Գլխավոր դատախազությունը, քննչական կոմիտեն ամեն կերպ փորձում են ազատել պատասխանատվությունից ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդուն՝ Նարեկ Կարապետյանին: Նարեկ Կարապետյանը, ըստ գործարար Վահե Պարազյանի հաղորդման, ծեծի է ենթարկել իրեն և Սամվել Կարապետյանի պահանջով 10 մլն եվրո է պահանջել, ասելով. «Երկու տարում ինչ փող որ աշխատել ես, էդ էլ մեզ պետք է տաս»։
Նարեկ Կարապետյանի փաստաբան Արեմն Ֆերոյանը հերքում է բոլոր մեղադրանքները, վստահեցնելով, որ դրանք Պարազյանի երևակայության արդյունքն են, որ նա անբարեխիղճ գործարար է և ՌԴ-ում շատերին է «քցել»:
Նարեկ Կարապետյանը մեղադրվում էր քրեական օրենգրքի 118-րդ հոդվածով՝ «Ծեծը», և 182-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ կետով՝ շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Այժմ քննչական կոմիտեն փոխել է մեղադրանքի ծավալը, վերացնելով շորթումը: Իրենց որոշումների մասին քննիչները օլիգարխիկ ընտանիքից տուժած երիտասարդին չեն տեղեկացրել: Դեկտեմբերի 11-ին նրան կանչել են քննչական և մի թուղթ են տվել ձեռքը, հայտարարելով նախաքննության ավարտի մասին:
Հիշեցնենք, որ Պարազյանը ներկայումս սնանկ ճանաչված «Կապստռոյ ռեմոնտ» /«КапСтройРемонт»/ կազմակերպության ղեկավարն էր, որը ժամանակին մրցակցում էր Սամվել Կարապետյանի հետ ռուսական «Գազպրոմ» ընկերության պատվերների համար: Օլիգարխը դուրս մղեց «Կապստռոյ ռեմոնտը» մրցակցությունից, Պարազյանից խլեց նրա բիզնեսը, սնանկացրեց գործարարին, և հիմա էլ, երբ վերջինս Հայաստան է արտագաղթել, 10 մլն եվրո է պահանջում նրանից: Գործարարը հրաժարվում է Կարապետյանների պահանջները կատարելուց: Նրան ծեծի են ենթարկել և սպառնալիքներ են տվել:
Եթե շորթման մեղադրանքը վերացվում է, ստացվում է, որ ծեծը, որի արդյունքում Պարազյանը մարմնական վնասվածքներ է ստացել, որևէ դրդապատճառ չի ունեցել:
«Հայտարարել են նախաքննության ավարտը, և Վահե Պարազյանին անգամ տեղյակ չեն պահել, թե ինչ հոդվածներով է նախաքննությունը ավարտել: Արարքի վերավորակումներ է կատարել, որոշումներ է կայացրել առանց մեզ տեղյակ պահելու , — գանգատվում է Վահե Պարազյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը, — շարժառիթն եղել է շորթումը, սակայն Սամվել Կարապետյանին սրբելու համար Կարենի տղային էլ հետը սրբել են»:
Մինչ այդ դատախազությունը որոշում էր ընդունել գործով որպես վկա հարցաքննել Սամվել Կարապետյանին, սակայն վերջինս չներկայացավ քննչական մարմին և ռուսաստանյան հեռուներից նամակ գրեց ՀՀ իրավապահներին, որով տեղեկացրեց ՀՀ իրավապահներին, որ այս գործով ցուցմունք տալով, կխախտվեն իր սահմանադրական իրավունքները:
Ցուցմունք տալուց հեռակա կարգով հրաժարվելու իրավական ռեժիմ և գործիքակազմ
ՀՀ օրենքներով նախատեսված չեն, սակայն քննչական կոմիտեն և դատախազությունը ակնհայտ հովանավորչություն դրսևորելով օլիգարխի նկատմամբ, անմիջապես ընդունեցին նրա փաստարկները և հայաստանյան լրատվամիջոցներով տարածեցին նրա նամակը, այսպիսով, նաև PR ծառայություն մատուցելով օլիգարխին:
Ավելի վաղ, դեռևս նախաքննության սկզբում տուժող Վահե Պարազյանի համար ակնհայտ էր, որ քննիչները հովանավորում են Նարեկ Կարապետյանին: Նրա ընկերներին, որոնք նույնպես մասնակցել են գործարարի ծեծին, մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել:
Նարեկի հետ առերևեսման ժամանակ նրանք կանգնած են եղել դրսում։
«Քննիչներից մեկն էլ հետները կանգնած, ծխախոտ էր վառում: Ես զանգեցի քննիչներին, ասեցի, որ ծեծողները դրսում են կանգնած, սակայն ստացա «զրո» արձագանք», — ավելի վաղ ասել էր Վահե Պարազյանը Forrights.am-ին։
Նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը, զգալով, որ իր պաշտպանյալին վտանգ է սպառնում, դիմել էր ԱԱԾ մարմիններին, խնդրելով ապահովել նրա անվ տանգությունը և կրկին զրո արձագանք է ստացել:
Ինչն է պատճառը, որ ՀՀ իրավապահները ակնհայտորեն հովանավորում են Կարապետյանններին: Եթե դուք ապրում եք Հայաստանում, ապա անպայման գիտեք այս հարցի պատասխանը: Սամվել Կարապետյանի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի պատճառը նրա շռայլ գումարային ռեվերանսներն են նոր իշխանության կողմը: Նա վարչապետ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած բարեգործական հիմնադրամների նվիրատուների ցանկում է:
Նոյեմբերին Կարապետյանը ահռելի գումար փոխանցեց «Հայաստան>> համահայկական հիմնադրամին՝ 1,5 մլն դոլար: Փաշինյանի կառավարությունն էլ իր հերթին է հովանավորում Սամվել Կարապետյանին, օգնում է նրան մենաշնորհ հաստատել Հայաստանի էներգետիկ շուկայում:
Սամվել Կարապերտյանն է աշխատացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ն, նրան են պատկանում «Բաշխիչ ցանցերը», որոնց համար Հայաստանը 2017 թվականից ահռելի վարկեր է վերցնում Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկից, իսկ վերջերս ռուսական «Կոմերսանտ» թերթը գրեց Կարապետյանի հետ նախապատրաստվող նոր գործարքի մասին՝ «Ռուսհիդրո» ընկերությունը մտադիր է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը վաճառել Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբի կառույցներին:
Հնարավո՞ր է, որ Սամվել Կարապետյանի մուծումներն են նոր իշխանության «ֆոնդերին» նրա նկատմամբ իրավապահների հովանավորչության պատճառը: Այս հարցին Վահե Պարազյանի փաստաբանը պատասխանում է․ «Մի բան կարող եմ ասել՝ Ֆոնդերով մարդ չեն ծախում: Կարող է, նա վաղը փող տա ու Վահեի գլխին մեկուսարանում ինչ ասես, սարքեն: Այս ամենը, նաև քննչական մարմինների այս պահվածքը ուղղված է կյանքի իրավունքին: Ես կյանքի ու իրավունքի խախտման փաստ եմ տեսնում»:
Իրավիճակը վտանգավոր է նրանով, որ Վահե Պարազյանի դեմ քրեական հետապնդում են իրականացվում ՌԴ իրավապահները: Պարազյանը վստահեցնում է, որ դրան Սամվել Կարապետյանը հասել է օգտագործելով իր կապերն այս երկրում: Եթե ՌԴ իշխանությունները հետախուզում հայտարարեն և պահանջեն Պարազյանին, ապա նրա կյանքը կրկնակի վտանգված է լինելու:
Սեդա Սաֆարյանը Վահե Պարազյանի գործով բողոք է պատրաստում և մի քանի օրից այն ուղարկելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա նաև պատրաստվում է դիմել դատարան և պահանջել, որ Վահե Պարազյանի ցուցմունքները հիմք ընդունել և բավարար ապացույցների համակցության պարագայում շորթման փաստով մեղադրյալ ներգրավել:
«Այս տղայի կյանքին վտանգ է սպառնում, Սամվել Կարապետյա նը փողեր ունի, էդ փողերով կարող է Հայաստանում ու Ռուսաստանում ինչ ասես, անել, և որևէ մեկը որևէ միջոց չի ձեռնարկում, փաստացի նույն անպատժելիության վիճակն է, ինչ առաջ: Նեմեցին չեն սիրում, Սամոյին սիրում են: Նեմեցին կոպիտ ասած, ուղարկել են Ղարաբաղ, Սամոյին էլ թողել են ստեղ, մեզ «ուտում» է: Բայց մենք նման ընտրություն չենք արել: Մենք չենք ասել, որ հեղափոխությունից հետո նախընտրելի օլիգարխներ են լինելու», — վրդովվում է Սեդա Սաֆարյանը, որը հեղափոխության կողքին կանգնած հայտնի փաստաբաններից մեկն է:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: