«Մենք ստեղծում ենք աշխատանքային խումբ, որը օգնությամբ կկարողանանք գտնել մի բանաձև, ինչը հնարավորություն կընձեռնի օրենսդրական մակարդակում պայքարել ատելության խոսքի դեմ»։
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն միաձայն ընդունեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանի նախաձեռնությունը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ խումբը լինելու է ավելի մեծ հարթակ, որտեղ ներգավված են լինելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ և կառավարության ներկայացուցիչներ՝ իրենց մոտեցումները ներկայացնելու համար։
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը ողջունեց աշխատանքային խմբի ձևավորումը, սակայն շեշտեց՝ պետք է բավականին ճշգրիտ լինել ձևակերպումների մեջ, քանի որ բավականին նուրբ սահման կա ատելության խոսքի և ազատ խոսքի միջև։ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ պետք է գտնե այդ սահմանը, քանի որ ոչ ոք երաշխավորված չէ, որ մի օր էլ ինքը թիրախ կդառնա․
«Ատելության խոսքի մասին որևէ հստակ սահմանում չկա, սակայն եթե փորձենք ձևակերպել, ապա դա որևէ անհատի կամ խմբի հանդեպ բացասական վերաբերմունքն է՝ անհատի ինչ-ինչ հատկանիշներից ելնելով։ Այդ հատկանիշները տարբեր են, կարող են ձգվել քաղաքական դիրքորոշման պատճառից մինչև սեռական կողմնորոշում և կրոնական պատկանելիություն։ Ատելության խոսքն առավել սրացել է հեղափոխությունից հետո, ընդ որում և՛ իշխանության և՛ ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Մեկմեկու կողմնակիցներրը կամ նրանց կողմից կառավարվող ֆեյքերը և լրատվամիջոցները հակադարձում են միմանց ու ատելության ամպ բարձրացնում»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Խուրշուդյանը։
Ամիսներ առաջ կենտրոնը հետազոտություն էր անցկացրել և պարզել, որ այսօր Հայաստանում ատելության խոսքը և քարոզը բաժին է ընկնում քաղաքական ընդդիմախոսների և սեռական ինքնության հանդեպ։ Իրավապաշտպանը ողջոնում է ատելության խոսքը քրեականացնելու նախագծին, նշելով, որ միայն քրեաիրավական հարթությունում է հնարավոր լռեցնել, կամ գոնե նվազեցնել ատելության այս հոսքը․
«Այսօր մի զգալի խավ, ունենալով ոչ այնքան պոպուլյար և ստանդարտ կարծիք, ուղղակի վախենում է արտահայտվել և ազատորեն մասնակցել քննարկումներին, վախենալով, որ կարող է թիրախ դառնալ ատելության խոսք կրողների համար։ Քրեական պատասխանատվությունից խուսափելու տարբերակ կարող է լինել տուգանքների ավելացումը, սակայն, որպես կանոն, դա էլ կարող է իր նպատակին չծառայել։ Շատ են լինում դեպքերը, երբ քաղաքական նպատակներով են նման քայլերի դիմում և հսկայական գումարներ են տարածում այդ քարոզի համար»։
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը, սակայն, կարծում է, որ ազատազրկումը կամ պատիժը՝ որպես խափանման միջոց կիրառելը չափից դուրս խիստ է և կարելի է բավարարվել բացառապես տուգանքով․
«Պարբերաբար ազատազրկումով սպառնալը հղի է նաև պետության ձեռքին չարաշահվելու և գործիք դառնալու վտանգներով։ Պետությունը ոչ թե պետք է նման խիստ միջոցներով վախեցնի, այլ ուղղակի որոշակի քայլեր իրականացնի և բարձրացնի կրթության, իրավագիտակցության և իրազեկման մակարդակը»։
Դոյդոյանի կարխիքով՝ քանի դեռ չկա սահմանումը, թե ինչ ասել է ատելության խոսք, կշարունակվի ցուցաբերվել երկակի և տարբերակված մոտեցում․
«Պետք է հստակ լինի, որ կամայական կամ երկակի ստանդարտների հնարավորություն չստեղծի։ Չպետք է լինի ազատ խոսքը սահմանափակման միջոց, հակառակ դեպքում դա ավելի շատ խնդիրներ է ստեղծելու, քան՝ լուծելու»,- Forrights—ին պարզաբանեց Շուշան Դոյդոյանը։
Խնդրին իրավական կողմից առավել ծանոթանալու համար, կապ հաստատեցինք փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Փաստաբանի բնորոշմամբ՝ ատելության խոսքի կանխումը հենց քրեականացված պետք է լինի, քանի որ քաղաքացիական իրավունքի տիրույթում մի քիչ վտանգավոր կլինի սահմանել ատելության խոսքը։
«Քաղաքացիական օրենսգրքում ատելության խոսք սահմանելը վտանգավոր է մի քիչ, քանի որ այնտեղ կա վիրավորանք, զրպարտություն, թրոլլինգ։ Դրանք ինքստինքյան արդեն ինքնաբավ են։ Անհամարժեք կլինի ատելության խոսքը քննել քաղաքացիական օրենսգրքով։ Այն չի կարող քաղաքացիական պատասխանատվության հանգեցնել, քանի որ հիմքում ատելությունն է ընկած»,- պարզաբանեց Ղազարյանը։
Փաստաբանն առաջարկում է Քրեական նոր օրենսգիրքն ընդունել, որտեղ կլինեն խտրականության հիմքեր, որոնք ինքստինքյան կթուլացնեն ատելության խոսքը․
«Առաջին հայացքից քեզ հնարավոր է թվա ատելության խոսք է, սակայն տեսնես, որ մի կարևոր էլեմենտ բացակայում է՝ ատելության շարժառիթը, կանխակալությունը։ Սուր քննադատությունը դեռևս ատելության խոսք չէ»,- հավելեց փաստաբանը։
Հավելենք, որ ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբը գործելու է 6 ամիս։ Աշխատանքների ավարտից հետո արդյունքների մասին կհայտնեն հանձնաժողովին։ Խումբը բաղկացած կլինի 11 անդամներին, կղեկավարի՝ Սարգիս Խանադյանը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: