Կալանավորի կինը պնդում է, որ ամուսինը ավելի քան 25 օր հացադուլի ու ջրադուլի մեջ է . «Ամուսինս արդեն արյուն է թքում, բայց թաքցնում են»

634

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ ուրբաթ օրը մերժել է ավելի քան 25 օր հացադուլի մեջ գտնվող Վարդան Մաթևոսյանի կալանավորման որոշումը վերացնելու մասին բողոքը: Թեև Քրեակատարողական ծառայությունից լրատվամիջոցներից մեկին դեկտեմբերի 10-ին հայտնել էին, թե կալանավոր Վարդան Մաթևոսյանն արդեն դադարեցրել է հացադուլը, կինը մեզ հետ զրույցում պնդեց, որ դա իրականությանը չի համապատասխանում ու ամուսինը հացադուլի մեջ է:

«Ամուսինս արդեն արյուն է թքում, բայց թաքցնում են: Ես տեղեկություն ունեմ, որ ինքը դուրս չի եկել հացադուլից ու ջրադուլից: Ինքը ասել ա՝ մահ էլ լինի, դուրս չեմ գալու հացադուլից, ինձ կամ հանելու են, կամ դուրս չեմ գալու: Չեմ հասկանում՝ ինչի են խաբում լրատվամիջոցներին: Արդեն երկրորդ անգամ է՝ ասում են դուրս է եկել, բայց ես տեղեկություն ունեմ, որ հացադուլի ու ջրադուլի մեջ է: Առաջին անգամ ասեցին, թե անունն են շփոթել»,- Forrights.am-ին դժգոհեց 35-ամյա Վարդան Մաթևոսյանի կինը՝ Ամալյա Մաթևոսյանը՝ շարունակելով. «Տեսակցության ժամանակ պռոշները կապտած, ճաքճքած էին ջրազրկումից, վատ վիճակում էր, գույնը գցած, իսկ հիմա արդեն արյուն է թքում»:

Քրեակատարողական վարչությունից Forrights.am-ին տեղեկացրին, որ շփոթմունք է տեղի ունեցել. Վարդան Մաթևոսյանը շարունակում է նոյեմբերի 25-ից սկսած հացադուլը և բանտից սխալ տեղեկություն են հայտնել, քանի որ շփոթել են Վարդան անունով մեկ այլ կալանավորի հետ: Ըստ ՔԿՎ լրատվական ծառայության ղեկավար Նոնա Նավիկյանի՝ բժիշկները հետևում են Մաթևոսյանի առողջությանը և նա արյուն թքելու հետ կապված խնդիր չունի:

Քրեակատարողականը չի ֆիքսում, որ կալանավորը նաև ջրադուլ է անում. «Քանի որ մենք ծորակը բաց ենք թողնում և նա ջրի ծորակով խցում է գտնվում»,-նշեց Նավիկյանը: Մինչդեռ Մաթևոսյանի կինը պնդեց, որ այդ հարցում խախտում են ամուսնու իրավունքը, քանի որ Մաթևոսյանը ի սկզբանե հայտարարել է նաև ջրադուլի մասին: Նա խցի ծորակը կոտրել է, ինչից հետո բանտում փակել են ջուրը և նրա խցում այժմ ջուր չկա:   

Ամալյայի ամուսինը նոյեմբերի 24-ին կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով մեղադրանքով: Կնոջ պնդմամբ՝ Վարդան Մաթևոսյանը «Արմավիր» ՔԿՀ-ում շուրջ 20 օր հացադուլ ու ջրադուլ է անում իր հետ առնչություն չունեցող մեղադրանքի պատճառով:

Վարդան Մաթևոսյանը նախկինում արդեն չորս անգամ դատված է եղել, սակայն կինը պնդում է, որ այս մեղադրանքը իրեն անհիմն է ներկայացվել, գործել է դատվածություն ունեցողի վրա գործ բարդելու իրավապահների ավանդույթը: «Քննիչը իրեն ասել է՝ Վարդան շառով էլ լինի, պիտի դատվես, արի էս գործը վերցրու քո վրա, ես քեզ տղավարի խոսք եմ տալիս, դու մինչև դեկտեմբերի վերջ երեխուդ հետ Նոր տարի կանես տանը։ Ամուսինս չի ընդունել, դրա համար և հացադուլ, և ջրադուլ է անում»,-պատմեց կինը՝ մանրամասնելով, որ խոսքը ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Արմեն Մաթևոսյանի մասին է։

Ամալյան, որը 6 ամսական երեխա ունի ու վարձով է ապրում, 7.5 տարի սպասել է բանտից ամուսնու վերադարձին: Ամուսինը բանտից դուրս է եկել նոյեմբերի 20-ին: Իսկ նոյեմբերի 24-ին կրկին կալանավորվել է մի հանցանքի համար, որը, ըստ կնոջ, չէր կարող իրագործել բանտում լինելու ժամանակ: «Իբր բերդից բիլայն համարներով զանգել, ապրանք է պատվիրել, գումարը չի տվել, 6 մլն 200 հազար դրամի մասին է խոսքը, բայց ինքը ասում ա՝ ես դա չեմ արել, էն ինչ արել է, խոստովանել է»,-հավաստիացրեց կինը։ 

«6 միլիոն 200 հազար կերած մարդու ընտանիքը ծայրահեղ ծանր պայմաններում կապրե՞ր: Ես անգամ կոմունալ վճարներ չեմ կարողանում անել: Իմ 6 ամսական երեխան կոշիկ ու կուրտկա չունի: Գնացել էինք Վարդանի մոտ և դուրս գալուց իմ հագի կուրտկայով եմ փաթաթել երեխուս»,-տարակուսանք հայտնեց Վարդանի կինը՝ շարունակելով. «Ես ահավոր ծանր հոգեվիճակում եմ՝ վարձով տան մեջ, փոքր երեխան գրկիս: Կոմունալ վճարներս չեմ կարողանում մուծել ու տանտերն էլ խնդրել է՝ ազատել բնակարանը»:

Ամալյան Մաթևոսյանն ասաց, թե ամուսինը ընդունել է իր նախորդ սխալները, բայց ոչ այս մեկը: «էս մեկը չի արել, իրան շառով են տվել՝ առանց ապացույցների։ Ասում է՝ լրիվ անարդար են իրեն դատում ու կալանավորել, փորձել են ցուցունք կորզել այլ անձանց դեմ»,-պատմեց կինը՝ հավելելով, թե ամուսինը ասել է հետևյալը․ «Հանցագործություն արած լինեմ, դատվեմ, բայց սա ես չեմ արել, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու: Սա Փաշինյանի ժամանակշրջանն է, անարդարություն չի լինելու»:

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, որը ստանձնել է Վարդան Մաթևոսյանի պաշտպանությունը, պատրաստվում է Վերաքննիչի մերժումը բողոքարկել Վճռաբեկում, սակայն դեռ պարզ չէ՝ Վճռաբեկը դիմումը կընդունի, թե ոչ: «Մենք առարկել ենք, ասում ենք, որ քննիչի կողմից բերված փաստական տվյալները բավարար չեն կալանք կիրառելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ դատարանը մերժել էր իր բոլոր առարկությունները․ «Անգամ գրավի միջնորդություն էինք արել»։

Փաստաբանի խոսքով՝ Մաթևոսյանը չի ընդունում մեղադրանքը։ «Առարկություն ունենք և վիճարկում ենք նրա մասնակցությունը դեպքերին։ Մեղադրանքի հիմքում մի ձայնագրառում է դրված, որի հիմքն էլ ենք վիճարկում։ Ուղղակի նախաքննություն է հիմա, շատ բաներ չեն կարող ասել։ Բայց մենք էդ մեղադրանքը վիճարկում ենք»,-ասաց փաստաբանը։

Ըստ Ֆանյանի՝ առարկությունները վերաբերում են փորձաքննությունը նշանակելիս տրամադրված նմուշներին։ «Դրանք, մեր կարծիքով, չէին կարող այդ փորփաքննությունը կատարելու հիմք հանդիսանալ։ Վարդան Մաթևոսյանի ձայնի նմուշն ենք էս պահին վիճարկում։ Քանի որ սխալ ճանապարհով է ստացվել, այդ փարձաքննությունն էլ չի կարող քրեական դատավարությունում որպես ապացույց լինել։ Ցուցմունքներում խոսքը այլ անունով անձի մասին է և Վարդան Մաթևոսյանին ոչ ոք չի նշում»,-մանրամասնեց պաշտպանը։ 

Պաշտպանի խոսքով՝ զուգահեռ այլ վարույթներ էլ են քննվում Վարդան Մաթևոսյանի նկատմամբ։ Այս գործով՝ նրան վերագրվում է բանտից հեռախոսի միջոցով խոշոր խարդախության կատարում։ Եթե Մաթևոսյանը մեղավոր ճանաչվեց դատարանով, նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։

Ամալյա Մաթևոսյանը դիմել է գլխավոր դատախազություն, որտեղ նրան խոստացել են հետևել քրգործի ընթացքին:

Մարինե Խառատյան