Սոցաշխատողի ձեռքին նայելով. «Ինձ չեն օգնել նաև ձմեռային վառելանյութի հարցում»

0
153

Իրինա Ասլանյանը իր 4 տարեկան հիվանդ երեխայի՝ Սեյրանի հետ վերջին երկու տարին լիուլի ճաշակում է անտուն կյանքի արհավիրքը: Տարբեր  բարեգործական կազմակերպություններով դեգերելուց հետո նա հունիսից բնակվում է մի բարի կնոջ տրամադրած տարածքում՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում, կիսաքանդ մի տան մեջ, որտեղ չկան տարրական պայմաններ: Բայց ամեն րոպե վախենում է Սեյրանիկի հետ կրկին հայտնվել դրսում:

Մինչև 2016 թվականը ծնունդով երևանցի կինը որդու և ամուսնու՝ Արթուր Բ-ի հետ ապրում էր Ստեփանակերտում: Բայց ամուսինը ձեռք էր բարձրացնում Իրինայի վրա: Ընտանիքում վեճերն ու կռիվները անպակաս էին: Բանը հասավ նրան, որ Արթուր Բ-ն դուրս արեց կնոջն ու որդուն: Իրինայի ներկայացրած հայցապահանջը՝ իրեն և երեխային բնակտարածքով ապահովելու վերաբերյալ Ստեփանակերտի դատարանը  դեմս դատավոր Մ . Ավանեսյանի մերժեց այն պատճառաբանությամբ, որ հայցը հարուցելու պահին երեխայի հայրը՝ Արթուր Բ-ն Ստեփանակերտ. Գ. Նժդեհ փողոցի 71 տանը չի բնակվել, նա հիմնականում բնակվում է Մոսկվա քաղաքում:

Այս պատմությանը, դատարանի անարդար վճռին Forrights.am-ը անդրադարձել էր ամիսներ առաջ:

Օրերս Իրինա Ասլանյանի  հետ կրկին կապ հաստատեցինք, տեղեկանալու համար, թե որտեղ է նա բնակվում և ինչպես է կարողանում խնամել որդուն: Բանն այն է, որ փոքրիկ տղան ի ծնե տառապում է ոսկրային հիվանդությամբ՝ սուր հեմատոգեն օստիոմիելիտով և հոդախախտ է եղել,  վիրահատվել է: Նա վնասվածքաբանի մշտական հսկողության կարիք ունի, որը անհնար է ապահովել թափառական կյանքի պայմաններում: Որդու խնամքը կլանում է Իրինայի ողջ ժամանակը, և նա չի կարողանում տեղավորվել աշխատանքի:

Այս պահին նա որդու հետ գտնվում է Երևանում, Նորագյուղի մանկակական վերականգնողական կենտրում, որտեղ ապրելու է մինչև դեկտեմբերի վերջ: Իրինան սա մեծ հաջողություն է համարում ու շատ շնորհակալ է Կոտայքի մարզի պոլիկլինիկայի այն բժշկուհուն, որն իրեն տվել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և այս կենտրոնի ուղեգիրը:

Թափառական կնոջից յուրաքանչյուր փաստաթուղթ հայթհայթելը անսահման ջանքեր է պահանջում ու երկար ժամանակ, ահա ինչու Կոտայքի բժշկուհուն նա ուղղակի պաշտում է: Նա, ինչպես նաև  վերականգնողական կենտրոնի տնօրենը, որը  բարի է իր և որդու նկատմամբ, Իրինայի կյանքի բարի կերպարներն են:

Բայց կան նաև «չար կերպարներ»: Իր նախկին ամուսնուց բացի, դա «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության աշխատակից Լիլիան է: Իրինան հանդիսանում է «Սոս մանկական գյուղեր» բարեգործական կազմակերպության շահառուն, և կախված է Լիլիայի քմահաճույքից: Նա սպասում է Լիլիայի կողմից բաժանվող բրնձին, ձեթին, հիգիենայի պարագաներին: Երբեմն կազմակերպությունն ավելի մեծ օգնություն է տրամադրում իր շահառուներին՝ երեխաների համար հագուստ, ինչ-որ կենցաղային իրեր: Բայց Իրինային բացի ձեթ ու բրնձից այլ բան չեն տալիս: Նա գտնում է, որ պատճառը իր ըմբոստ, չշողոքորթող բնավորությունն է:

«Հիմա հերթական ժամկետն էր, որ իրենք պետք է ինձ օգնություն տրամադրեին: Ես սոցաշխատողին ասեցի՝ գիտեք, ես երեխայի հետ նույն թախտի վրա եմ քնում, մի քիչ հարմար չի, եթե ունեք «լեժանկա», ինձ տվեք: Ես գիտեմ, մյուսներին իրենք վառելանյութ են տրամադրել, լեժանկաներ, իսկ ինձ ասեցին՝ մեր պայմանները սուղ են, մենք միջոցներ չունենք: Չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մեկին կարողանում են ամեն ինչ տրամադրել, իսկ մյուսին, որն առավել կարիքավոր է՝ ոչ: Մեր աղջիկներից մեկին էնքան շոր էին տվել, որ նա նույնիսկ կողքիններին էր բաժանում: Ու թող ինձ չվիրավորեն, հետս վիրավորական տոնով չխոսեն: Ինձ ասում է՝ թող ախպերդ քեզ օգնի»:

Որպես «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության շահառու, Իրինա Ասլանյանը գանգատվում է սոցաշխատողների անտարբերությունից: «Հոգեբանները, սոցաշխատողները մշտական կապի մեջ պետք է լինեն իրենց շահառուի հետ, պետք է իմանան, ինչ կարիք ունի շահառուն, ինչը ի սպառ բացակայում է: Իրենք պետք է միջնորդեին, որ Սեյրանիկին մանկապարտեզ տանեմ, դա էլ չարեցին, որ ես կարողանամ գոնե աշխատեմ, ընդհանրապես իրենք այնպես են պահում, որ իրենք այնտեղ նստած են զուտ մարդկանց վիրավորելու համար», — ասում է երիտասարդ կինը:

Մի քանի օր առաջ նա զանգել է «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության աշխաակից Արմինե Գյուլնազարյանին, խնդրելով, որ իրեն գրանցի վարսավիրական դասընթացների: «Փոխանակ ինձ ընդգրկի ցուցակում, ինձ ասում է՝ միայն  երեվանաբնակները կարող են մասնակցել: Ինձ չեն օգնել նաև ձմեռային վարելանյութի հարցում», — գանգատվում է Իրինան: 

Նա օրեր առաջ, երեկոյան ուշ ժամի սմս-հաղորդագրություն է ստացել կազմակերպությունից, տեղեկացում, որ գա և հումանիտար օգնություն ստանա:  Առավոտյան գնացել է այնտեղ, իրեն ասել են, որ իրերը հետ են գնացել:

«Դա ծաղր է, այդպես չի կարելի վերաբերվել մարդկանց: Թող մի հատ գան, տան վիճակը տեսնեն: Ինձ մի անգամ սովետական մալյուտկա են տվել, ու դրանից հետո ամեն անգամ կոպտում են», — դատում է Իրինան:

Մենք փորձեցինք կապվել «Սոս մանկական գյուղեր» կազմակերպության աշխատակիցների, մասնավորապես Լիլիայի  հետ, սակայն ապարդյուն: Պատրաստ ենք լսել նաև նրանց, եթե, իհարկե, նրանց հետաքրքիր են իրենց  շահառուների կարծիքը կզմակերպության աշխատանքի վերաբերյալ:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here