Դատավոր Սամվել Ուզունյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալու համար, մեկնել է երկրից։ Քիչ առաջ այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը, եւ որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին», -ասաց նա։ Փաստորեն, իրավապահների հայտարարությունները իրարամերժ են։ Ավելի վաղ ոստիկանությունն էր հայտնել, որ Սամվել Ուզունյանի մոտ օդանավակայանում փամփուշտ էր հայտնաբերվել, և այս դեպքում հասկանալի չէ, թե ինչպես է նախկին դատավորին հաջողվել փախչել երկրից։

Forrights.am-ի տրամադրության տակ հայտնվել են Սամվել Ուզունյանին փաստացի պատկանող տան լուսանկարները, թեև այն, ինչ պատկերված է դրանցում ոչ թե տուն է, այլ, ավելի շուտ, կալվածք։ Այն գտնվում է Արագածոտնի մարզի Կարբի համայնքում: Կարբիի տունը մի կախարդական դղյակ է հիշեցնում, սիրամարգերով, կարապի լճով ու թանկարժեք արձաններով ու այգիներով: Այստեղ կան դաշտեր, բացօթյա տաղավարներ հանգստի համար։ Կալվածքում բազմաթիվ լողավազաններ կան, բիլյարդանոց, նույնիսկ գազանանոց։ Ընդհանուր մակերեսը 8000 քմ է, 2 տուն կա, 3 լողավազան բաց և փակ, բաղնիք, բուխարի, կենդանաբանական այգի, մարզասրահ, 2 ֆուտբոլի դաշտ, բացօթյա հացատուն:

Հետաքրքիր է, սակայն Կարբի համայնքի ղեկավար Կարո Բաղդասարյանը հերքեց տեղեկությունը, թե իր համայնքում նման տուն կա։ Այնուամենայնիվ, հստակ  տեղեկություններ ունենք, որ առանձնատունը գտնվում է հենց այստեղ։

Դեռ մի քանի ամիս առաջ այն հանվել է վաճառքի 1 մլն դոլարով։

Գնորդ է հայտնվել, որը ցանկացել է 600 հազարով գնել առանձնատունը, սակայն Ուզունյանը չի համաձայնվել։

Դեռ երկու օր առաջ առանձնատունն այս վաճառվում էր 420 հազար դոլարով, սակայն այսօր, երբ հայտնի դարձավ, որ դատավորը մեկնել է երկրից, գինն ավելի է իջել, հասնելով մոտ 350 հազար դոլարի, ինչը պարզապես ծիծաղելի է այսպիսի շքեղության համար։

Դատելով այս լուսանկարներից դժվար է հավատալ, որ նախկին դատավորը սոսկ աշխատավարձով է ապրել: Ի դեպ, Սամվել Ուզունյանը առաջին դատավորներից էր, ով հայտարարեց, որ պատրաստ է ենթարկվել վեթթինգի:

Մայիսի 27-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրի վարչական շենքում ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր նիստից առաջ նա ասել է այնտեղ հավաքված լրագրողներին. «Դեռևս չեմ կրող ասել արդարացված է արդյոք «վեթթինգը», թե ոչ: Ես պատրաստ եմ ներկայացնել իմ ողջ ունեցվածքը»:

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր էր հայտարարել, որ դատական համակարգը վիրահատական միջամտությունների կարիք ունի, իսկ Սամվել Ուզունյանը դեռ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր: Հետաքրքիր է, թե արդյոք դատավորը պատրաստ էր հայտարարագրել Կարբիի իր «կալվածքը»:

Կարբիի առանձնատունը դատավորի և նրա մերձավորների ունեցվածքի պաշտոնական ցանկում բացակայում է։ Այս տարի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովում դատավորը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում և 3 մլն դրամ գումար։

Հիշեցնենք, որ Սամվել Ուզունյանը դատավոր է աշխատել 1994 թվականից: Նրա վարած ամենահայտնի դատաքննությունը Հոկտեմբեր 27-ի գործն է:

Ըստ դատախազության տվյալների, Սամվել Ուզունյանը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ եղած ժամանակահատվածում, 51 հազար դոլար կաշառք է ստացել, որը նա վերցրել է երկու տարբեր գործերով՝ 2007 և 2014 թվականներին քննված:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest