցներ գտնելու առումով», եւ որոշվել է առաջիկայում կարճել անջատված մասը՝ «հանցադեպի բացակայությամբ»: Այսինքն՝ Նաիրի Հունանյանն ու իր խումբը գործել են ինքնուրույն, նրանց ոչ ոք ԱԺ չի ուղարկել, չի օժանդակել, չի դրդել, չի օգնել:
«Հույս ունեինք, որ դատարանում կկարողանանք որոշ բացահայտումներ անել՝ կապված վկաների հարցաքննության հետ, սակայն այդպես էլ այդ հնարավորությունը չունեցանք»,-ավելի վաղ Forrights.am-ի հետ զրույցում ասել էր Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների պաշտպան Աշոտ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ պետք է հարցաքննվեին չդատակոչված վկաները. «Մենք նպատակ ունեինք հարցաքննել նաև Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին: Իրենց ցուցմունքները մի քանի էջանոց էին՝ մի քանի ձևական հարցերով: Օրինակ՝ ուզում էինք ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը բացատրեր կարևորությունը, որ նա այդ օրը գնացել էր Գորիս կամ Հորադիս, լավ չեմ հիշում: Ռոբերտ Քոչարյանի հետ շատ հարցեր կային պարզելու Նաիրի Հունանյանի հետ կապված: Բայց այդ հարցերը չկարողացանք տալ: Հասկացանք, որ անջատված մասն էլ էր խիստ վերահսկողության տակ»:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: