«Ա1+»–հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել առաջիկայում հայտարարվելիք հեռուստակապուղու մրցույթին։ Լրատվամիջոցը մտադիր է հասնել նաև նրան, որ նախկինում պարտված 7 մրցույթներն ու դրանց վերաբերյալ դատարանների որոշումները դատական կարգով անօրինական ճանաչվեն։ Այս մասինհայտարարել է  «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը։

 «Ա1+» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության։ Դատական հայցով հեռուստաընկերության ղեկավարությունը Հայաստանի այսօրվա կառավարությունից պահանջում է ընդունել իր նախորդների սխալներն ու վերականգնել «Ա1+»–ի` 17 տարի շարունակ խախտված իրավունքները։

«Ա1+»-ը 2003-ից սկսած 7 անգամ մասնակցել ՀՌԱՀ-ի մրցույթներին, բայց այդպես էլ չի հաղթել: Պարտվել են «Արմնյուզ»-ին, «Երկիր Մեդիա»-ին, «Շանթ»-ին՝ բոլոր նրանց, ովքեր այսօր․

«17 տարի անընդմեջ մենք աշխատել ենք ծանր պայմաններում, ծանր վիճակում, ունեցել ենք մեծ կորուստներ և՛ տեխնիկական, և՛ մարդկային ռեսուրսի կորուստներ, և՛ ֆինանսական կորուստներ և այդ ամեն ինչը պետք է վերականգնվի, որ հավասարը հավասարի հետ կարողանանք մասնակցել մրցույթին», — նշել է Մովսեսյանը:

Նշենք, որ 2003թ.–ին ՀՌԱՀ կայացրած որոշմը ՀՀ ներպետական ատյաններում բողոքարկելու երկարատև գործընթացը ոչ մի արդյունք չտվեց։ Բացի այդ, 2003թ.-ից ի վեր «Ա1+»–ը պարտվել է նաև ՀՌԱՀ հայտարարած հետագա 7 մրցույթներում։ Այդ որոշումները ևս բողոքարկվել են ՀՀ ներպետական ատյաններում, բայց «Ա1+»–ի պահանջները մերժվել են։

«Դիմելու ենք, որ դատարանը համարի առոչինչ  այն բոլոր վարչական ակտերը, որոնց հիման վրա որոշվել է՝  «Ա1+»-ը մրցույթում չի հաղթել, որովհետև այսօր ապացուցված է, որ դրանք կայացվել է առերևույթ կամայական բնույթով և խախտումներով»,-նշեց  «Ա1+»-ի փաստաբանական խմբի անդամ  Արա Ղազարյանը։

Փաստաբանի խոսքով՝ ոչ միայն եթերից զրկվելու որոշումներ են վիճարկվելու, այլև այդ բոլոր տարիներին եթեր չունենալու հետևանքով կրած վնասների փոխհատուցման հարց է բարձրացվելու․

«Երբ որ ճանաչվի, որ խախտումներ են տեղի ունեցել, այդ ժամանակ էլ կբերենք փոխհատուցման պահանջ՝ հիմա դեռ շուտ է այդ մասին խոսել»,-ասաց փաստաբանը։

Եվ պետությունը պետք է գնահատի, թե ինչ չափով է կատարվել «Ա1+»-ի իրավունքի խախտումը, և ինչ չափով փոխհատուցում պետք է տրվի, որ հեռուստաընկերությունն ունենա այն ամենը, ինչը կունենար, եթե եթերից չզրկվեր։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանի կարծիքով՝  եթե ամեն ինչ իր իրավունքի շրջանակներում է, ապա՝ ինչու ոչ․

««Ա+»-ը մտադիր է դատի տալ ներկա կառավարությանը՝ որպես իրավահաջորդ, ինչը փաստում է այն, որ  յուրախանչյուր խախտված իրավունքի համար պետք է պատասխանատվություն կրել»,-ասաց պատգամավորը։

Նշենք նաև, որ օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մեսրոպ Մովսեսյանը նշեց, որ մինչ դատական ատյանները կքննեն «Ա1+»–ի խախտված իրավունքների հարցը, հեռուստաընկերությունը մտադիր է արդարությունը վերականգնել կապուղու նոր մրցույթին մասնակցելով, սակայն թե ինչ ժամկետներում առաջիկա մրցույթը կհայտարարավի՝ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ 2008 թ–ին ՄԻԵԴ–ն արձանագրեց «Ա1+»–ի իրավունքների խախտման փաստն ու ՀՀ–ին պարտավորեցրեց «Ա1+»–ի սեփականատեր «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի ու դատական ծախսերի փոխհատուցում։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest