ՀՀ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:
«Այս նախագիծը չի նպաստում ՍԴ ճգնաժամի լուծմանը»,- այս մասին խորհրդարանում ասաց «ԼՀԿ» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին։
Սիմոնյանի խոսքով, ՍԴ ճգնաժամ գոյություն չունի, և իշխանության ներկայացրած խնդիրները որևէ առնչություն չեն կարող ունենալ այս նախագծով առաջարկվող լուծման հետ. «Արդյունքում ունենում ենք իրավիճակ, որ ձեր նպատակների և ընտրած միջոցների միջև անդունը անընդհատ մեծանում է։
Դուք փաստորեն առաջարկում եք մի նախագիծ, որով օրինականացնում եք անաշխատ եկամուտը»։
Անձինք, ովքեր իշխանության կարծիքով օրենսդրությունը խախտել են, Սիմոնյանի հավաստմամբ, հենց իշխանության նախաձեռնությամբ՝ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի։
«Դուք այս նախագծով ուղարկում եք նրանց վաստակած երիտասարդությունը վայելելու, փոխարենը ստանալով ինչ-որ քաղաքական դիվիդենտներ։ Այս նախագիծը ոչ քաղաքական, որ սոցիալական և ոչ էլ իրավական դիվիդենտներ չունի»,- նշեց Տարոն Սիմոնյանը։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով օրենքի նախագծին, նշեց, որ ՍԴ շուրջ առաջացած «էպոպեայի» ողջ ընթացքում այդպես էլ որևէ իրավական հիմնավորում չի բերվել։
Զոհրաբյանի խոսքով, այս նախագծով իշխանությունը լեգիտիմացնում է պորտաբուծությունը և մարդկանց, ում համարում է հանցագործ և ում պետք է գնդակահարել, պարգևատրում է. «Սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, էստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում, և բնականաբար, գնում եք քաղաքական գործարքի ճանապարհով»։
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը խնդրեց մանիպուլյացիայով չզբաղվել։
Նա նշեց, որ ԲՀԿ-ն միշտ մերժում է փոփոխության գնալու ցանկացած նախագիծ. «Մենք երբևէ չենք ասել, որ այս նախագծով գնում ենք ճգնաժամի լուծման, մենք ասում ենք, որ սա կարող է լինել ճգնաժամը լուծելու քայլերից մակը։ Մենք կարծում ենք, որ կարող է մեկնարկ տրվի ՍԴ-ում խորքային բարեփոխումներ իրականացնելուն»։
ՀՀ կառավարության հեղինակած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:
Ազգային ժողովի նիստում օրենքի նախագիծը ներկայացնելու ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ նախատեսվում է «Սահմանադրական դատարանի մասին» 2018թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով: Մասնավորապես, 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:
Արդարադատության նախարարի տեղեկացմամբ՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է միջազգային փորձը:
Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 75 կողմ և 34 դեմ ձայներով, որոնց գումարվեցին նաև այն պատգամավորների ձայները, որոնք գտնվելով գործուղման մեջ, իրենց դիրքորոշումը հայտնել են նամակով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունել էր նախօրեին:
Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ էր հավանություն տվել օրենսդրական փաթեթին և այն ներկայացրել Ազգային ժողով:
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու օրինագծին:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: