Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Հատուկ քննչական ծառայությունից «168․am» լրատվամիջոցում հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են» նյութի ուսումնասիրության նպատակով։ Հրապարակմամբ, մասնավորապես, նշվել է, որ հրապարակող լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել լրագրողի հեռախոսային խոսակցությունների վերծանումները՝ փորձելով բացահայտել լրագրողի տեղեկատվության աղբյուրը: Ըստ հրապարակման՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը հնարավոր է նաեւ գաղտնալսել է լրագրողի հեռախոսային խոսակցությունները:
Նույն հոդվածում հրապարակվել է նաեւ այս կապակցությամբ Հատուկ քննչական ծառայություն հասցեագրված հարցման պատասխանը, համաձայն որի՝ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով:
Նույն հարցով Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել նաեւ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել Մարտի 1-ի դեպքերի բացահայտման շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած ցուցմունքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում՝ առանց քննիչի եւ դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով հարուցված քրեական գործի առթիվ։
Ստացված պարզաբանումների արդյունքում այս պահին ի գիտություն է ընդունվել, որ այդ քրեական գործը քննվում է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (ոչ մեծ ծանրության հանցագործություն) հատկանիշներով:
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեության անխոչընդոտ իրականացումը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում, եւ այդ գործունեության նկատմամբ ոչ իրավաչափ ցանկացած միջամտություն արժանանալու է Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային արձագանքին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: