«Ինձ ճնշում էին, որ փոխեմ իմ ցուցմունքը, ու ես արդյունքում փոխեցի».սեռական բռնության ենթարկված զինծառայող

0
168

Ժամկետային զինծառայող Կ-ի համար ծառայության առաջին իսկ ամսից բանակը վերածվել է մղձավանջի:  2018 թվականի հունվարի 15-ին նա զորակոչվել է բանակ՝ Մարտակերտի N զորամաս, որտեղ, ըստ իր ցուցմունքների, սպան իրեն ենթարկել է սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և ծեծի։ Գործը հարուցվել է այն բանից հետո, երբ Կ-ն իր մեջ ուժ է գտել կատարվածի մասին պատմել մորը:

Սակայն դատախազությունը մեղադրյալ է կարգել ոչ թե սպային, այլ բռնաբարված զինվորին, թեև Բռնաբարության և ծեծի փաստերը հետագայում հաստատվել են դատաբժշկական երեք փորձաքննությունների եզրակացություններով:

Այժմ նա մեղադրվում է սուտ մատնության համար, Քր. Օր-ի 333 հոդվածի 1-ին կետով՝ «հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»։

Գործը դատարանում է: Վերջին նիստը Ստեփանակերտի դատարանում տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ին։ Դրանից հետո նիստը երկու անգամ չի կայացել, և հաջորդը նշանակված է երկու ամիս անց՝ փետրվարի 26-ին։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հենց առաջին օրից զինվորի և նրա մոր՝ Ս-ի կողքին է եղել, նրանց իրավական աջակցություն է ցուցաբերել, նրա հարցը բարձրացրել է ՊՆ պաշտոնյաների հանդիպումների թեման պարբերաբար լուսաբանվել է Forrights.am կայքում։ Մենք հնարավորություն ենք տվել խոսելու նաև հակառակ կողմին՝ սպա Ռ․ Թ-ին, որը, ըստ գործում առկա ցուցմունքների, իրականացրել է ծեծն ու բռնի սեքսուալ գործողությունները։ Նա պնդում է, որ զինվորը իրեն զրպարտել է, քանի որ նա խիստ հրամանատար է, երդվում է, որ սպայի պատիվը թույլ չէր տա նրան այսպիսի հանցագործություն կատարել։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նա այն նույն հրամանատարն է, որի ենթակայության տակ էին ծառայում եզդի զինծառայող Արթուր Աջամյանը, որը  դեկտեմբերի 4-ին զոհվեց , բողոքի ակցիա էին իրականացնում դեկտեմբերի 2-ին Մատաղիսի զորամասում սպանվեց չպարզված հանգամանքներում, և որի հարազատներն ու համագյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել խորհրդարանի դարպասների առաջ։ Արթուրի մարմնի վրա, ըստ նրա փաստաբանի, բացի հրազենային վիրավորումից ստացված վերքից, բռնության այլ հետքեր էլ են եղել։

Եւ այսօր ահա, մեկ տարի անց ունենք հետևյալ պատկերը․ զինվորը ամբաստանյալի աթոռին է մի հանցանքի համար, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այսօր Կ-ն ազատված է զինվորական ծառայությունից, սակայն այս մեկ տարում նրա կրած հոգեբանական ու ֆիզիկական չարչարանքները նրան հասցրել են ծանր հոգեվիճակի։ Գլխին անհասկանալի գոյացություն է հայտնաբերվել: Ստեփանակերտի հոսպիտալում Կ-ին վիրահատել էին առանց բուժհետազոտության, ինչի արդյունքում գոյացությունը ճյուղավորվել էր:

«Ինձ ազատեցին առողջական խնդիրներով պայմանավորված, երկարատև դեպրեսիայի պատճառով, — ասում է Կ-ն, — պաշտպանության նախարարության կողմից աջակցույթյուն չի եղել։ ԻՄ ազատումը և այն, որ փաստաբանիս օգնությամբ ես հետագայում պնդեցի իմ ցուցմունքները, զուտ իմ իրավունքների համար պայքարի արդյունք էր։ Այսօր ես մեղադրյալի աթոռին եմ, իմ անվտանգությունը պաշտպանության նախարարությունը չի ապահովել, դա հատկապես ինձ խանգարել է այն շրջանում, որ ես իմ հաղորդումը տվեցի ու իրենք ինձ ուղարկեցին ռազմական ոստիկանություն ու ճնշում էին, որ ես փոխեմ իմ ցուցմունքը, ու ես արդյունքում փոխեցի»։

Հետագայում, արդեն դատարան նիստերի ժամանակ, հիշեցնենք, Կ-ն կրկին վերադարձել էր իր նախնական ցուցմունքներին։ Ինչու՞մ կայանում ճնշումը։ Մեր հարցին նախկին շարքայինը պատասխանեց․

«Պատկերացրեք, որ մարդը նոր է գնում ծառայության, ու այդ դեպքը իր հետ լինում է, առաջին հերթին նա շատ ճնշված վիճակում է հայտնվում, ու միանգամից նրան տեղափոխում են ռազմական ոստիկանություն, այդ վիճակում։ Դա կրկնակի ճնշում էր։ Ստեփանակերտի ռազմականում ճնշումներ չեն եղել, սակայն անվտանգության առումեվ եղել են, քանի որ այդ սպաները ազատ ելումուտ են ունեցել այնտեղ։ Իսկ կոնկրետ իմ դեմ բռնություններ կիրառած անձը կարող էր մտնել երբ ուզեր, պատճառաբանելով, որ ինքը կարգազանց զինվոր է այդտեղ բերել, կարգապահական վաշտ»։

Հիշեցնենք, որ Կ-ի մայրը պատմել էր, որ որդուն ծաղրի են ենթարկել նաև զորամասում։

Forrights.am-ի հարցերին պատասխանելով, նախկին զինծառայողը  ասաց, որ վերջին դատական նիստը հետաձգվել է իր նախաձեռնությամբ, քանի որ փաստաբանը առողջական խնդիրներ է ունեցել։

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here