Երեկ անդրադարձել էինք «Սոս մանկական գյուղեր» բարեգործական կազմակերպության շահառու Իրինա Ասլանյանի ճակատագրին, որը իր 4 տարեկան, սուր օստիոմիելիտով հիվանդ երեխայի՝ Սեյրան Բեգլարյանի հետ թափառում է տնից տուն, բարեգործական կազմակերպություններից՝ մանկական վերականգնողական կենտրոն։ Նա այս պահին այնտեղ է գտնվում, քանի որ Սեյրանիկը ստանում է հերթական բուժումները։ Իրինան բողոք ունի ընդդեմ «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության սոցաշխատողներից։

Նա վստահեցնում է, որ Լիլիա անունով աշխատակցուհին իրեն չի տրամադրել վառելանյութ, «լեժանկա», որն իրեն անհրաժեշտ է, առհասարակ, ուշադիր չէ իր նկատմամբ, կապ չի պաշտպանում։ Նա ասում էր, որ «Սոս Մանկական գյուղեր» կազմակերպության աշխատակիցները այլ շահառուների նաև իրեր են տրամադրում, վառելոնյութ, իսկ ինքը, քանի որ ըմբոստ բնավորություն ունի, մշտապես զրկված է նման աջակցությունից։ Իրինան ընդունեց, որ կազմակերպությունից ստացել է բրինձ, ձեթ, հիգիենայի պարագաներ, սակայն չի համակերպվում այն մտքի հետ, որ իրեն չեն գրանցում վարսավիրների  համար կազմակերպվող դասընթացներում, պատճառաբանելով, որ Իրինան Երևանում չի բնակվում։

Ինչպես և սպասվում էր, հրապարակումն ունեցավ արձագանքներ։

Երեկ մեզ հետ կապվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ  Ժաննա Անդրեասյանը։ Նա ասաց, որ կզբաղվի Իրինա Ասլանյանի խնդիրներով, կփորձի օգնել նրան և վերցրեց Իրինայի հեռախոսահամարը։

Չուշացավ նաև «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության արձագանքը։ Մեզ զանգահարեց կազմակերպության սոցաշխատողը՝ Լիլիա Ավանեսյանը։ Նա հայտնեց, որ այնքան աջակցություն ու խորհրդատվություն, որքան «Սոս մանկական գյուղերն» են իրեն ցուցաբերել, ոչ մեկին չեն տրամադրել․ «Վառելանյութ և լեժանկա մեր կազմակերպությունը չի տալիս։ Վարչական շրջանն է տալիս վառելանյութ։ Մենք վերջերս փաթեթով օգնություն ենք նրան տրամադրել, որի մեջ եղել է ձեթ, գրեչկա, շաքարավազ, բրինձ, հիգիենայի պարագաներ, ատամի մածուկից սկսած օճառով վերջացրած։ Դուք հավատու՞մ եք, որ մենք մեքենաներով օգնություն ենք ստանում, ու ինքը դրանից դուրս է մնում։ Մենք ունենք օգնությունների ցանկ, և մեր մոտեցումը անհատական է, բայց ինչ վերաբերում է սննդին, քաղցրավենիքին, նա այդ ամենի մեջ ներգրավված է»։

Լիլիան հայտնեց, որ ուրբաթ օրը ամանօրյա փաթեթ է ստացել, որում եղել է շոկոլադ․ «Շատ լավ շոկոլադ մեր «Գրանդ քենդիից»», — ասաց Լիլիա Ավանեսյանը։ Հարցին, թե ինչու վարսավիրական դասընթացներում չեք ներգրավում Իրինային, Լիլիան, պատասխանեց, որ կքննարկեն հարցը և կփորձեն նրան էլ ընդգրկել։

Մայա Ստեփանյանն էլ, «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության ծրագրի համակարգողը հայտնեց, որ իրենք շաբաթ-կիրակի օրերին հանգստանում են և չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Նա ասաց, որ իրենց ծրագրի նպատակը ոչ թե օգնություններ բաժանելն է, այլ ընտանիքները ամրապնդելը։

«Իրինան զրպարտում է մեզ։ Դա բացարձակապես զրպարտություն է։ Ոչ մի բանը ճիշտ չի ասել ձեզ նա», — հայտարարեց Մայա Ստեփանյանը։ Forrights.am-ի հարցին, թե ինչ դրդապատճառ ունի երիտաարդ կինը իրենց զրպարտելու, լավը վատ ներկայացնելու համար, պատասխանեց․ «Նա Ստեփանակերտից այդ շկոլան անցած գալիս է»։

Հիշեցնենք, որ Իրինա Ասլանյանը մինչև 2016 թվականը ապրել է Արցախի մայրաքաղաքում, որտեղ բնակվել է իր ամուսնու հետ, հետագայում ամուսնալուծվել է, իսկ Ստեփանակերտի դատարանը զրկել է հիվանդ երեխային հոր տանը բնակվելու իրավունքից։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest