Համացանցում տարածված խոշտանգման կադրեր
պարունակող տեսանյութում երևացող մարդկանցից որևէ մեկին մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել,
սա ցինիզմի գագաթնակետն է, չունի ոչ իրավական, ոչ բարոյական բացատրություն: Այս մասին ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ
Նինա Կարապետյանցը:
«Խոսքը չորս հոգու մասին չէ, այլ հինգ: Հինգերորդը նկարել է, այսինքն
իմացել է այդ հանցագործության մասին ու չի հայտնել: Ունենք 5 մեղադրյալ, սակայն այսօր
որևէ մեղադրյալ չկա»,- նշեց նա, հավաստիացնելով, որ նկարահանողը ևս ոստիկան է, քանի
որ բացի ոստիկանից՝ 10 տարի առաջ ոչ-ոք հնարավորություն չէր ունենա մտնել և նկարահանում
կատարել բաժանմունքում․
«10 տարի առաջ ոչ մեկ չուներ սմարթֆոն, որ նկարահաներ, դա վստահաբար ներսի մարդ է եղել: Սա առաջին նման դեպքը չէ. ֆորմալ առումով գործը սկսում են, 1-2 հոգու հարցաքննում, հետո սկսում այնքան ձգձգել՝ մինչև տուժող կողմը հոգնի, ձանձրանա»,-ասաց իրավապաշտպանը։
Իրավապաշտպանի խոսքով, արդարադատություն
իրականացնող մարմիններում վերջին մեկուկես տարում
որևէ փոփոխություն, որևէ շարժ չի եղել. «Չի եղել ոչ մի
փոփոխություն, բացառությամբ 1-2 բարձր պաշտոնյաներ,
որոնք նախկինում նույնպես աշխատել են այդ նույն կառույցներում: Ընդունված կարգ է՝ ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ ցուցմունք չեն տալիս:
Վատ ավանդույթ է»:
Տուժող Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա»
իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ խոշտանգման դեպքը տեղի է ունեցել
2008 թվականին, անձը բերման է ենթարկվել գողության մեղադրանքով:
«Բազմաթիվ սենյակներ են տուժողին մտցրել, խոշտանգել, ի վերջո ցուցմունք
են կորզել, որ այդ գողությունն այդ անձն է կատարել, ինչի համար դատապարտվել է»,- նշեց
փաստաբանը, հավելելով՝ հարուցված է քրեական գործ ՔՕ 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն
անցնելը) 2-րդ մասով։
Հատուկ քննչական ծառայությունը տուժող ճանաչելու
որոշում է կայացրել, արդյունքում անձը երկու անգամ հարցաքննվել է:
«Տուժող կողմը մտահոգված է՝ երկար ժամանակ է, որ վարույթ իրականացնող մարմինն առնվանզ նյութերի նախապատրաստման
ընթացքում բավարար տվյալներ ձեռք բերեր, այդ անձանց մեղադրանք
առաջադրեր»,- նշեց պաշտպանը, մանրամասնելով, որ խոշտանգման գործերի նկատմամբ վաղեմության
ժամկետ չի կիրառվում:
Տուժողի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանն ասաց, որ սուտ հոդվածքով
մարդը դատվել է, սակայն դատախազը, դատավորը, որոնք դատել են նրան, հիմա հանգիստ պտտվում
են․
«Դա չի եղել մեկ օր: Երեք օր այդպես ծեծել են, բայց դատախազը չի մեղադրվել, դատավորը չի մեղադրվել, ոստիկանները չեն մեղադրվել. նրանք ազատ պտտվում են մեր մեջ: Մեղավորները պետք է ազատազրկվեն, որ հասարակությունը կարողանա հանգիստ շունչ քաշել՝ տեսնելով, որ խոշտանգողներն իրենց մեջ չեն և կրում են իրենց պատիժը»,- ասաց տուժողի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ այսօր այդ մարդը կրկին դատապարտված է թմրանյութերի գործով, սակայն կարծում է, որ արդար դատ չի եղել, բոլոր կասկածներն ունի, որ մեղադրանքը կեղծ է․
«Կարևոր չի Սերժի ժամանակ է եղել, Քոչարյանի, թե Թավշյա Հայաստանում, կարևորն այն է, որ Հայաստանում մարդ են ծեծում և անպատիժ մնում։ Իմ բարեկամը, որը երկար տարիներ է՝ այս ծանր հոգեբանական վիճակի մեջ է, հիմա էլ ամեն անգամ քննության բերումով այդ տեսանյութը նայում է։ Չենք հանձնվելու, անելու ենք ամեն բան՝ իրենց ուսադիրները մեզ չեն վախեցնում»,-ասաց նա
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: