«Տեփանոսյանին ոստիկանները զոհ են տվել, որպեսզի գրոհ կազմակերպեն»․ Սմբատ Բարսեղյանը դատարանում ցուցմունք տվեց

0
243

«Սասնա ծռեր» խմբի տաս անդամների գործով դատական նիստում շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը։

Այսօր դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը։ Նշենք նաև, որ նրան է մեղսագրվում նաև երկու ոստիկանի սպանություն:

Սմբատ Բարսեղյանը նախկին իշխանություններին մեղադրեց իշխանությունհը զավթելու և իր ձևակերպմամբ՝ դավաճանական գործողությունների մեջ։ Նրա խոսքով` հանքերի ոչ ճիշտ շահագործումը աղտոտում էր բնությունը, շահույթը գրպանում էին մի խումբ մարդիկ, հանքերը մասնավորեցվել էին, ընդերքը դատարկվում էր, արտեզրյան ջրերը աղտոտված էին պոչամբարներով: Ըստ նրա՝ այս ամենի «վերջին կաթիլը ապրիլյան պատերազմն է եղել»:

Ոստիկան Արթուր Վանոյանի մահվան հանգամանքներին անդրադառնալով` պատմեց, որ երբ մտել են ՊՊԾ գունդ, Վանոյանը վազել է իրենց դիմաց, սկսել է կրակել իրենց ուղղությամբ, ինքը թաքնվել է պատի հետևում և հորդորել է չկրակել, սակայն Վանոյանը շարունակել է կրակել։ Բարսեղյանը ևս կրակել է պատի ուղղությամբ։

«Այդ ընթացքում հնարավոր է, որ եղած լինեն կրակոցներ նաև ուրիշների կողմից»,- ասաց ամբաստանյալը։

Նա հայտարարեց, որ իրեն նախաքննության ժամանակ ստիպել են, որպեսզի 2016 թվականի ամռանը ՊՊծ գնդի գրավման հետեւանքով ոստիկանների սպանության մեղադրանքն ընդունի.

«Ես երբ ասել եմ նախաքննության ժամանակ, թե ես եմ արել սպանությունը, այն նպատակով էր, որ ես վախենում էի, տղաների նկատմամբ սպառնալիք կար, որպեսզի տղաների նկատմամբ վախի մթնոլորտը քչացնեի։ Տղաներին նախաքննության ժամանակ պատադրում էին, որ այս կամ այն բանն ասեն, հակառակ դեպքում այս կամ այն հոդվածը կդնեն»։

Ինչ վերաբերում է մյուս ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, որի սպանության համար ևս Սմբատ Բարսեղյանն է մեղադրվում, ասաց, որ տանիք բարձրացել է, սակայն չի կրակել։

«Այդ օրերին՝ հուլիսի 29-30-ին, ընդհանրապես կրակոց չի հնչել։ Տեփանոսյանին զոհ են տվել ոստիկանները, որպեսզի գրոհ կազմակերպեն»,- հայտարարել է ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը։

Փաստաբանը հարց տվեց՝ երբևէ կրակե՞լ եք, ինչին ի պատասխան Բարսեղյանն ասաց որ ոչ, նա նաև նշեց, որ վերջին երկու օրերին, նախքան զենքերը վայր դնելը, առհասարակ տանիք չի բարձրացել։

Նշենք, որ մեքենայում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունը վերագրվում է հենց Սմբատ Բարսեղյանին, որ նա գտնվելով շենքի տանիքում դիպուկահար զենքով սպանել է ոստիկանին, մինչդեռ Բարսեղյանը մեղադրանքը չի ընդունում։ Նա պնդեց, թե Յուրի Տեփանոսյանին ոստիկանները զոհ են տվել, որպեսզի գրոհ կազմակերպեն։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here