«Հաբրգել ես, քեզ պետք ա պատժել». Բակո Սահակյանի բարեկամները ծեծի են ենթարկել Սամվել Բաբայանի հաշմանդամ ակտիվիստին

622

Դեկտեմբերի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի բարեկամները Ստեփանակերտի Հայկավան թաղամասում ծեծի են ենթարկել Սամվել Բաբայանի ակտիվիստ դարձած իրենց հարևանին, որն առաջին կարգի հաշմանդամ է:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը՝ տեղադրելով ծեծվածի լուսանկարը: 5 օր Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող 1-ին կարգի հաշմանդամ Արթուր Սարգսյանին երեկ վիրահատել են:

«Ես Սամվել Բաբայանի շտաբ եմ գնացել, ակտիվիստ եմ գրանցվել, պատճառը դա ա եղել: Իրանք հենց իմ կողքի հարևաններն են: Ասել ա՝ հաբրգել ես, քեզ պետք ա պատժել, քիթդ խոթում ես որտեղ պետք չի»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց Արթուր Սարգսյանը՝ հավելելով. «Ինձ ոտքով հետևից խփեցին, գցեցին գետնին ու քացիներիով սկսեցին ծեծել»: Ըստ նրա՝ ծեծողները Բակո Սահակյանի բարեկամներն են՝ հորաքրոջ տղան իր տղայի հետ:

Տուժածի խոսքով՝ ինքը գլխուղեղի վնասվածք է ստացել՝ ուղեղի ցնցումով, ուսի հատվածում անրակի ու քթի կոտրվածք և պատճառը միայն այն է, որ աջակցել է Բաբայանին, թեև, պարզեցինք, որ Սամվել Բաբայանը իրեն չէր տեսակցել հիվանդանոցում:

Չնայած փողոցում պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններն են հաշմանդամ Արթուր Սարգսյանին հասցրել հիվանդանոց, նրանից դեռ բացատրություն չեն վերցրել: Դատաբժիշկը միայն 4-րդ օրն է այցելել՝ վնասվածքները գրանցելու: «Նրանք սպասում էին, որ անցնի, հետո գային»,-բողոքեց տուժածը:

Պատգամավոր Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ փոխոստիկանապետի հետ զրույցից հասկացել է, որ դեռևս գործ հարուցված չէ: «Նույնիսկ Արթուրից դեռ բացատրություն չեն վերցրել։ Ակնհայտ է, որ ոստիկանությունը գնում է գործը կոծկելու ճանապարհով։ Բեսպրեդելը շարունակվում է»,-ասաց Խանումյանը՝ հավելելով, որ այսօր է տեսակցել Արթուր Սարգսանին հիվանդանոցում։ «Մի քանի ժամ տևող վիրահատություն է եղել: Դեմքին վնասվածքներ կային, ձեռքերը ամբողջովին այտուցված էքն, մատները, ոտքերը»:

Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեզ հետ զրույցում խուսափեց գնահատական տալ կատարվածին կամ դատապարտել այն: «Ամենակարևորը, որ պետք է պարզվի՝ ճշմարտությունն է, իսկ դա կարող են անել բացառապես պատկան մարմինները: Ես տեղյակ չեմ այդ միջադեպի մասին, տեսել եմ գրառում Խանումյանի մոտ, բայց այդ անձնավորությունը Արցախում հայտնի է որպես ստախոս, որպես պրավակատոր: Իսկությունը պետք է պարզենք պատկան մարմիններից՝ եղե՞լ է արդյոք այդպիսի դեպք, ի՞նչ դեպք է եղել, ի՞նչ է տեղի ունենցել առհասարակ: Միայն դրանից հետո կարող ենք խոսել միջադեպի մասին»,-ասաց Բաբայանը:

Դիտարկմանը, թե ծեծվածի ու վիրահատվածի նկարը հրապարկված է, Բաբայանը հակադարձեց. «Հա գիտեմ, բայց արդյո՞ք դա եղել է ծեծկռտոցի արդյունքում, դա պետք է պարզել, դա պետք է պարզեն պատկան մարմինները: Խանումյանի պես պրավակատորի ասածը հիմք չէ»:

Ըստ Բաբայանի՝ Արցախում չպետք է լինեն «արտոնյալներ և թշվառներ»: «Սա միանշանակ: Սա քաղաքական գնահատական է: Առհասարակ անթույլատրելի է ինչ-որ մեկին հետապնդել քաղաքական հայացքների համար: Դրա համար պետք է իսկությունը պարզել, նոր գնահատականներ տալ»,-բացատրեց Բաբայանը՝ հավելելով. «Եթե ապօրինի խնդիրներ են եղել, իհարկե պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն իրավապահ մարմինները: Ես չգիտեմ՝ դա ճշմարտությո՞ւն է, թե՞ ճշմարտություն չէ: Գնահատականը պետք է տան պատկան մարմինները»:

Մարինե Խառատյան